Մի գավաթ անդորր (221.Խաղի նշանակությունը երեխայի զարգացման գործում)
Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այս թողարկման ընթացքում խոսելու ենք երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և էմոցիոնալ զարգացման գործում խաղի նշանակության մասին։Ընկերակցեք մեզ:
Հայտնի է, որ մինչև դպրոց հաճախելը երեխաների հիմնական զբաղմունքը խաղն է, սակայն շատ ծնողների կարծիքով` այն պարզապես զվարճանք է և անիմաստ ակտիվություն: Ծնողները գերադասում են զարգացնել երեխաների մտավոր ունակությունները պարապմունքների միջոցով, սակայն երեխաների զարգացման մեջ մեծ կարևորություն ունի խաղը, որը պատասխանատու է մի շարք ունակությունների զարգացման գործում: Երեխան խաղի միջոցով իր երևակայությամբ ստեղծում է իրավիճակ, երևակայական աշխարհ լեցուն փորձություններով, որոնցից փորձում է ելք գտնել: Այսպիսով զարգանում է երեխայի երևակայությունը, տրամաբանությունը և հնարամտությունը:
Հոգեբանները նշում են, որ փոքր հասակում երեխաները մոտիվացվում են խաղերի միջոցով, օրինակ` երեխաներն ունեն դպրոցական պարագաներ և տնային պայմաններում ձևավորում են դպրոցական միջավայր: Սովորական տետրի, կարկինի, գծագրական մատիտի միջոցով երեխաները պատկերացում են կազմում դպրոցական դասերի մասին, և մոտիվացվում են սովորելուն: Ինչպես նաև յուրաքանչյուր ուսումնական գործնեություն, որը մատուցվում է խաղի միջոցով` դյուրին է ըմբռնվում երեխաների կողմից, քանի որ խաղային գործնեությունը բնական երևույթ է:
Երեխան խաղի միջոցով ընկալում է մեծ ինֆորմացիա, քանի որ օգտագործում է և´ տեսողական, և´ լսողական, և´ շոշափելիքի զգայարանները: Սոցիալական և հուզական ինտելեկտը նույնպես զարգանում է: Խաղերի միջոցով երեխաները շփվում են միմյանց հետ, հաստատում են նոր ծանոթություններ, կարողանում են ներգրավվել թիմային աշխատանքում և ձեռք են բերում սոցիալական պատրաստվածություն` կյանքի հետագա փուլերի համար: Երեխաները խաղում են կյանքի մոդելով:
Գոյություն ունեն մի շարք խաղեր, որոնք գրավում են երեխաների ուշադրությունը և կենտրոնացվածությունը կոնկրետ առարկաների վրա, օրինակ` «Գտի´ր 10-ը տարբերություն», «Համապատասխանեցրու քարտերը», «Պահմտոցի», «Գուշակիր թվերի ճիշտ հաջորդականությունը» և այլն: Նմանօրինակ խաղերը նպաստում են ոչ միայն կենտրոնացվածության և ուշադրության բարելավմանը, այլև հիշողության, արագ կողմնորոշվելու հմտության զարգացմանը:
***
Սնունդը, խաղը և սիրով լի ու անվտանգ միջավայրը զարգացնում են երեխայի ուղեղի աշխատանքը՝ ամուր հիմք ստեղծելով ողջ կյանքի համար: Խաղը երեխայի իրավունքն է. այն էական նշանակություն ունի երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և էմոցիոնալ զարգացման համար:
Խաղի վրա հիմնված կրթությունը երեխաների մոտ ձևավորում է համագործակցելու կարողություն, ստեղծագործ միտք ու հետաքրքրասիրություն։
Մենք գիտենք, որ զարգանալու և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար երեխաները ավելի շատ խաղի կարիք ունեն այսօր: Խաղից է կախված, թե ինչ հմտություններով կզինվեն երեխաները, թե ինչպիսի մարդ կդառնան նրանք ու թե ինչպիսի աշխարհ կկերտեն միասին:
Խաղը շատ օգտակար է երեխաների, ընտանիքների և ամբողջ հասարակության համար: Առավելություն տվե՛ք խաղին՝ լինի դա իրական կյանքում, թվային աշխարհում, թե երկուսում էլ համատեղ:
Որքան ավելի քիչ վերահսկեք ու կառուցվածքային դարձնեք խաղը, այնքան այն ավելի հետաքրքիր կլինի երեխայի համար: Մի քանի ոգեշնչող ուղղություն տվե՛ք ու թողե՛ք, որ երեխան ինքը ղեկավարի խաղը: Ազատ ու ինքնակառավարվող խաղը երեխաներին ուժ է հաղորդում՝ զարգացնելով ինքնավստահություն և ինքնուրույնություն:
Կարճ ֆիզիկական խաղը կօգնի ծնողներին համապատասխան տրամադրություն ձևավորել հատկապես աշխատանքային երկար օրվա ավարտից հետո: Ընդամենը 10 րոպե խաղը բավական է, որ սիրտը սկսի ավելի արագ զարկել ու բոլորը սկսեն ծիծաղել: Սա շատ կարևոր է ընտանեկան խաղի ժամանակ:
Խաղի հազար տեսակ կա՝ ֆիզիկական, ստեղծարար, էմոցիոնալ, սոցիալական, թվային ու մտավոր: Խաղի բազմազանությունը կարևոր է երեխայի մոտ ավելի շատ հմտություններ ձևավորելու համար: Թույլ տվե՛ք, որ երեխան ինքնուրույն ընտրի խաղի բազմաթիվ տեսակներից՝ ակտիվ խաղ, պատմություններ հորինել, փազլներ, դերային խաղ, ֆանտազիա ու մտածողություն զարգացնող խաղեր և այլն:
Իհարկե, բոլորս էլ սիրում ենք, երբ տունը հավաքված է ու կոկիկ: Դրա համար մենք հավաքում ու մի տեղում ենք պահում բոլոր խաղալիքները: Սակայն երեխաների համար խաղալիքների կույտը թափթփվածություն չէ, դա նրանց համար ստեղծագործ միտք ձևավորելուն օգնող լիքը գործիքներով մի հետաքրքիր միջավայր է: Այս տեսակետն ընդունելը կօգնի իրերին այլ կերպ նայել ու այս ու այն կողմ թափված խաղալիքները որպես խառնաշփոթ չդիտարկել:
Երբ միասին եք խաղում ու երեխան սխալվում է, մի՛ շտապեք դրա մասին ասել նրան: Թողե՛ք՝ երեխան ինքը բացահայտի, որ սխալվել է: Ավելին, հարցրե՛ք նրան, թե ինչու է այդպես ուղղում սխալը: Աջակցե՛ք, ոչ թե ղեկավարեք խաղի ընթացքը: Դա կօգնի նրանց մտածողության զարգացմանը:
Ընտրե՛ք իրական կամ հորինված մի կերպար ու երեխայի հետ սկսե՛ք նմանակել նրան: Ծիծաղելի ձայները, դեմքերն ու շարժումները օգնում են երեխաներին զարկ տալ իրենց պատկերացումներին ու ձևավորել պատմություն պատմելու հմտություններ: Ինչպես նաև, սա կօգնի ձեզ ավելի լավ ճանաչել երեխայի աշխարհն ու միասին լավ ժամանակ անցկացնել:
Երեխաները հաճույքով ու անհամբերությամբ են սպասում հատուկ օրերին/ժամերին, ուստի ընտանիքով խաղի համար հատուկ ժամ ընտրե՛ք, նույնիսկ, եթե դա ընթրիքից 15 րոպե առաջ է: Թողե՛ք, երեխաներն անձամբ ընտրեն խաղի տեսակն ու ձևը: Ինքնուրույն պլանավորելը կօգնի երեխային ավելի ստեղծարար լինել ու զարգացնել որոշումներ կայացնելու հմտությունը:
Բոլորս, այդ թվում նաև երեխաները, տնային գործեր ունենք, բայց պարտադիր չէ, որ դրանք ձանձրալի լինեն: Դրանք աշխույժ դարձնելու ամենապարզ տարբերակը երաժշտություն միացնելն ու փոշի հավաքելն ու հագուստը ծալելը պարի կամ մրցույթի վերածելն է:
***
Երեխայի խաղի մեջ խոր ստեղծագործական բովանդակություն կա։Խաղի դաստիարակչական նշանակությունն ընդգծվել է նաև բազմաթիվ հայ գրողների, մանկավարժների,հոգեբանների, մտածողների կողմից:Հայ մեծ գրող, մանկավարժ Խաչատուր Աբովյանըընդգծում էր ,որ երեխան կյանքի դասեր է առնում և բնության հետ ճիշտ հարաբերվելու անմոռաց գիտելիքներ ձեռք բերում հեքիաթների, զրույցների և իրեն շատ սիրելի խաղերի միջոցով: Աբովյանը խորհուրդ էր տալիս հարգել երեխայի անհատականությունը, խաղի միջոցով դաստիարակել նրան, սովորեցնել ճշմարտություն, ազնվություն, համեստություն, աշխատասիրություն :
19-րդ դարի հայ ականավոր մանկավարժ, գրող Ղազարոս Աղայանն իր ողջ կենսագրությամբ և ստեղծագործությամբ ամբողջովին նվիրվել է մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին: Ղ. Աղայանը որպես մանկավարժ նպատակ ուներ զարգացնելու ուժեղ, խելոք, առաքինի երեխաներ և այդ առումով խորությամբ գիտակցելով խաղի հսկայական դերն ու արժեքը՝ իր մանկավարժական աշխատություններում հետևողականորեն անդրադառնում էր խաղի հիմնահարցին: Աղայանը գտնում է, որ երեխաներին հրապուրում է շրջապատի մարդկանց գործունեությունը, և նրանք ցանկանում են իրենց խաղերում նմանակել-վերարտադրել այն:
«Խաղացեք, ո՛վ մանկուկներ,– գրում է Աղայանը,– շատ խաղացեք, բայց թե՛ տիկնիկ և թե՛ բաժինք ձեր իսկ ձեռքով շինեցեք»։