Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (10) Աղտոտվածությունը` ծովերի ու օվկիանոսների այսօրվա խնդիրը
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորադաշարի հերթական զրույցը: Այսօր խոսելու ենք ծովերի ու օվկիանոսների աղտոտվածության մասին: Ընկերակցեք մեզ:
Այսօր ծովերի ու օվկիանոսների աղտոտվածությունը սպառնում է շրջակա միջավայրի առողջությանը: Քուվեյթի տարածաշրջանային կոնվենցիայի առաջին հոդվածի համաձայն, «ծովային աղտոտվածություն» նշանակում է մարդու միջոցով, ուղղակի կամ անուղղակի կերպով, նյութեր կամ էներգիա մտցնել ծովերի մեջ, որոնք վնասակար են կենդանի օրգանիզմների համար, սպառնում են մարդու առողջությանը կամ արգելք են հանդիսանում ծովային աշխատանքների, այդ թվում ձկնորսության համար և վնասում են ջրի որակին:
Նման մեկնություններով կարելի է ասել, որ օրըստօրե մեծանում է ծովերի ու օվկիանոսների աղտոտվածությունը: Նավերի ու նավթատարների լցարանների արտանետումը ջրերում, արդյունաբերական կեղտաջրերը, տնային, անասնական, հանքային և քիմիական աղբերը ծովեր թափվելով ջրերի աղտոտվածության կարևորագույն գործոնն են հանդիսանում:Ուստի ծովային միջավայրի ոչնչացումը չի սահմանափակվում միայն այդ տարածքների բնապաշարների անտրամաբանական ու անխնա շահագործմամբ, այլև դրանց ոչնչանալու գլխավոր պատճառն այն է, որ մարդկանց թվում է, թե ծովերն ու օվկիանոսներն աղբարկղեր են:
Կատարված ուսումնասիրությունների համաձայն, ծովերի ու օվկիանոսների աղտոտվածության երեք չորրորդն առաջանում է ցամաքի կողմից: Գյուղատնտեսական ու արդյունաբերական կոյուղիների բացակայության պատճառով կեղտաջրերը թափվում են գետեր և այնտեղից էլ ծով են հասնում: 1997 թվականին, ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն, Ատլանտյան օվկիանոս արտանետված կոյուղիների 70 տոկոսը որևէ կերպ զտված չի եղել: ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ծրագրի զեկույցների համաձայն, Միջերկրականի շրջաններում 7.1 միլիարդ խորանարդ մետր քաղաքային կոյուղի է արտանետվում ջրատարածք: Իհարկե այդ հարցում միևնույն պայմաններն ունեն հյուսիսային ու հարավային երկրները: Զարգացող երկրները բնակչության թվի ավելանալու, ֆինանսական աղբյուրների և այդ ոլորտի մասնագետների բացակայության պատճառով անկարող են դադարեցնել շրջակա միջավայրի աղտոտումը: Եգիպտոսում Ալեքսանդրիայի նավահանգստում կոյուղիների արտանետման պատճառով աղտոտվածությունն այնքան մեծ է, որ որոշ շրջաններ, այդ թվում Աբուբաքրի նավահանգիստը կենսական տեսակետից մեռած տարածքներ են համարվում:
**************
Չնայած քիմիական պարարտանյութերը ոչնչացնում են վնասատու միջատներին ու մոլախոտերին և այդպիսով ապահովվում է երկրագնդի բնակչության մի մասի սնունդը, սակայն մարդիկ անտեղյակ են այդ նյութերի վնասների մասին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի օվկիանոսագիտության միջազգային հանձնաժողովի ծովային աղտոտվածության ծրագրի նախկին պատասխանատու՝ Ռեյ Գրիֆիցն այն համոզման է, որ քիմիական այդ նյութերի ավելորդ մասը գետ է թափվում և հասնում է ծով: Նրանք ազդում են ծովային կենդանի օրգանիզմների աճի վրա: Այդ նյութերը հավանաբար կարող են դադարեցնել նաև ֆոտոսինթեզը և ամենավատն այն է, որ քիմիական պարարտանյութերի մեջ գոյություն ունեցող ֆոսֆատն ու նիտրատը ծովերում բազում ջրիմուռների աճելու պատճառ են դառնում: Ջրիմուռների կազմվածքում գոյություն ունեցող թույնն աճում է ջրից սնվող կենդանիների, այդ թվում խոշոր ձկների մարմնում և դրանցից սնվելն անվնաս չէ: Ջրիմուռները կլանում են ջրի թթվածինը և ծովային մյուս կենդանիները խեղդվելու վիճակում են հայտնվում: Այդպիսով այն տարածքներում, որտեղ կան ջրիմուռներ վտանգվում է մյուս ծովային կենդանի օրգանիզմների գոյությունը:
Վերջին ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները ծովային էկոհամակարգերում հայտնաբերել են ավելի քան 400 մեռած տարածքներ: Վերջերս ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ծրագիրը զգուշացրել է, որ Միջերկրական ծովում և Սև ծովում 150-200 մետր խորության մեջ բացակայում է թթվածինը և դա սահմանափակում է ծովային կենդանի օրգանիզմների ապրելու վայրը, հատկապես դա վերաբերբում է ձկներին, որոնք ապրում ու բազմանում են քիչ խորությամբ ջրերում:
Թունաքիմիկատներից բացի, արդյունաբերական աղտոտվածությունը ևս լուրջ վնաս է պատճառել ծովերին ու օվկիանոսներին: Օրինակ ցելյուլոզ արտադրողներ գործարանները քլոր ու սնդիկ պարունակող տարեկան 300 հազար տոննա նյութ են արտանետում Բալտյան ծով:
Բոլոր արդյունաբերությունների կոյուղիներն արտանետվում են ջրերում, իսկ գազերը օդում: Տարեկան 66 միլիարդ խորանարդ մետր արդյունաբերական կոյուղի է արտանետվում Միջերկրական ծով: Օվկիանոսները կլանում են մեծ քանակությամբ հանքային յուղեր, մաքրման նյութեր, ֆոսֆատներ, ծանր մետաղներ, այդ թվում՝ Կադմիում, կապար, պղինձ, ցինկ և սնդիկ: Գետերի միջոցով ծովեր ու օվկիանոսներ հասնող աղտոտող նյութերից բացի, ուղղակի կամ տեղումների միջոցով ծով է հասնում օդը ապականող նյութերի շուրջ մեկ երրորդը: Տարեկան մարդու գործողությունների արդյունքում առաջացող 7 միլիարդ տոննա ածխածնի երկօքսիդի շուրջ 2 միլիարդ տոննան օվկիանոս է հասնում: Չնայած օվկիանոսները բնական կերպով զտում են մթնոլորտում հայտնված գազերը, սակայն դա սահմանափակ կերպով է լինում:
************
Պինդ թափոնները, պլաստմասե նյութերը և ցամաքից կամ նավերի միջոցով ջրատարածք հասնող այլ իրերը աղտոտում են ծովերը և վտանգում են ծովային կենդանի օրգանիզմների կյանքը: Ծովային կաթնասունները, ձկներն ու թռչուներն այդ նյութերը սնունդ են ենթադրում, չիմանալով, որ դրանք վտանգում են իրենց գոյությունը: Որոշ տարածքներում, օվկիանոսային հոսանքները պալստմասե և այլ թափոններ են կուտակում: Խաղաղ օվկիանոսի հյուսիսում, մեծ քանակությամբ թափոնների կուտակման պատճառով, ԱՄՆ-ի Տեխաս նահանգի տարածությամբ մի շրջան կոչվել է թափոնների ցիկլ:
Մինչ այս օրը ծովային էկոհամակարգում գլխավոր մտահոգություն են համարվում պլաստմասե թափոնները, սակայն դեռևս չի հաշվարկվել դրանց ճշգրիտ չափը: Վերջին տարիների ընթացքում վեց երկրների գիտահետազոտողներ ուսումնասիրեցին օվկիանոսներում կատարված հետազոտությունների արդյունքը և պարզեցին, որ ավելի քան 5 տրիլիոն մանր ու խոշոր պլաստմասե իրեր են թափվել օվկիանոսներում և վտանգում են ազատ ջրերի առողջությունը:
Սովորաբար պլաստմասե խոշոր իրերը ափերի մոտ, իսկ մանր իրերը ավելի հեռու տարածքում են լինում: Գիտնականների խոսքով, նման գործընթացը երկարաժամկետում շարունակվելու դեպքում, կվտանգվի մեծ թվով ջրակենցաղ կենդանիների կյանքը: Շրջակա միջավայրի հետազոտող՝ Դեյվիդ Լայսթը իր զեկույցում հայտարարել է, որ պլաստմասե իրերը նույնքան սպառնում են ջրակենցաղների գոյությանը, որքան նավթի արտաթորումը, ծանր մետաղները և այլ թունավոր նյութերը: Մեդուզաներով սնվող ծովային թռչուններն ու կրիաները հնարավոր է սնվեն պլաստմասե իրերով: Չնայած օրենքով արգելված է օվկիանոսներում թափոններ լցնելը, սակայն ենթադրվում է, որ օրական ավելի քան 500 հազար պլաստմասե իր է թափվում օվկիանոսների մեջ: Ջրի վրա լողացող աղբերը սովորաբար վնասվածք են պատճառում թռչուններին ու ջրակենցաղ կենդանիներին և նրանց մահվան պատճառ են դառնում: Որոշ դեպքերում ծովային թռչունները սնվում են կենդանիներով, որոնց ստամոքսում պլաստմասե իրեր կան: Հետազոտողներն ուսումնասիրում են երկարաժամկետում ծովային էկոհամակարգում գոյություն ոնեցող թունավոր նյութերի ազդեցությունը, որոնք ի վերջո մարդկային կյանքի ցիկլ են մուտք գործում: Ուստի պլաստմասե և բոլոր չվերամշակվող իրերը սպառնում են ծովային էկոհամակարգը և ի վերջո այդ աղտոտվածությունը սպառնում է մարդկանց:
Բարեկամներ սպառվեց հաղորդմանը հատկացված եթերաժամը: Զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: Մինչ նոր հանդիում եթերում, մաղթում ենք Ձեզ լավագույնը: