Մայիս 19, 2020 01:05 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում դադարեցվել են բոլոր հասարակական աշխատանքները, ներառյալ գեղարվեստական միջոցառումները: Այդուհանդերձ մշակութային կյանքը շարունակվում է: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ։

Հայաստանում 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» (I am not alone) ֆիլմը ստացել է իր տասներորդ մրցանակը՝ այս անգամ «RiverRun» միջազգային կինոփառատոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ֆիլմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում, կցված է նաև ժյուրիի հայտարարությունը:

«Ժյուրիի գլխավոր մրցանակը հանձնվում է «Ես մենակ չեմ»-ին, որի ռեժիսորը Կարին Հովհաննիսյանն է: Այս հրապուրիչ ֆիլմը մեզ հիշեցնում է լավագույն վավերագրական կինոարտարդրության ուժը՝ բացելով մեր աչքերը այն պատմության առաջ, որը մենք չգիտեինք, այն ներկայացվում է արտիստիզմով ու վարպետությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

Ֆիլմը գնում է Նիկոլ Փաշինյանի հետքով. լրագրողը և քաղբանտարկյալը դառնում է  քաղաքական ակտիվիստ, քայլերթ իրականացնում ընդդեմ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի:

«Ամեն ինչ սկսվում է նրանից, որ մի մարդ շրջում է երկրով մեկ՝ քայլարշավը մեր աչքի առաջ դարձնելով զանգվածային շարժում: Ֆիլմի դիտումն ավելին է, քան քաղաքական շարժման մասին պասիվ դիտարկումը. Հովհաննիսյանը դիտողին ամբողջովին ընկղմում է պատմվածքի մեջ՝ անօդաչու թռչող սարքերի նկարահանած գեղեցիկ տեսարաններից մինչև շարքային քաղաքացիների բջջային հեռախոսների կադրերը»,-ասվում է հայտարարությունում։

Ժյուրիի կարծիքով՝ ֆիլմը լուսավոր և ոգեշնչող է, ժյուրին նկատել է՝ ընտրելով բարդ թեմա, այն խիստ խմբագրած պատմվածքում հետաքրքրաշարժ կերպով ներկայացվելով՝ ցույց են տրվում բարդ և հրատապ պատմության բազմաթիվ կողմերը: «Ընտրական տարվա կեսին «Ես մենակ չեմ»-ը ժողովրդի ուժի հզոր հիշեցումն է»,-ասված է հայտարարությունում:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019-ին սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում: Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի  գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է:

 

 

Հայաստանի ազգային գրադարանի (ՀԱԳ) սերվերային սարքերում առկա թվայնացված և արխիվացված նյութերը պահպանված են նաև առանձին կրիչներով,  հետևաբար՝ սերվերների վնասվելու արդյունքում անգամ արխիվացված նյութերի կորուստ տեղի չի ունեցել և թվային նյութերի ամբողջականությանը վտանգ չի սպառնում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը՝ անդրադառնալով գրադարանի սերվերները ծխեցված վիճակում հայտնաբերելու մասին լուրին:

«Արտակարգ դրության պայմաններում գրադարանն աշխատել է միայն առցանց, իսկ սերվերները կարգավորվել են հեռավար կերպով: Մայիսի 10-ին ինտերնետ կապի խափանման և ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանների առցանց անհասանելիության պատճառները պարզելու նպատակով ՀԱԳ աշխատակիցները շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններից մեկի ուղեկցությամբ որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերել են ծխեցված վիճակում: Այնուհետև ժամանել է նաև շենքում ծառայություն իրականացնող ԱԻՆ աշխատակիցը»,- պարզաբանեց տնօրենը:

Գրադարանի տնօրինությունը տեղի ունեցածի բնույթը և հանգամանքները պարզելու նպատակով անմիջապես դիմում է ներկայացրել ԱԻ նախարարին, սակայն համապատասխան մասնագետներ դեռ չեն ժամանել գրադարան դեպքի հանգամանքները պարզելու: Քանի որ շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանները և ՀԱԳ անվտանգության աշխատակիցը նշել են, որ հոսանքի տատատումներ և անջատում է եղել, տնօրինությունը դիմում է ուղարկել նաև ՀԵՑ տնօրենին, պլանային և կանխարգելիչ անջատումների ու հոսանքի տատանումների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու խնդրանքով, որին դեռևս պատասխան չի տրվել:

Անդրադառնալով սերվերային սարքերի տեխնիկական վիճակին՝ Սարիբեկյանն ասաց, որ գրադարանի մասնագետի կողմից դրանց արտաքին տեսքի գնահատմամբ վիճակը հուսադրող է, սակայն լիարժեք գնահատական հնարավոր կլինի տալ դրանք ստուգելուց հետո, ինչը հնարավոր կլինի ԱԻՆ-ի կողմից դեպքի քննության և դրա վերաբերյալ արձանագրության տրամադրումից հետո: Այժմ գրադարանը քայլեր է նախաձեռնում ամբողջ աշխատանքային բազան՝ թվայնացված ողջ նյութը, տեղափոխել ամպային համակարգ և այն կրկին հասանելի դարձնել ընթերցող հանրությանը:

Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները մայիսի 9-ից  չեն կարողանում մուտք գործել գրադարանի կայք, որից  անվճար հնարավոր է օգտվել բոլոր օրերին: Հետևորդների բարձրացրած մտահոգությանն ի պատասխան Հայաստանի Ազգային գրադարանը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով, և մասնագետներն աշխատում են սեղմ ժամկետում վերականգնել: Այնուամենայնիվ թեմայի շուրջ համացանցում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ  գրադարանի թվայնացված ամբողջ  արխիվը ոչնչացել է հրդեհի հետևանքով, արխիվ, որի ստեղծման վրա տասնյակ տարիներ աշխատել են բազմաթիվ մասնագետներ:

 

 

Կորոնավիրուսի տարածումը բացասական ազդեցություն է թողել բոլոր ոլորտներում, բացառություն չէ նաև արվեստը: Թատերահամերգային կազմակերպությունները դադարեցրել են կենդանի գործունեությունը՝ այն տեղափոխելով վիրտուալ տիրույթ:

Երևանի մնջախաղի պետական թատրոնը դժվար պայմաններում անգամ չի դադարեցնում աշխատանքը և մասնակցում է Միլանի միջազգային մրցույթ-փառատոնին, որն այս տարի կազմակերպվել է առցանց հարթակում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը պատմել է մրցույթ-փառատոնին մասնակցության, թատրոնի հետագա աշխատանքի և իրեն անհանգստացնող խնդիրների մասին:

Նրա խոսքով՝ մրցույթ-փառատոնը պետք է անցկացվեր Միլանի Թերեզա Պոմոդորոյի Սպացիո թատրոնում, բայց համավարակի ստեղծած պայմաններից ելնելով` ներկայացումները ցուցադրվում են առցանց:

«Սա բավականին լուրջ և ընդգրկուն միջոցառում է, որում ներկայացված բեմադրությունները դատում է միջազգային հեղինակավոր ժյուրին: Մնջախաղի պետական թատրոնը առաջինն է Հայաստանում, որ մասնակցում է այդ մրցույթ-փառատոնին: Ներկայացնում ենք «Արդաղիոն» բեմադրությունը, որն ընտրվել է դեռևս մեկ տարի առաջ: Ներկայացումն արդեն իսկ մայիսի 13-ին ցուցադրվել է  NO'HMA թատրոնի պաշտոնական էջում, ցուցադրվելու է նաև մայիսի 14-ին՝ ժամը 23:00-ին»,-տեղեկացրեց Դադասյանն ու հավելեց, որ առաջին ցուցադրությունը հրաշալի է անցել: Ներկայացումը դիտել է ավելի քան հազար մարդ, այն դեպքում, երբ մասնակից այլ ներկայացումների դիտումները չեն գերազանցել 500-ը:

Նա հիշեցրեց, որ յուրաքանչյուր հինգշաբթի Մնջախաղի պետական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տեղադրվում են թատրոնի խաղացանկի լավագույն ներկայացումները, ինչպես նաև այլ տեսանյութեր: Այժմ նախատեսում են կարճ հոլովակներ նկարահանել: «Ես սպասում էի, որ արտակարգ դրությունը կհանվի, և մենք ինչ-որ կերպ կկարողանանք աշխատել արտիստների հետ: Ամենալուրջ խնդիրը դերասանների «մարզավիճակը» պահելն է: Ճիշտ է, նրանք փորձում են տանը պարապել, բայց անհրաժեշտ են փորձեր, համատեղ աշխատանք: Հարցը քննարկել ենք նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ, և պետք է ինչ-որ մոդել մշակվի, որը հնարավորություն տա վերականգնել մեր փորձերը, գոնե փոքր խմբերով՝ պահպանելով անվտանգության կանոնները»,-շեշտեց Ժիրայր Դադասյանը:

Գեղարվեստական ղեկավարի հավաստիացմամբ՝ իրավիճակն իսկապես շատ բարդ է: Մի քանի օր առաջ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ավարտել է Դադասյանի կուրսը: Նրա խոսքով՝ քննությունն առցանց է անցկացվել: «Բեմադրության նկարահանումից ելնելով է հանձնաժողովը պատկերացում կազմել աշխատանքի մասին: Բարդ է վիճակը հատկապես այն ասպարեզներում, ուր աշխատանքն անմիջական ֆիզիկական հաղորդակցման իմաստով անհրաժեշտություն է»,-ասաց Դադասյանը:

Անդրադառնալով Մնջախաղի պետական թատրոնի շենքի շինարարական աշխատանքներին՝ նա նշեց, որ դրանք ընթացքում են, կան որոշ խնդիրներ, բայց իրենք հույս ունեն, որ մինչև տարեվերջ շինարարությունը կավարտվի:

«Հուսամ՝ մենք կսովորենք ապրել այս վիրուսի հետ և կգտնենք հանդիսատեսի հետ հաղորդակցվելու որևէ եղանակ: Պատկերացնում եմ, թե ինչ մեծ հիասթափություն կլինի մեզ համար, եթե նոր թատրոնի դռները բացենք, բայց չկարողանանք ընդունել թատերասերներին»,- եզրափակեց Դադասյանը:

 

 

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 7-րդ մրցույթ-փառատոնն այս տարի այլ ձևաչափով անցկացվեց. պատանիներն իրենց ստեղծագործությունները ներկայացրին տեսագրությունների տեսքով, իսկ ընտրված տասը լավագույն ստեղծագործությունները մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մեկ միասնական տեսանյութով հեռարձակվեցին մշակութային հարթակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեքսանդր Տոնիկյանի, Արաքս Աշճյանի, Արմեն Մարգարյանի, Արիանա Վարդանյանի, Գրիգորի Բալասանյանի, Էդգար Մխիթարյանի, Էդուարդ Ալեքսանյանի, Ռուբեն Ավագյանի, Սարգիս Առաքելյանի և Սյուզաննա Աղամալյանի ստեղծագործությունները ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական կոնսերվատորիայի և Հայաստանի կոմպոզիտորների միության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջերում:

Լավագույն մասնակիցները արտակարգ դրության ավարտից հետո կպարգևատրվեն պատվոգրերով, իսկ նրանց ստեղծագործությունները կձայնագրվեն Երևանի պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի քաջալերելու պատանի կոմպոզիտորներին անգամ այս օրերին՝ տալով նրանց հնարավորություն լսելի դարձնելու իրենց ստեղծագործությունները մշակութային առցանց հարթակներից:

 

 

Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ կմեկնարկի Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից տեղեկացնում են՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և պանդեմիայի հետևանքով ամբողջ աշխարհում տեղաշարժի սահմանափակումները՝ կազմակերպիչները որոշում են կայացրել մրցույթն անցկացնել առցանց ձևաչափով։ Մրցույթի ամբողջ ընթացքը՝ բացման և փակման համերգները‚ մրցութային փուլերը‚ հեռարձակվելու են Խաչատրյանի մրցույթի պաշտոնական կայքով։

Կազմակերպիչները նաև հետաքրքիր լուծումներ են տվել. ստուգատեսի ամբողջ ընթացքում կկիրառվեն տեխնոլոգիական մի շարք նորարարություններ։ 

Խաչատրյանի անվան միջազգային առցանց մրցույթը կանցկացվի հունիսի 6-15-ը՝ ջութակ մասնագիտությամբ: Կմասնակցեն 16-32 տարեկան երաժիշտներ: Մրցութային ծրագրում ընդգրկված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ։

 

Եվրոպական միությունը թողարկել է Creatives Unite հարթակ, որը կոչված է օգնելու նկարիչներին, կատարողներին և այլ մարդկանց, որոնք աշխատում են մշակույթի և ստեղծարար ինդուստրիաների ոլորտում փոխանակելու տեղեկատվությունը համավարակի պատճառով ընթացիկ ճգնաժամի ժամանակ։ Այս մասին գրում է artguide.com կայքը։

ԵՄ թվային տնտեսության և հասարակության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելն այս նախաձեռնությանը էությունն այսպես է բացատրել. «Կորոնավիրուսը կործանարար տնտեսական ազդեցություն է ունենում մշակութային և ստեղծագործական ոլորտների վրա։ Այդ առցանց-հարթակը  կծառայի ֆորում, որտեղ կարելի է գաղափարներ և նախաձեռնություններ փոխանակել և համատեղ լուծումներ մշակել՝ ի պատասխան ճգնաժամի»: