Գեղարվեստական հաղորդում (198)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:
------------------
Թեհրանի «Վահդաթ» համերգասրահը դեկտեմբերի 19-ին լեփ-լեցուն էր արվեստասեր հանդիսատեսով: Բոլորը հոտնկայս ծափողջույններով ունկնդրեցին մայեստրո Ռազմիկ Օհանյանի ղեկավարած, Իրանի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի կատարմամբ «Հայկական երաժշտության երեկո»-ն:
Հայտագրում ներառված էին հայ կոմպոզիտորների փայլուն, ոգեշունչ եւ յուրահատուկ ստեղծագործություններ՝ ընտրված դասական եւ ժողովրդական ժանրերից: Հանդիսատեսը ունկնդրեց Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Խաչատուր Ավետիսյանի եւ մայեստրո Լորիս Ճգնավորյանի ստեղծագործությունները:
«Հայկական երաժշտական երեկո»-ին իրենց բացառիկ կատարումներով հանդես եկան Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողովրդական երգերի բաժնի վարիչ Սամվել Գալստյանը, Երեւանի օպերայի սոլիստներից՝ Վահան Բադալյանը՝ դասական եւ օպերային արվեստի երգիչ, դուդուկահար Սարո Պողոսյանը, որոնք մայեստրո Ռազմիկ Օհանյանի հրավերով էին Իրան ժամանել: Դաշնամուրի մոտ էր իրանահայ արհեստավարժ դաշնակահար Ալվին Ավանեսյանը, ով կատարեց Առնո Բաբաջանյանի նոկտյուրնը:

Դեկտեմբերի 21-ի երեկոյան, Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում տեղի ունեցավ յուրահատուկ միջոցառում նվիրված Հ. Մ. «Արարատ» կազմակերպության 75-ամյակին:
Միջոցառման սկզբում, Հ.Մ.Ա.Կ.-ի «Արվեստից» միության անդամ Անի Հաքյանը իր ընթերցած բացման խոսքի մեջ համապարփակ գծերով անդրադարձավ 75-ամյա«Արարատ»-ի աշխատանքներին, թե՛ մշակութային, եւ թե՛ մարզական կյանքում:
Ապա ելույթներով բեմ բարձրացան կազմակերպության «Արարատ» երգչախումբը, ղեկավարությամբ՝ Արփի Սիմրոջյանի եւ դաշնակահար Ալին Թաշճյանի եւ «Արարատ» պարախումբը՝ Անահիտ Ավետյան-Մանուկյանի տնօրինությամբ եւ Լինետ Սարգսյանի փորձավարությամբ:
Միջոցառման յուրահատկությունը պայմանավորված էր նրանով, որ միայն կանանց խմբերը ելույթով հանդես եկան, նույն սեռի լսարանի համար, որոնք իրենց ծափողջույններով գնահատեցին «Արարատ» անսամբլի ելույթը:

Չորեքշաբթի, դեկտեմբերի 18-ին «Վահդաթ» դահլիճում կայացած իրանահայ նշանավոր դաշնակահար մայեստրո Ռաֆայել Մնացականյանի տարեկան համերգի ընթացքում նրան է շնորհվել «Արվեստի առաջին կարգի շքանշան», որը արվեստի բնագավառում երկրի ամենաբարձրակարգ շքանշանն է համարվում:

«Նաիրի» հրատարակչությունը Թեհրանում վերահրատարակել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի «Հնարամիտ բադի ճամփորդությունը» (Անդրանիկ Խեչումյանի թարգմանությամբ)։
Առաջին անգամ գիրքը տպագրել էր պարսկական «Սաքու» հրատարակչությունը։
Գրքի թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանն արժանացել է Պարսկաստանի՝ տարվա լավագույն թարգմանչի մրցանակին։

Չորեքշաբթի, դեկտ. 18-ին, Ֆրանսիայում մեկնարկել է իրանական ֆիլմերի փառատոն, որի ընթացքում 6 օրերի ընթացքում ցուցադրվելու է 6 ֆիլմ, իսկ եզրափակիչ օրը հանդիսատեսի քվեարկությամբ ընտրվելու են երեք լավագույն ռեժիսորները:
Փառատոնին մաս կազմող ֆիլմերի շարքում է իրանահայ ռեժիսոր՝ Անահիտ Աբադի «Եվա»-ն: Անահիտ Աբադից բացի փառատոնին ներկա են մյուս հինգ ֆիլմերի ռեժիսորները: Անահիտ Աբադն այս մասին տեղեկացնելով հավելել է, որ թեեւ ֆիլմերը ցուցադրվում են միեւնույն սեանսերին, դարձյալ կինոսրահները մնում են առանց դատարկ նստարանների:
Նա հավելեց, որ ֆիլմերը կրկնօրինակված չեն եւ ցուցադրում են ֆրանսերենի թարգմանված վազող տողերով: Իսկ յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրությանն է հաջորդում լրագրողների ու կինոքննադատների մասնակցությամբ մամլո ասուլիսը:
Նշելի է, որ Բորթայնի իրանական ֆիլմերի փառատոնը տեղի է ունենում «Իրան-Ֆրանսիա» մշակութային կապերի կենտրոնի, Վիտղէի քաղաքապետարանի, «Գառո Մեդիա» հաստատության, ինչպես նաեւ «Ֆարաբի» կենտրոնի համագործակցությամբ:

Արձակագիր Աբիգ Ավագյանը, որը 1946 թվականին Պարսկաստանից ներգաղթեց Հայաստան և իր ուրույն տեղը զբաղեցրեց գրական ասպարեզում, այս տարի կդառնար 100 տարեկան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նրա վաստակն արժևորելու նպատակով դեկտեմբերի 19-ին Հայաստանի գրողների միությունում գրական հանդիսություն անցկացվեց:
Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ Աբիգ Ավագյանը շատ հետաքրքիր թեմատիկ ուղղվածությամբ գրող էր: «Նրա գործերում պարսկական իրականությունն էր իրեն հատուկ շերտերով: Հեղինակի «Հարավային տենդ» գիրքը հրաշալի էր, և լայն արձագանք ստացավ ընթերցողների ու գրականագետների շրջանում: Ավագյանը ներկայացրեց մի կյանք, որը մեզ ծանոթ չէր, նա բերեց իր ուրույն ոճն ու անշփոթելի ձեռագիրը: Մինչև կյանքի վերջ էլ Աբիգը հիանալի պատմվածքներ գրեց»,-նշեց Միլիտոնյանը:
Արձակագիր, գրականագետ Նորայր Ադալյանի խոսքով` Ավագյանը գրական ասպարեզ եկավ մեծագույն գրողների`Բակունցի, Թոթովենցի, նրանց սերնդակիցների մահից հետո: «Քառասուն-հիսնականներին ինչ-որ չեզոք դաշտ ստեղծվեց մեր գրական դաշտում. գրականությունը խոսում էր ոչ գրական լեզվով, և տեղի ունեցավ ներգաղթ, ինչի արդյունքում երևան եկան հիանալի գրողներ, որոնցից էր Աբիգ Ավագյանը: Նա տարբեր ժանրերում է ստեղծագործել, բայց լավագույն վաստակը պատմվածքն է: Աբիգը Պարսկաստանից եկած հայ էր, բայց կեցվածքով, պատմվածքներով եվրոպական մշակույթի կրող էր»,-շեշտեց Ադալյանը:
Աբիգ Ավագյանը ծնվել է Թեհրանում: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական, պարսկական, ֆրանսիական դպրոցներում և ամերիկյան քոլեջում։ 1939 թվականին զորակոչվել է բանակ և որպես ռազմական օդաչու ծառայել մինչև 1941 թվականը։ 1946-ին ներգաղթել է Հայաստան: Ավարտել է ԽՍՀՄ գրողների միության առընթեր գրական բարձրագույն դասընթացները։ Որպես խորհրդական աշխատել է Հայաստանի գրողների միությունում:
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի սարկավագների երգչախումբը` Շահե Քեշիշյանի ղեկավարությամբ Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ շրջագայություն է ունեցել Եվրոպայում` կատարելով մեծն Կոմիտասի բազմաթիվ ստեղծագործություններ:
«Ելույթներ ենք ունեցել եվրոպական երեք երկրի`Հոլանդիայի, Բելգիայի և Իտալիայի յոթ քաղաքում: Հանդես ենք եկել հայկական եկեղեցիներում և կաթոլիկ մեծ տաճարներում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շահե Քեշիշյանը:
Նրա խոսքով` համերգներին ներկա են եղել ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչներ, այլև օտարերկրացիներ, անվանի հյուրեր, դեսպաններ և այլք:
«Հյուրերն իրենց ընդգծված հիացմունքն էին հայտնում, թաց աչքերով ու փշաքաղված էին լսում երգչախմբի կատարումները: Նրանք շնորհավորում էին մեզ` նշելով, որ հրաշալի երաժշտություն է եւ ֆանտաստիկ կատարումներ են: Շատ տպավորված ենք. համերգները հոտնկայս ծափահարություններով էին ընդունվում»,-պատմեց Շահե Քեշիշյանը:
Նա շեշտեց, որ երգչախմբում ընդգրկված են Գևորգյան ճեմարանն ավարտած 15 սարկավագ: «Խորհրդանշական էր այն, որ համերգներով կարողացանք ընդգծել Կոմիտասի և ճեմարանի կապը, քանի որ Կոմիտասը եղել է ճեմարանի սան, հետագայում դասավանդել է այնտեղ»,-ասաց նա ու հավելեց, որ երգչախմբի հետ համագործակցում է առաջին անգամ և հույս ունի, որ այն դեռ կշարունակվի, և իրենք հանդես կգան նաև այլ երկրներում:

Հովհաննես Թումանյանի թանգարանում բանաստեղծի 150-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի շրջանակում կայացավ «Ես միշտ հոգի…(50-100-150)» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսում ներկայացված էին Թումանյանի երեք հոբելյանական տարուց՝ 50, 100, 150 հետաքրքիր դրվագներ՝ ցուցադրական նոր լուծումներով:
Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշեց, որ ցուցահանդեսում շղթայված է երեք 50-ական, որոնցից յուրաքանչյուրը ներառում է բանաստեղծին վերաբերող իրեր:
«Ցուցահանդեսի խորագիրը Թումանյանի հայտնի քառյակներից մեկի բանաձևումն է, որը խորհրդանշում է նրա հավերժությունը: Մեր ցուցադրությունը հենց այդ տրամաբանությունն ունի: Սրահի առաջին հատվածում տեղակայված են Թումանյանի 150-ամյակին նվիրված նմուշներ, որոնք դեռևս ամփոփված չեն: Երկրորդ մասում տեղ են գտել բանաստեղծի 100-ամյակի վերաբերյալ մի շարք տեսագրություններ, ձայնագրություններ, իսկ երրորդ հատվածում տեղ է գտել գրողի 50-ամյակը և այդ տարիներին վերաբերող նմուշներ: Այստեղ շղթայել ենք երեք 50-ական»,- ասաց Եղիազարյանը և հավելեց, որ ցուցահանդեսի միջոցով իրենք փորձել են փոխանցել Թումանյանի ողջ զգայական դաշտը:
Տարիների շարունակ թանգարանին ի պահ է տրված եղել մեծանուն գրողից մասունք՝ նրա մազերի մի փունջ, որի մասին երբևէ չի խոսվել: 150-ամյակի հոբելյանական տարվա ծրագրերի շրջանակում թանգարանը որոշել է այն հասու դարձնել լայն հանրությանը:
Թանգարանի հիմնական ցուցադրությունը կհամալրվի միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերի հրաշալի աշխատանքով, որը հեղինակի նվերն է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին:
«Նման միկրոքանդակ ստեղծելու միտքը պատկանում է հենց Անիին և ես ուղղակի այն իրագործել եմ: Այդ քայլն ինձ համար շատ պատասխանատու էր, քանի որ գործ ունեինք Թումանյանի մասունքի հետ: Իհարկե, ես մեծ սիրով համաձայնեցի, որովհետև սա ինձ համար մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն: Մի քանի ամիս Դսեղում աշխատել եմ այդ քանդակի ստեղծման համար: Աշխատանքն ավարտել եմ ընդամենը մի քանի օր առաջ»,- նշեց միկրոքանդակագործը:
Տեր-Ղազարյանը Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվեց «Հովհաննես Թումանյան 150» հուշամեդալով և հավաստագրով:

Լյուդվիգ վան Բեթհովենի Տասներորդ սիմֆոնիան, որն անավարտ է մնացել նրա մահվան պատճառով, ավարտվելու է արհեստական բանականության տեխնոլոգիայի օգնությամբ: Այս մասին գրում է kulturomania.ru կայքը, հղում անելով Le Figaro-ին:
Արդեն հայտնի է, որ որ մասնագետներն օգտագործելով մեքենայական ուսուցման մեթոդները և ծրագրերը, վերլուծում են կոմպոզիտորի ամբողջ առկա ժառանգությունը: Ելնելով հայտնաբերված ալգորիթմներից՝ արհեստական ինտելեկտը կստեղծի պարտիտուրայի շարունակությունը:
Արդյունքը կներկայացվի 2020 թվականի ապրիլի 28-ին Բոննում, որտեղ Բեթհովենի 250-ամյակի առիթով անցկացվելու է տոնակատարություն: Ծրագրի շնորհանդեսը լինելու է միջոցառման գլխավոր իրադարձություններից մեկը:
Լյուդվիգ վան Բեթհովենը մահացել է 1827 թվականին: Նա չի կարողացել ավարտին հասցնել արդեն սկսած Տասներորդ սիմֆոնիան: