Գեղարվեստական հաղորդում (213)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում ինչպես միշտ կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում դադարեցվել են բոլոր հասարակական աշխատանքները, ի շարս դրանց նաև գեղարվեստական միջոցառումները: Այդուհանդերձ մշակութային կյանքը շարունակվում է և այս թողարկման ընթացքում կանդրադառնանք այդ կապակցությամբ լուրերին: Ընկերակցեք մեզ։
Ինչպես մի շարք այլ մշակութային կառույցներ, այնպես էլ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հանդիսատեսին գեղեցիկի հետ հաղորդակից դարձնելու նպատակով օնլայն հարթակում ներկայացնում է մի շարք բեմադրություններ: Թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղվում են ներկայացումներ, որոնք այլևս խաղացանկում չեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մարտի 26-ին ցուցադրվել է Գր. Գորինի «Հիշատակման աղոթք», ապրիլի 2-ին՝ Ա. Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն միամիտ է լինում» բեմադրությունները, իսկ ապրիլի 9-ին թատրոնն առցանց ներկայացրել է Ժ. Բրիկերի և Մ. Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները», ապրիլի 13-ին՝ Էդ. դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»-ն: Բեմադրությունների հեղինակն Ալեքսանդր Գրիգորյանն է, իսկ տեսագրման ռեժիսորը՝ Գայանե Առաքելյանը:
Թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը տեղեկացրեց, որ տեսագրությունները շարունակում են հասանելի լինել նաև ցուցադրությունից հետո: «Կարծում եմ՝ այս օրերին, երբ կյանքն իրապես փոխվում է, թատրոնների աշխատանքը նույնպես պետք է ինչ-որ կերպ վերանայել: Անհրաժեշտություն է ունենալ բոլոր ներկայացումների տեսատարբերակները: Պարզապես մեկ կամ երկու տեսախցիկով նկարահանված ներկայացումն այնքան էլ չի համապատասխանում մերօրյա պահանջներին, իսկ դա մեծ խոչընդոտ է ոչ միայն մեր, այլև հանդիսատեսի համար: Խոսքը և՛ ռուսական, և՛այլ թատրոնների մասին է: Դա ապագայի խնդիր է, և այս օրերը բոլորիս նոր մարտահրավերներ են նետում, զարգացման նոր գաղափարներ տալիս»,-նշեց Մխիթարյանը:
Անդրադառնալով սպասվող առաջնախաղերին՝ թատրոնի տնօրենը հույս հայտնեց, որ երկրում տիրող սահմանափակումների վերացումից հետո, իրենք կավարտեն նոր ներկայացումների փորձերը: «Նախատեսվում է երիտասարդ բեմադրիչներից մեկի՝ Դիանա Բաբայանի դեբյուտը: Նա նոր է ավարտելու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և մեր թատրոնում ներկայացնելու է «Վարշավյան մեղեդի» ներկայացումը: Հրավիրված ռեժիսոր Գոռ Մարգարյանը բեմադրում է «Գարդենիա» գործը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը շուտով սկսելու է «Բալի այգին» ներկայացումը: Ապրիլի 21-22-ին մեր փոքր բեմում նախատեսել էինք Մանվել Խաչատրյանի բեմադրությամբ Դոստոևսկու «Խեղճ մարդիկ» ներկայացման առաջնախաղերը»,-պատմեց Մարիաննա Մխիթարյանը:
Թատրոնը նաև այլ ծրագրեր ունի. հնարավոր է օնլայն հարթակում հետաքրքիր նախագծեր իրականացնի՝ գուցե պոեզիա, գուցե ներկայացումների փորձեր, բեմադրություններ և այլն: «Մեր հանդիսատեսը կարող է նորությունների սպասել: Մենք աշխատում ենք ու անհամբեր սպասում, թե երբ է թատրոնը կրկին իր դռները բացելու թատերասերների առաջ, որը հնարավորություն կունենա դիտել նոր ներկայացումներ»,- շեշտեց թատրոնի տնօրենն ու հավելեց, որ թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջն ունի նոր խորագիր: Այն կոչվում է «Պահոց», որի շրջանակում ներկայացվում են Առաջին ալիքի «Կուլիսներ» հաղորդաշարի անդրադարձները:
Վիրտուալ տիրույթում հետևորդների մեծ ակտիվություն է նկատվում: Առաջիկայում նախատեսվում են նոր խորագրեր, վիկտորինաներ:

Հայաստանում արտակարգ դրության հայտարարումը չի խանգարել նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին շարունակել ապահովել գրադարան-ընթերցող կապը։
Այս օրերին գրադարանի աշխատակիցներն օգտվել են առցանց հարթակից՝ ընթերցողների հետ կապը պահպանելու համար օգտագործելով մի շարք գործիքներ։
Գրադարանի ֆեյսբուքյան էջով իրականացվել է աուդիոգրքերի և էլ. գրքերի ցանկերի տրամադրում ընթերցողներին։ Սա հնարավորություն է ընձեռել կարդալ կամ լսել գրքերն առցանց հարթակում։ «Հեքիաթի ժամ»խորագրի ներքո երկուշաբթիից-շաբաթն ընկած օրերին գրադարանի հեքիաթասացները մանկահասակ ընթերցողների համար հեքիաթներ են պատմել։ Կիրակի օրերին ընթերցելու և տեսանյութեր հրապարկելու հնարավորություն են ունեցել երեխաները՝ «ընտանեկան ընթերցանության օր» կամ «հեքիաթի օր. կարդում են փոքրիկները, լսում են մեծիկները» խորագրերի ներքո:
Գրադարանի բնականոն աշխատանքն առցանց հարթակ տեղափոխելուն զուգահեռ տարվա հոբելյանական գրողների, նկարիչների, դերասանների, ռեժիսորների ու երաժիշտ-կոմպոզիտորների կյանքի և ստեղծագործությունների վերաբերյալ անդրադարձը նույնպես կատարվել է առցանց հարթակում։ Գրադարանի կողմից պատրաստվել է հոլովակ՝ «հայ նկարիչների հոբելյանական պատկերասրահում» խորագրով։Պոեզիայի համաշխարհային օրը գրադարանը նույնպես տոնել է առցանց հարթակում։ Գրադարանի ընթերցողները հայ և համաշխարհային պոեզիա են ընթերցել ֆեյսբուքյան էջի հետևորդների համար:
Առցանց հարթակում իրականացվել են նաև գրքի քննարկումներ, գրական, ճանաչողական, ուսուցողական խաղ-վիկտորինաներ՝ հայերեն և անգլերեն լեզուներով, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտումներ և այլն:

Անգլիացի մեծանուն դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա տարբեր երկրների թատրոններում բեմադրված լավագույն ներկայացումները թատերասերները կարող են դիտել Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումները վիրտուալ տիրույթում ցուցադրվում են մարտի 25-ից:
Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի տնօրեն, ռեժիսոր Կարո Բալյանի խոսքով՝ իրենք շեքսպիրյան բացառիկ ներկայացումները ձեռք են բերել «Գլոբուս», Շեքսպիրյան թագավորական և այլ թատրոններից: «Անում ենք հնարավորը, որ կարանտինի ընթացքում արվեստասերները յուրահատուկ ներկայացումներ դիտեն՝ լրացնելով իրենց հոգևոր պաշարը»,-ասաց Բալյանն ու հավելեց, որ մինչ օրս ցուցադրել են Յուրի Բուտուսովի «Համլետ»-ը, ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի «Շեյլոկ․ Վենետիկի վաճառականը», Ջերեմի Հերինի «Փոթորիկ»-ը, Եվգենի Պիսարևի բեմադրությամբ «Ոչնչից մեծ աղմուկ»-ը, Դեկլան Դոնելանի «Չափն ընդդեմ Չափի» ներկայացումը, Գրեգորի Դորանի մեկնաբանությամբ «Փոթորիկ»-ը և Էյմունտաս Նյակրոշյուսի «Համլետ»-ը:
Նոր ցուցադրությունների մասին մանրամասներ իմանալու համար Բալյանը հորդորեց հետևել փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջին:

Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
«Դուդուկ հայկական նվագարանը և դրա երաժշտությունը հայկական ժողովրդական երաժշտական մշակույթի բնութագրական դրսևորումներից է, այն տարածված ու կենսունակ է ոչ միայն նվագարանային կատարողական արվեստում, այլև հասարակության մեջ՝ ընտանիքներում, համայնքներում, մշակութային, կրթական տարբեր կազմակերպություններում։
Վերջին տարիներին բազում ծրագրեր են իրականացվում դուդուկի պահպանության, փոխանցման և հանրահռչակման ուղղությամբ, կազմակերպվում են տեղական և միջազգային փառատոներ, ֆլեշմոբեր և այլ միջոցառումներ։
Դրա վկայություններից է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում մեկնարկած «Արի պարի քոչարի» ֆլեշմոբը, որն այս տարի նվիրվում է Դուդուկ (ծիրանափող) հայկական նվագարանին։ Նպատակը` բացահայտել տաղանդավոր դուդուկահարներին և հայկական դուդուկի նվագը ճանաչելի դարձնել համայն աշխարհին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում 2021 թ. գրանցելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ երկու պետություններ՝ Ադրբեջանը և Թուքիան համատեղ հայտ են ներկայացրել «Բալաբանի կատարողական արվեստը և արհեստագործությունը» վերնագրով։ Բալաբան անվանմամբ երաժշտական նվագարանի մասին հայտը դեռևս 2012 թվականից էր Ադրբեջանը ներկայացել ՅՈՒՆԵՍԿՕ գրանցմանը, և գործընթացը կասեցվել էր ու գտնվում էր սպասողական հայտերի ցանկում։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի քննարկմանը կներկայացվի միայն 2021 թ., եթե արժանանա կոնվենցիայի գնահատման մարմնի անկախ փորձագետների դրական գնահատականին։
Նշենք նաև, որ ըստ կոնվենցիայի՝ այս կամ այն երկրի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում որևէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Ցանկում տարրը գրանցելիս, ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) համայնքների, խմբերի կամ անհատ կրողների կողմից տվյալ տարրի մշակութային դրսևորումները, առանձնահատկությունները և կենսունակությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը հայտնել է, որ մարդիկ զուգահեռներ են տանում կորոնավիրուսի համավարակի և իր «Դիմակայություն» գրքի միջև, գրում է Daily Mail-ը։
Գրողը նշել է, որ COVID-19-ի բռնկումը պարբերաբար համեմատվում է 1978-ին հրատարակված իր «Դիմակայություն» (The Stand) գրքի սյուժեի հետ, որում պատմվում է վիրուսի բռնկման մասին․ գրքում մի շարք զուգադիպություններ կան, ներառյալ՝ ԱՄՆ նախագահի հայտարարությունն առ այն, որ պատվաստանյութը շուտով հասանելի կլինի, գրում է աղբյուրը։
Գրողի խոսքով՝ տարօրինակ է, բայց իր մյուս՝ «Մեռած գոտի» գրքի հերոսը չափազանց նման է առաջնորդ Դոնալդ Թրամփին։
«Այս պահին իմ իրավիճակում գտնվելն այնքան էլ հաճելի չէ։ Մարդիկ ինձ շարունակ ասում են․ «Թվում է՝ Սթիվեն Քինգի պատմության մեջ ենք ապրում»։ Միակ բանը, որ կարող եմ ասել ձեզ, ցավում եմ»,- հայտնել է նա։
Գիտաֆանտաստիկ թրիլերում մահացու գրիպի վիրուսը, որը հայտնի է Captain Trips անունով, ստեղծվում է բանակի լաբորատորիայում և առաջացնում է համաշխարհային համավարակ։ Լաբորատորիայի պահակն ընտանիքի հետ փրկվելու համար փախչում է տարբեր նահանգներով ու դառնում մարդկության կործանման պատճառ:
Հիվանդության դեմ ոչ մի պատվաստանյութ չի հայտնաբերվում, ինչի հետևանքով, ի վերջո, մահանում է աշխարհի բնակչության 99 տոկոսը։

Վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել դերասանը, որն իր կարիերայի ընթացքում ամենաշատն է չարագործի մարմնավորել, գրում է Independent-ը:
Նշվում է, որ guarantorloans.com կայքը կազմել է 500 դերասանի վարկանիշային աղյուսակը՝ դրանում ներառելով ամենաշատը չարագործի դերում և բացասական կերպարներով հանդես եկած դերասաններին։
Տասնյակը գլխավորել է հանրահայտ դերասան Ռոբերտ դե Նիրոն՝ իր կերտած 19 դերով։ Դե Նիրոն «Կնքահայրը» ֆիլմի երկրորդ մասում հանդես է եկել Դոն Վիտո Կորլեոնեի դերում, որի համար «Օսկար»-ի է արժանացել, իսկ «Տապ» (1995թ.) ֆիլմում հանդես է եկել Նիլ ՄըքՔոլիի դերում։
Քվենտին Տարանտինոյի «Ջեքի Բրաուն» ֆիլմում նա կերտել է Լուիս Գարայի դերը, իսկ Մարտին Սկորսեզեի 1990 թվականին նկարահանված «Փառավոր տղաներ» գանգստերական ֆիլմում՝ Ջիմի Քոնվեյի դերը։
Երկրորդ տեղում դերասան Պետեր Սթորմարեն է, որը հանեդս է եկել 17 չարագործի կերպարներում, այդ թվում՝ «Մեծ Լեբովսկի» և «Վատ տղաները 2» ֆիլմերում։
Դերասան Ռոն Փերլմանը 16 դերով հայտնվել է երրորդ դերում։ Փերլմանը հանդես է եկել «Ոստիկանական ակադեմիա», «Սևազգեստ մարդիկ» և այլ ֆիլմերում։
Տասնյակում են նաև Թիմ Քարրին, Ջեյմս Վուդսը, Վինի Ջոնսը, Գարի Օլդմենը, Քրիստոֆեր Ուոքենը և այլք։