Շահչերաղի նկատմամբ երկրորդ ահաբեկչության նպատակներն ու հարթությունները
Կիրակի՝ օգոստոսի 13-ին, Շիրազ քաղաքում Ահմադ Իբն Մուսայի սրբավայր դամբարանը ահաբեկչական հարձակման թիրախ է դարձել։ Այս հարձակման հետևանքով երկու մարդ նահատակվել է, 8-ը՝ վիրավորվել։
Շահչերաղի սրբավայրի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից մոտ 10 ամիս անց այս սրբավայրը օգոստոսի 13-ին հերթական անգամ ահաբեկչության թիրախ է դարձել։ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ նահատակվել էր 13 մարդ, 20-ը՝ վիրավորվել։ Օգոստոսի 13-ի հարձակման ժամանակ մեկ մարդ նահատակվել է, 8-ը՝ վիրավորվել, սակայն ավելի ուշ վիրավորներից մեկը նույնպես նահատակվել է։ Օգոստոսի 13-ի հարձակումն իրականացվեց հոկտեմբեր 26-ի ահաբեկչության պես, սակայն վերջին հարձակումը շատ ավելի քիչ զոհերով ու վիրավորներով է ավարտվել: Այլ հարց է, որ ի տարբերություն նախորդ հարձակման, վերջին հարձակման ժամանակ հանցագործը ձերբակալվել է հանցագործության վայրում։ Շահչերաղի սրբավայրի վրա կատարված վերջին հարձակման պատասխանատվությունը ստանձնել է նաեւ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը։ Հարցն այն է, թե ինչու 10 ամսից էլ քիչ անց Շահչերաղի սրբավայրը երկրորդ անգամ հայտնվեց ԻԼԻՊ-ի ահաբեկչական հարձակման թիրախում։ Այս հարցին ի պատասխան կարելի է նշել հետևյալ կետերը.
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման զայրույթն իր երկու տարրերի մահապատժի կապակցությամբ
2022թ. Հոկտեմբեր 26-ի հարձակումը Շահչերաղի սրբավայրի վրա իրականացվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից։ Այս ահաբեկչության հեղինակներից երկուսը մահապատժի են ենթարկվել հուլիսի 8-ին։ ԻԼԻՊ-ը, որը չէր ակնկալում իր անդամների ձերբակալությունն ու մահապատժի ենթարկումը, իր օրակարգում ներառեց նոր հարձակում Շահչերաղի սրբավայրի վրա՝ ցույց տալու իր զայրույթն իր ահաբեկչական անդամներին մահապատժի ենթարկելու համար: Այս խումբը նույնիսկ սպառնացել է պատասխան քայլեր կանի մահապատժի ենթարկված իր երկու անդամների համար։
ԻԼԻՊ-ի զայրույթն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ
Իրանում ժամանակ առ ժամանակ ԻԼԻՊ-ի կողմից իրականացվող ահաբեկչական հարձակումների, այդ թվում՝ Շահչերաղի սրբավայրի վրա կատարված վերջին հարձակման հիմնական պատճառներից մեկը պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ այս ահաբեկչական խմբավորման զայրույթով։ ԻԼԻՊ-ն իր կազմակերպության ձախողման ու խալիֆայության կործանման պատճառ է համարում Իրանի Իսլամական Հանրապետության գործողությունները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, հանգուցյալ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ, գլխավոր դերը խաղաց ԻԼԻՊ-ի կազմակերպության ջախջախման գործում։
Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած երկրորդ ահաբեկչության հարթությունները
Անկախ Շահչերաղի սրբավայրի վրա երկրորդ հարձակման ժամանակ ԻԼԻՊ-ի նպատակներից, այս ահաբեկչությունն ունի նաև այլ հարթություններ, որոնցից ամենակարևորներն են՝
1. Դաժան ցնցումների ստեղծում
Անցնող տարում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ թշնամիների գործողությունների նոր փուլ է սկսվել՝ հիբրիդային պատերազմի տեսքով։ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ թշնամիների հիբրիդային պատերազմի հարթություններից է անվտանգային ծանր ցնցումների ստեղծումը։ Թշնամիները եկել էին այն եզրակացության, որ ներքին և տարածքային անվտանգությունը Իրանի Իսլամական Հանրապետության կարևորագույն ձեռքբերումներից է։ Այդ իսկ պատճառով նրանք վերջին տարիներին երկու օրակարգ են հետապնդել. Առաջին, Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններում անապահովության ստեղծում. Աֆղանստանն ու Ադրբեջանը երկու երկրներ են, որոնց միջոցով թշնամիները փորձում են անապահովություն ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններին, սակայն այս գործում դեռևս հաջողություն չեն ունեցել զինված ուժերի պատրաստվածության և զգոնության շնորհիվ: Երկրորդ, Իրանի սահմանների ներսում անվտանգության դաժան ցնցումների ստեղծում. Թշնամիների հիմնական նպատակն է ներշնչել անվտանգության հաստատման համակարգի անկարողությունը և փաստացի կասկածի տակ դնել անվտանգության ոլորտում Իսլամական Հանրապետության հիմնարար ձեռքբերումները։
2. Զուգադիպում՝ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության և Մոնաֆեղին խմբավորման դեմ միջոցառումների հետ
ԻԼԻՊ-ի երկու անդամներ մահապատժի ենթարկվեցին հուլիսի 8-ին. ԻԼԻՊ-ը կարող էր նման հանցագործություն կատարել անցած մեկ ամսում, սակայն այս հանցագործության ժամկետներն արվել են այնպես, որպեսզի ազդեն որոշ քաղաքական իրադարձությունների վրա։ Այդ քաղաքական իրադարձությունների թվում են Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջերս ձեռքբերված համաձայնությունը՝ բանտարկյալների ազատ արձակման և Հարավային Կորեայում արգելափակված իրանական դոլարների ապասառեցման վերաբերյալ, ինչպես նաև Ալբանիայի կառավարության կոշտ քայլերը Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման դեմ, ընդորում վերջին լուրերի համաձայն՝ նրանք պահանջել են, որ այս ահաբեկչական խմբավորման անդամները լքեն Ալբանիայի տարածքը։ ԻԼԻՊ-ի ահաբեկչական հարձակումը Շահչերաղի սրբավայրի վրա իրականացվեց հենց այս ժամանակահատվածում՝ այս կարևոր քաղաքական ձեռքբերումները նսեմացնելու համար:
3. Շահչերաղի 2022թ. հոկտեմբեր 26-ի ահաբեկչության մասին կեղծիքների ապացուցումը
Անցյալ տարվա հոկտեմբերին Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Իրանի վարչակարգի թշնամիները, օգտագործելով իրենց մեդիայի գերիշխանությունը, լայնորեն քարոզում էին, որ այս հարձակումն իրականացվել է վարչակարգի հետ կապված տարրերի կողմից՝ նպատակ ունենալով ժողովրդի մեջ սարսափ առաջացնել և անկարգություններ հրահրել։ Այժմ երկրորդ ահաբեկչությունը, որի պատասխանատվությունը արդեն ստանձնել է ԻԼԻՊ-ը, ապացուցեց նախորդ հոկտեմբեր ամսվա պնդումների և մեղադրանքների կեղծ լինելը։ Շահչերաղի սրբավայրում երկրորդ ահաբեկչությունը խայտառակեց Իսլամական Հանրապետության թշնամիներին.
Վերջին կետն այն է, որ Շահչերաղի սրբավայրում երկրորդ ահաբեկչությունը ցույց տվեց, որ թշնամիները և հատկապես ահաբեկչական խմբավորումները, որոնք գործում են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, իրենց հարձակումներն իրականացնում են կրոնական վայրերում կրոնավոր բազմության դեմ։ Միևնույն ժամանակ, կարճ ժամանակահատվածում հարձակվողի ձերբակալությունը Շահչերաղի սրբավայրի ներսում ծանր հարված էր ԻԼԻՊ-ի ահաբեկչությանը և նրա աջակիցներին։
Բարեկամներ, ավարտվեց այս հաղորդումը: Մինչ հաջորդ հաղորդում, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս: Աստված ձեզ հետ: