Գեղարվեստական հաղորդում (177)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր գործընկերը:
Կիրակի օրը, Թեհրանի «Օսվե» մշակութային համալիրում մեկնարկել է «Ծովահեն թագուհին»՝ ծաղրանկարների ու մուլտիպլիկացիոն կինոնկարների ցուցահանդեսը:
14 արվեստագետները Բրիտանիայի կողմից իրանական նավթային լցանավի կալանավորման թեմայով 40 ծաղրանկարներ ու մուլտիպլիկացիոն կինոնկարներ են ներկայացրել այդ ցուցահանդեսում:
Ցուցահանդեսի պատասխանատու Մասուդ Շոջաին ասել է.«Լրատվական ծաղրանկարչությունը միջազգային լեզու է և հարմար նկատեցինք այդ ծովահենության մասին բոլոր իրողությունները ներկայացնել ծաղրանկարների ու մուլտիպլիկացիոն կինոնկարների տեսքով»:
Սրբազան պաշտպանության և հեղափոխության թեմայով վիզուալ արվեստների միության տնօրեն Մոհամմեդ Հաբիբին այս ցուցահանդեսի անցկացումը քայլ է գնահատել դիմադրության մշակույթի տարածման և Բրիտանիայի խորամանկ կառավարության հանդգնությանը պատասխանելու ուղղությամբ:
«Ծովահեն թագուհին»՝ ծաղրանկարների ու մուլտիպլիկացիոն կինոնկարների ցուցահանդեսը շարունակվելու է մինչև օգոստոսի 16-ը, Թեհրանում «Օսվե» մշակութային համալիրում:

Ամերիկացի ռեժիսոր Ջո Բերլինգերի «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն պատմական վավերագրական ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքում՝ Tribeca կինոփառատոնի շրջանակներում 2017 թ. նոյեմբերի 10-ին: 2017-ին Լոս Անջելեսի կինոփառատոնում «Լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգում այս ֆիլմն արդեն հաղթանակի արժանացել է։
Ռեժիսոր Ջո Բերլինգերը ֆիլմը նկարահանելիս օգտագործել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների հին տեսանյութերը և հանցագործությունների վերաբերյալ պատմաբանների կարծիքները։
Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Քրիստիան Բեյլը, Մայք Մեդավոյը, Էրիկ Բոգոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սարաֆյանը, Շորե Աղդաշլուն և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը:

Վենետիկի 76-րդ կինոփառատոնի կազմկոմիտեն հայտարարել է մրցույթի մասնակիցներին։ indiewire.com-ի հաղորդմամբ, մրցութային ծրագրում ընդգրկվել է 20 ֆիլմ, այդ թվում կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Guest of Honour», ֆրանսահայ կինոբեմադրիչ Ռոբերտ Գեդիկյանի «Gloria Mundi» ֆիլմերը։ Մրցութային ֆիլմ է նաև Ռոման Պոլանսկու «An Officer and a Spy» ֆիլմը։
Վենետիկի 76-րդ կինոփառատոնը կայանալու է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 7-ը։ Փառատոնը բացվելու է Հիրոկաձու Կորեեդի «The Truth» ֆիլմով։ Վենետիկի փառատոնի ժյուրին գլխավորելու է ռեժիսոր Լուկրեսիա Մարտելը։ Կինոարվեստում ունեցած ներդրման համար հատուկ մրցանակ կստանա ռեժիսոր Պետրո Ալմոդովարը։

Կոստան Զարյանի ժառանգները հուլիսի 24-ին Մաշտոցյան Մատենադարանին են նվիրաբերել հայ ականավոր գրողի, բանաստեղծի, վիպասանի և արվեստաբանի ձեռագրերի արխիվը, ինչպես նաև իրենց հոր՝ ճարտարապետ Արմեն Զարյանի ճարտարապետության, քաղաքաշինության, արվեստի մասին տարբեր լեզուներով գրված, անտիպ ու հրատարակված ձեռագիր, մեքենագիր նյութերը:
Նվիրատվության նպատակն է պահպանել, համակարգել, արխիվացնել, ուսումնասիրել, հրատարակել, հանրայնացնել ու թվայնացնել Կոստան Զարյանի գրական, արվեստագիտական, նամակագրական, նոթագրական, կենսագրական ողջ ձեռագիր, մեքենագիր անտիպ և հրատարակված մեծարժեք նյութը։
Հաղորդվում է, որ այսքանով արխիվը դեռ չի ամբողջացել: Առաջիկա ամիսներին Կոստան Զարյանի այլ երկրներում գտնվող արխիվները ևս բերվելու են Հայաստան, որոնց պահպանումը նույնպես վստահվելու է Մաշտոցյան Մատենադարանին:

Լոս Անջելեսում գտնվող «Գրեմմի»-ի թանգարանը դրամաշնորհի տեսքով 200.000 դոլար կհատկացնի ԱՄՆ-ում 15 մասնակցի՝ տարբեր թեմաներով ուսումնասիրություններին, ինչպես նաեւ արխիվացման և պահպանման մի խումբ ծրագրերին աջակցելու համար։
Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության կենտրոնին կհատկացվի հինգ հազար դոլարի չափով դրամաշնորհ՝ հայկական երաժշտական եզակի ստեղծագործությունների ձայնագրությունների թվայնացման համար։
«Այս նախագիծը կենտրոնացած է լինելու Ամերիկայում հայկական սփյուռքի՝ գրեթե 1500 ձայնագրության գույքագրման եւ կատալոգավորման վրա։ Տեղի ձայնագրությունները հիմնավորում են հայերի վաղ պատմությունը Միացյալ Նահանգներում։ Հավաքածուն ներկայացնում է երաժիշտների ձայներ, որոնց սոցիալական, տնտեսական եւ քաղաքական կարգավիճակը նրանց հարկադրել է լքել հայրենիքը»,- նշված է թանգարանի կայքում:

Լոնդոնում հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների երկար անվանացանկը:
Տասներեք հավակնորդների թվում է նաև թուրք գրող Էլիֆ Շաֆակն իր «10 րոպե 38 վայրկյան այս տարօրինակ աշխարհում» վեպով:
Մրցանակակիրը կստանա 50 000 ֆունտ ստեռլինգ (62 439 դոլար):
Գրողը մեծ ճանաչում է ձեռք բերել «Ստամբուլի բիճը» վեպով, որտեղ նա շոշափում է նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը: 2006 թվականին գրողի նկատմամբ գործ էր հարուցվել՝ թուրք ազգին զրպարտելու մեղադրանքով:
Մրցանակի հավակնորդների թվում են նաև Մարգարետ Էթվուդը («Ուխտեր»), Քևին Բարրին («Գիշերային նավակ դեպի Տանժեր»), Օյքան Բրեյթուեյթը («Քույրս սերիական մարդասպան է»), Բերնարդին Էվարիստոն և Հեմիշ Համիլտոնը («Աղջիկ, կին, այլ»), Ջոն Լանչեստերը («Պատ») և ուրիշներ:
2019 թվականի հաղթողին կհայտարարեն հոկտեմբերի 14-ին:

Սիբիրում հայտնաբերվել է Սասանյան 4-րդ դարի արծաթե ափսե, Շապուհ Բ-ի պատկերով:
Այս կապակցությամբ հայ նկարիչ Սուքիաս Թորոսյանը ներկայացրել է հետաքրքիր փաստ ափսեի մասին.
«Սիբիրի խանտի-մանտի, նենեցական ինչ որ յուրտայում հայտնաբերել են այս արծաթե ափսեն: Տերերը պնդում են որ դա իրենց սրբությունն է եւ որ այն իրենց նախնիները գտել են անտառում…..Սասանյան 4-րդ դարի ափսեն ինչպես է հայտնվել այնտեղ, այդքան էլ կարեւոր չէ, իսկ բովանդակությունը շատ հետաքրքրական է:
Հավանաբար ափսեի վրա պատկերված է Շապուհ Բ-ն ցուլի վրա հեծած վիրավորում, կամ գերի է վերցնում մեկ այլ ցուլի, ամբողջությամբ հայկական խաչերով զարդարված:Միգուցե այնպես ինչպես Միհրը հաղթում է ցուլին, այս անգամ քրիստոնեություն ընդունած Արշակ-Բ ն է գերեվարվել……չէ որ ինքն էլ էր պարթև»:

Հալեպի «Ալ-Սակտիա» կենտրոնական քաղաքայյին շուկան, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, լիովին վերականգնվել է: Լրագրողներին այս մասին ՌԴ եւ Սիրիայի փախստականների վերադարձի հարցերով միջգերատեսչկան համակարգող շտաբերի համատեղ նիստին հայտնել է Սիրիայի մունիցիպալ կառավարման եւ բնապահպանության նախարար Հուսեյն Մահլյուֆը:
«Հալեպ քաղաքում ավարտվել է«Ալ-Սակտիա» կենտրոնական քաղաքային շուկայի վերականգնումը, որը բացի սոցիալ-տնտեսական նշանակությունից, ունի նաեւ պատմական արժեք եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է», - ասել է Մահլյուֆը:
Առաջիկայում շուկայում կբացվեն առեւտրի կետեր, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, արհեստավորական արտադրության զարգացմանը եւ բնակչութւյան պահանջների բավարարմանը:
Ընդհանուր առմամբ Մահլյուֆի խոսքով՝ հունիսի սկզբից վերականգնվել են 18 կրթական եւ 13 բժշկական հաստատություններ, վերանորոգվել է ավելի քան 22 կիլոմետր ճանապարհ, անցկացվել են ավելի քան 20 կմ էլեկտրահաղորդալարեր, շահագործման է հանձնվել ջրամատակարարման 13 օբյեկտ, 25 հացի փուռ, 42 էլեկտրաենթակայան, 60 արդյունաբերական ձեռնարկություն: Նաեւ կառուցել է էկոնոմ դասի ավելի քան 13 հազար բնակելի շենք: Այս տարի նախատեսվում է ավելի քան 6 հազար նման տներ հանձնել:
Սիրիան պատրաստվում է անցկացնել Դամասկոսի 61-րդ միջազգային տոնավաճառը: Համաժողովին կմասնակցեն մոտ 30 երկրներ: «Միջազգային տոնավաճառի անցկացումը կլինի Սիրիայի հաղթանակի կարեւորագույն ցուցանիշներից մեկը երկրի բազմաթիվ շրջաններում անվտանգության եւ կայունության վերականգնման խնդիրների լուծման գործում», - ասել է նախարարը:

Ավելի քան երեք տասնամյակ շարունակ հանրաճանաչ մուլտհերոսուհի Մինի Մաուսին հնչունավորած դերասանուհի Ռասի Թեյլորը մահացել է 75 տարեկան հասակում:
Walt Disney ընկերությունում հայտնել են, որ Թեյլորը մահացել է Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքում:
Նրա մահվան պատճառները դեռեւս հայտնի չեն:
Ռասի Թեյլորը հնչունավորել է մուլտհերոսներին 1986 թվականից ի վեր: Նրա աշխատանքներից են Բարտ Սիմպսոնի դասընկերոջ՝ Մարտինի ձայնը «Սիմպսոնները» մուլտիպլիկացիոն սերիալից:
Դերասանուհին ամուսնացած էր Միկի Մաուսին հնչունավորած Ուեյն Էլվայնի հետ, որը մահացել է 2009 թվականին:

Գերմանիան Իտալիային է վերադարձրել Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահից Երկրորդ աշխարհամարտի տարիներին գողացված «Ծաղիկներով ծաղկամանը» նկարը, որը պատկանում է հոլանդացի գեղանկարիչ Յան վան Հոյսումի (1682-1749) վրձնին:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, XVII - XVIII դարերի դասական հոլանդական նատյուրմորտի փոխանցման արարողությունը տեղի է ունեցել երեք նախարարների՝ Իտալիայի ԱԳ նախարար Էնցո Մոավերո Միլանեզիի, նրա գերմանացի գործընկեր Հայկո Մաասի և Իտալիայի մշակույթի նախարար Ալբերտո Բոնիսոլիի մասնակցությամբ, որոնք ստորագրություններով արձանագրել են ստեղծագործության փոխանցման օրինականությունը:
Նշվում է, որ Մաասին է հանձնվել գեղանկարի կրկնօրինակը՝ «գողացված է» իտալերեն, գերմաներեն և անգլերեն գրությամբ: Այդ կտավը գտնվել է Իտալիայի ամենից շատ այցելություններ ունեցող թանգարաններից մեկում: