Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (12) Նավթային աղտոտվածությունը ծովային էկոհամակարգի գերխնդիրը
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հերթական զրույցը: Այսօր խոսելու ենք շրջակա միջավայրի գերխնդիրներից մեկը համարվող նավթային աղտոտվածության մասին: Ընկերակցեք մեզ:
Մեր օրերում ծովերի ու օվկիանոսների առողջությանը սպառնացող ամենատարածված ու վտանգավոր բնապահպանական աղտոտվածություններից է նավթային ծագումով աղտոտվածությունը: Առաջին անգամ 1967թ. ծովերի նավթային աղտոտվածությունը միջազգային ուշադրության արժանացավ, երբ Բրիտանիայի հարավային ափերի մոտակայքում «Տուրի Քանիոն» կոչվող նավթատարը ծանծաղուտի մեջ խրվեց՝ բաժանվելով երկու մասի: Այդ միջադեպի հետևանքով 100 հազար տոննա չմշակված նավթ լցվեց ծովը և աղտոտվածության տարածումը կանխելու նպատակով Բրիտանիայի օդուժը ռազմական ինքնաթիռներով ռմբակոծեց նշված նավթատարը, որպեսզի վառվելով ոչնչանա նավում մնացած նավթը: Այսպիսով այդ միջադեպը եղավ այդ պոտենցիալ վտանգի նկատմամբ միջազգային ուշադրության ելակետը, քանի որ ծովերի նավթային աղտոտվածությունը սպառնալիք չէ միայն ջրային կենդանիների ու նավում աշխատող մարդկանց համար, այլ աղետը ավելի քան մեծ է: Ծովերի ջրի մակերեսի նկատմամբ արևի ճառագայթումը գոլորշացնում է ջրի վրա տարածված նավթը և դա երկրի մակերես է վերադառնում անձրևի ու մառախուղի տեսքով, որն էլ սպառնում է գյուղատնտեսական արտադարանքները, մարդկանց ու կենդանիներին:
Վիճակագրության համաձայն, ծովերում և օվկիանոսներում տեղի են ունենում տարեկան մոտ 14000 նավթի արտահոսքի միջադեպ, որոնք սովորաբար փոքր մասշտաբների են և կարճ ժամկետում նավթազտվում են, սակայն դրանց մի մասն էլ աղետալի են: 1989թ. Ալյասկայի Փրինս Վիլյամ նեղուցում տեղի ունեցավ 42 մլն լիտր չմշակված նավթի արտահոսք «Էքսոն Վալդզ» կոչվող նավթատարի կողմից, իսկ 1993թ. Շոտլանդիայի Բրեդֆիլդ-Շոտլանդ կղզիների մոտակայքում ծով թափվեց 98 մլն լիտր չմշակված նավթ: Թեև նավերը զգալի դեր ունեն ծովերի աղտոտվածության հարցում, այնուամենայնիվ աղտոտվածության հիմնական աղբյուրներ են հանդիսանում նավթահորերն ու նավթի արդյունահանման հարթակներն ու աշտարակները: 2010թ. Ապրիլի 20-ին Մեխիկոյի ծոցում տեղի ունեցած նավթի արտահոսքի աղետը ամենաահռելի բնապահպանական աղետներից մեկն էր: BP ընկերության «Deep water horizon» կոչվող նավթահարթակում տեղի ունեցած պայթյունն ու հրդեհը ավելի քան 11 մարդու կյանք խլեց և Մեխիկոյի ծոցում 4 մլն բարել նավթի արտահոսքի պատճառ դարձավ, որը համարվում է պատմության մեջ ամենախոշոր ոչ դիտավորյալ նավթի արտահոսքը: Մեխիկոյի ծոցի նավթային աղտոտվածությունը տարածվեց ավելի քան 300 քկմ շառավղով տարածքում ջրի մակերևույթի վրա և վտանգեց այդ շրջանում ապրող կենդանիների կյանքը և ոչնչացրեց նրանց կենսավայրը: Նավթի տարածումից մի քանի շաբաթ անց «Գրուպեր» և «կարմրախայտ» տեսակի ձկների որսի նպատակով աղետի գոտի մեկնած ձկնորսները որսացին բաց վերքերով և մարմնի վրա տարօրինակ բծերով ձկներ, որոնց նմանը երբեք չէին տեսել: Այդ շրջանում իրականացված հետազոտությունները ցույց տվեցին, որ բաց վերքերը, մակաբուծային ինֆեկցիաները և սև խորհրդավոր բծերը այն ախտանիշերն են, որոնք Մեխիկոյի ծոցում նավթի արտահոսքի աղետից տարիներ անց շարունակում են ազդեցություն գործել նշված շրջանում ապրող ջրակենցաղների կյանքի վրա: Նավթի արտահոսքից վնաս են կրել խորը ջրերում ապրող կորալները, ջրիմուռները, դելֆինները և բուսական ու կենդանական այլ տեսակներ:
***************
Նավթային աղտոտվածության մշտական վտանգի տակ գտնվող ծովային տարածաշրջաններից է նաև Իրանի հարավում գտնվող Պարսից Ծոցը: Պարսից Ծոցում 25 խոշոր նավթային տերմինալ գտնվելու պատճառով աշխարհի նավթակիր նավերի երթևեկության 30 տոկոսը տեղի են ունենում այս տարածաշրջանում: Հորմուզի նեղուցը տարեկան 20-30 հազար նավթատարների երթևեկության վայր է: Նավթատար նավերի երթևեկության խտության հետևանքով տասնյակ հազար տոննա նավթամթերքների արտահոսքը այս վայրը դարձրել է ծովային բնապահպանական ամենաաղտոտված միջավայրերից մեկը: Վերջերս ԻԻՀ Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ծովային բնապահպանության գծով փոխնախագահ Աբդոլռեզա Քարբասին մի հարցազրույցի ընթացքում մատնանշեց այդ փաստը, հայտնելով. «2000-2009թթ. միայն տրանսպորտի հետևանքով առաջացած նավթամթերքների արտահոսքը կազմել է տարեկան մոտ 114000 տոննա, իսկ կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը 2009-2015թթ. կազմելու է մոտ 93000-135000 տոննա»: Նավթակիր նավերի երթևեկությունից բացի, Պարսից Ծոցում առկա են 34 նավթագազային գոտի՝ 800 միավոր արդյունաբերական հորերով: Ակնհայտ է, որ արտասովոր պայմաններում նավթի ժայթքումը կարող է ունենալ աղետալի հետևանքներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ նման պայմաննեի պատճառով այս շրջանում են տեղի ունենում աշխարհի նավթային աղտոտվածության 1/3-ը, որը 47 անգամ գերազանցում է միջազզգային միջին ցուցանիշը:
Անտարակույս Ծովերի ու օվկիանոսների նավթային աղտոտվածությունն ապականող ազդեցություն է գործում բուսական ու կենդանական աշխարհի ու նրանց էկոհամակարգի վրա, քանի որ նավթային շերտերը օդի ու թթվածնի փոխանակման նվազման պատճառ են դառնում և դա հանգեցնում է ջրային կենդանիների մահվան ու դրանց կենսական աղբյուրների ոչնչացմանը: Մյուս կողմից աղտոտվածության այդ տեսակը նվազեցնում է արևի լույսի ներթափանցումը ջրի խորքերը և թուլացնում է ջրային բույսերի ֆոտոսինթեզի գործընթացը: Ջրակենցաղների մարմին նավթի ներթափանցումը շատ դեպքերում նրանց մահվան պատճառ է դառնում: Այդ կենդանիներից են համարվում կորալները, փոքր դեկորատիվ ձկները, ուտելիք և ոչ ուտելիք հանդիսացող ձկները, սադափները, խխունջները, փափկամարմինները, ծովային անեմոնները, ծովային սպունգները, մեդուզաները, կրեաները, դելֆինները և շնաձկները: Մյուս կողմից ջրում սննդարար նյութերի բացակայությունը մի շարք ջրային կենդանիների թերաճի պատճառ է դառնում: Օվկիանոսի ջուր մուտք գործած վնասակար նյութերի հիմնական մասը քայքայման ենթակա չեն, ինչի հետևանքով տարիներ շարունակ մնում են ջրում և սպառելով ջրի թթվածինը, թթվածնի նվազեցման պատճառ են դառնում, հետևաբար նվազում են նաև կետերի, կրեաների, շնաձկների ու պինգվինների պես ջրակենցաղների գոյատևման շանսերը: Մյուս կողմից օվկիանոսների աղտոտող նյութերից սնված ծովային կենդանիները մարդու սննդային շղթայի մաս են կազմում, ինչը ազդեցություն է ունենում նաև մարդու առողջության վրա: Նշված նյութերը քայքայվում են մարդու մարմնում և կարող են հանգեցնել քաղցկեղի, ծննդաբերության թերությունների ու նրանց առողջության երկարատև խնդիրների:
***************
Ծովային թռչունները ևս մեծ վնասներ են կրում նավթային բծերից: Նրանց փետուրները շաղախվում են նավթով, կպչում են իրար և նվազեցնում նրանց թռչելու կարողությունը կամ անհնարին են դարձում այն: Բացի այդ, վերացնում են նրանց փետուրների ջերմամեկուսիչ հատկությունը և թռչունը մահանում է՝ գտնվելով սառը ջրի ազդեցության տակ: Մեխիկոյի ծոցում նավթի արտահոսքի աղետի հետևանքով սատկել էր ավելի քան 6000 թռչուն: Ծովերի ջրում հայտնված նավթը կարող է միացություն կազմել հանքային նյութերի հետ, ծանրանալ և աստիճանական նստվածքով բացասական ազդեցություն գործել ծովի հատակում ապրող կենդանիների՝ այդ թվում բենտոզների ու մանր ծովախեցգետնի, ինչպես նաև արմատական բույսերի կյանքի վրա: Ծովափի երկայնքում գտնվող բուսական կյանքի նկատմամբ նավթի ազդեցությունը ևս նշանակալի հանգամանք է: Տարբեր զեկույցներ վկայում են ծովափնյա մուռերի ու այլ տեսակի բույսերի ոչնչացման մասին:
Վերջին տասնամյակների ընթացքում ծովերում նավթային աղտոտվածության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների մեծացումը բարձրացրել է բազմաթիվ պետությունների զգոնությունը այդ հարցի նկատմամբ և պատճառ է դարձել, որ միջազգային հանրությունը մի տեսակ ընդհանուր կարեկցանքի զգացումով քայլեր ձեռնարկի առկա խնդիրների վերացման ուղղությամբ: 1969թ. Պետությունների կողմից ընդունվեց նավթային աղտոտվածության վերաբերյալ կարևորագույն պայմանագրերից մեկը: Այդ ժամանակահատվածում միջազգային հանրությունը եկավ այն գիտակցության, որ ապարդյուն է նավթային աղտոտվածության վերաբերյալ համաշխարհային ու տարածաշրջանային պայմանագրերի կնքումն առանց պետությունների գործնական քայլերի: Ուստի, վերջին տասնամյակներում ջանքեր են գործադրվել, որ պետությունների վերահսկումը աղտոտման աղբյուրների նկատմամբ և ազատ ծովերում պետությունների միջամտմումը կամ չմիջամտումը իրականացվեն բացառապես իրավական շրջանակում՝ աղտոտվածության վերաբերյալ պայմանագրերի հիման վրա, որպեսզի կանխելով պետությունների գործողությունների զուգադիպումը, հստակեցվի յուրաքանչյուր պետության իրավազորության շրջանը: Նախկինում պայմանագրերի համաձայն, նավերի սեփականատերերն էին պատասխանատվություն կրում նավթակիր նավերից ու այլ տեսակ նավերից առաջացող նավթային աղտոտվածության համար և պետք է հոգային վնասի փոխհատուցման պարտավորությունը: Սակայն քանի որ նավթակիր նավերից առաջացած ահռելի նավթային աղտոտվածության դեպքերում նավերի սեփականատերերը ի զորու չէին կատարել վնասի փոխհատուցումը, ուստի 1971թ. հիմնադրվեցին քաղաքացիական պատասխանատվության և վնասի փոխհատուցման հիմնադրամի վերաբերյալ երկու կոնվենցիաներ, որից հետո խոշոր միջադեպերում վնասի փոխհատուցման միջոցները ապահովվում էին նավթ ստացողների կողմից և հենց նրանք էլ հոգում էին վնասի փոխհատուցման պատասխանատվությունը: 1992թ. ընդունվեցին քաղաքացիական պատասխանատվության և վնասի փոխհատուցման վերաբերյալ երկու կոնվենցիաներ, որոնք 1996 թվականից դարձան պարտադիր կատարման ենթակա: 1971թ. և 1992թ. քաղաքացիական պատասխանատվության և վնասի փոխհատուցման հիմնադրամի վերաբերյալ կոնվենցիաները ձևավորեցին տարաձայնությունները լուծող համակարգ: Թեև դրա միջոցով 100 տոկոսով չեն վճարվում տուժածների կրած վնասները, այնուամենայնիվ զգալի չափով փոխհատուցվում են պատճառված վնասները: 1971 և 1992 թվականների հիմնադրամների առկայությունն ու դրանց կարողությունը վնասների փոխհատուցման հարցում այս տարիների ընթացքում էականորեն գոհացրել է միջազգային հանրությանը, սակայն այդ փոխհատուցումների վճարումը արդյոք ամբողջովին վերականգնում է նաև շրջակա միջավայրին հասցված վնասները:
******************
Սիրելի բարեկամներ, ավարտին մոտեցավ մեր այսօրվա հաղորդումը, սակայն դեռ ասելիքներ կան ծովերի բնապահպանական աղտոտվածության վերաբերյալ, ուստի Ձեզ հրաժեշտ տալով հրավիրում են Ձեզ հաջորդ հաղորդման ընթացքում հետևեք զրույցի շարունակությանը: