Օգոստոս 01, 2020 11:52 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները » հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, Իրան-ԵԱՏՄ համագործակցությանը և հայ-ադրբեջանական հակամարտությանը:

 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ԻԻՀ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը: Անդրադարձ է կատարվել ՀՀ հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին տեղի ունեցած գործողությունների ընթացքում մեծ քանակությամբ արդիական ԱԹՍ-ների կիրառման փաստին և դրանց դեմ պայքարի արդյունավետությանը:

Հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային խնդիրները, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթի վերաբերյալ, գնահատվել է դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, տեսակետներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:

---------------------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ին հարցազրույց է տվել ռուսական ՌԲԿ  հեռուստաալիքին, որտեղ անդրադարձել է Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումներին։

Մեկնաբանելով Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները՝ ՀՀ վարչապետը ասել է, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլեւ Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանն ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ:

«Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար:

Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների եւ որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա»,- ասել  է ՀՀ վարչապետը:

----------------------------------

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին օրերին արտասահմանյան մի շարք երկրներում տեղի ունեցած հայ-ադրբեջանական էթնիկ բախումներին և այն հարցին, թե ով և ինչպես կարող է կանխարգելել խնդրի հետագա խորացումը:

----------------------------------

Իսրայելը պետք է անմիջապես դադարեցնի Ադրբեջանին սպառազինության վաճառքը։ Այս մասին իսրայելական The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանին վաճառված սպառազինությունն օգտագործվում է Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար։

Մնացականյանը նշել է, որ չնայած Իսրայելի ու Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին բարելավվել են, Իսրայելը շարունակել է մահացու սպառազինության վաճառքն Ադրբեջանին, ինչը մեծ խնդիր է երկու երկրների համար։

Անդրադառնալով հուլիսյան լարվածության օրերին հայկական զինուժի կողմից իսրայելական անօդաչու սարքերի խոցմանը՝ Մնացականյանն ասել է, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ գործել է անկախ զենքի ծագման երկրից։ «Մեր զինուժը չեզոքացրել է ադրբեջանական զենքերն անկախ դրանց ծագման վայրից», – ասել է Հայաստանի արտգործնախարարը։

---------------------------------

Թեև հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը մի քիչ թուլացել է, բայց դեռ չի ավարտվել: Հակամարտ կողմերը շարունակում են միմյանց մեղադրել հրադադարի խախտման մեջ:

Կասկած չկա, որ երբ պարզվեց, թե ով է հրադադարը խախտել, հնարավոր կլինի  ավելի լավ պայմաններում դատողություն անել մեղավոր կողմի վերաբերյալ:

26 տարի անցել է ԱՄՆ-ի,Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ Մինսկի խմբի  ստեղծումից: Այս տարիների ընթացքում այդ խումբը չի կարողացել ճանաչել հրադադարի ռեժիմը խախտող կողմին:

Փաստորեն Մինսկի խումբը անցած մոտ երեք տասնամյակների ընթացքում չի կարողացել իրականացնել իր ստեղծման հիմնական նպատակը, որն է՝ Ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելը: Այս կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում տեղեկացրել է երկու երկրի սահմանային գոտում տեղակայված հայկական ուժերի կողմից հրադադարի հաճախակի խախտումների մասին: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ նման հայտարարությամբ է հանդես եկել:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումների ընթացքում սա առաջին անգամ է, որ ռազմական բախումներ են տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Թովուզ  հատվածում, որը Վրաստանի հետ սահման ունի: Այս հատվածը ռազմավարական նշանակություն ունի:

ԱՄՆ-ի և Բաքվի կառավարության որոշ արևմտյան դաշնակիցների ծրագրավորումներով, Ադրբեջանի բոլոր էներգետիկ գծերը և  երկաթուղին այդ տարածքով ձգվում են դեպի Վրաստան, այնտեղից էլ Թուրքիա:

Սա այն թույլ կողմերից մեկն է, որ Արևմուտքը, հատկապես Միացյալ Նահանգները պարտադրել են Բաքվի կառավարությանը և ազերի դիվանագետները մշտապես հայտնվում են այս խնդրի առջև:

Հատկանշական է, որ ի տարբերություն  անցած տարիներին տեղի ունեցած վերջին դեպքերի, սա առաջին անգամ է, որ բախումներ են սկսվել Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքից դուրս, այլ տարածքում՝ Թովուզի ռազմավարական տարածքում, որը ռազմավարական նշանակություն  ունի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի էներգետիկ տնտեսության համար:

Փաստորեն, այս տարածքը  համարվում է Ադրբեջանի Հանրապետության՝ դեպի սպառողական շուկաներ տանող տնտեսական մայրուղին: Հատկապես որ  Թովուզի շրջանով է անցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և  Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը:

Այլ կերպ ասած, այս տարածաշրջանը շատ կարևոր դեր է խաղում ինչպես Ադրբեջանի Հանրապետության էներգիայի արտահանման, այնպես էլ Թուրքիայի էներգետիկ անվտանգության ոլորտում

Այդ հարցում խորհելու տեղիք է տալիս,   Սիոնիստական ռեժիմի բացասական դերը,քանի որ Ադրբեջանում վերջին օրերի ընթացքում Սիոնիստական ռեժիմի ազդեցիկ հոսանքները մշտապես ադրբեջանական կողմին հրահրել են շարունակել պատերազմը:

Տարածաշրջանում հակամարտության առկայությունը մի քանի տեսանկյունից կարևոր է սիոնիստների համար:

Նախ՝ սիոնիստները վերջին տարիներին իրականացրել են  զենքի խոշոր գործարքներ, հատկապես ՝ Ադրբեջանի Հանրապետության հետ, և որքան ավելի շատ զինտեխնիկա և զինամթերթ օգտագործվեն, այնքան ավելի շատ  զենքի կարիք կունենա ադրբեջանական կողմը:

Երկրորդ՝ իսրայելցիները տարածաշրջանում ունեն մեկ այլ ռազմավարություն, որն է՝  Արևմտյան Ասիայից անապահովությունը տարածել  այլ տարածաշրջաններ:

----------------------------------------

Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ ընդհանուր ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալն ավելացել է 14 տոկոսով՝ կազմելով 2,416 մլրդ դոլար, հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ հղում անելով Իրանի արտաքին առեւտրի զարգացման կազմակերպությանը։

Արտաքին առեւտրի զարգացման հարցերով կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է՝ չնայած միջազգային առեւտրի անկմանը կորոնավիրուսի պատճառով։ Բացի այդ, ԵԱՏՄ երկրների արտահանումը դեպի Իրան 2019-2020 թվականներին կազմել է 1,736 մլրդ դոլար՝ ավելանալով 13 տոկոսով՝ ի տարբերություն անցած տարված նույն ժամանակաշրջանի։

Ժամանակավոր համաձայնագիրը, որը ենթադրում է ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծում, ստորագրվել է 2018 թվականին Աստանայում․ այն հաստատում է ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ առեւտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույն չափով մոտեցված են Առեւտրի համաշխարհային կազմակերպության դրույթներին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերին։

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio