Սեպտեմբեր 22, 2021 09:25 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին:

Հայաստանի և Իրանի ազգային արխիվները  համագործակցության շրջանակում Հուշագիր կստորագրեն:

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանն  ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին և ԻԻՀ մշակութային ժառանգության ակադեմիայի  հետազատության բաժնի պրոռեկտոր Մոռթեզա Ռեզվանֆարին:

Զրուցակիցները կարևորել են երկու բարեկամ ժողովուրդների միջև առավել խորը համագործակցության անհրաժեշտությունը՝ մասնավորապես պատմամշակութային ժառանգության փոխադարձ ճանաչման, արխիվային տվյալների երկուստեք  փոխանակման առումով:

Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային նկատել է, որ եկող տարի լրանում է հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը լավ առիթ է երկու պետությունների ժառանգությանը նվիրված համատեղ  արխիվային նյութերի ցուցադրություն կազմակերպելու համար, ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում։ 

 

Իրանական կինոն 120 տարեկան դարձավ։

Կինոյի ի հայտ գալով, իրանահայերն այս բնագավառում ևս մեծ ճանաչում ձեռք բերեցին՝ նպաստելով կինոարվեստի ձևավորմանն ու կայացմանը։ Իրանահայերը մեծ ջանքեր ներդրեցին կինոարտադրության տեխնիկական, հնչյունավորման, նկարահանման, ռեժիսորական և դերասանական աշխատանքներում։

Հայ դերասանների մասնակցությամբ նկարահանված առաջին իրանական կինոնկարը  «Աբի և Ռաբին»  (1931 թ․, համր կատակերգություն) է, որի ռեժիսորն Հովհաննես Օհանյանն  է։ 

Իրանի կինոյի պատմության մեջ Հովհաննես Օհանյանի անունը հիշատակվում է որպես  Իրանի առաջին սցենարիստ, ռեժիսոր,  Իրանի կինեմատոգրաֆիայի հիմնադիր,  պարսկական առաջին լիամետրաժ կինոնկարի ստեղծող և Դերասանական դպրոցի հիմնադիրը։

 

 

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագրով ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսում կներկայացվեն անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ձեռագիր նոտաները, գրականությունը, սկավառակները, ձայնապնակներն ու ազդագրերը:

Միջթանգարանային համագործակցության շրջանակներում ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ:

 

 

Կինոյի բնագավառը լուսաբանող լրագրողները, կինոքննադատները, գրողները, ինչպես նաև մշակույթի՝ մասնավորապես կինոյի ոլորտով հետաքրքրվածները կարող են իրենց մասնագիտական հմտությունները զարգացնել Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում կազմակերպված  դասընթացի շնորհիվ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ GAIFF Pro արտադրական հարթակի շրջանակում նախաձեռնած դասընթացը կվարի Պիեռ-Սայմոն Գուտմանը, որը կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր է և ֆրանսիական L’Avant-Scène Cinéma ամսագրի փոխխմբագիրն է,  մասնագիտացված է կինոքննադատության ասպարեզում։

Մասնակցության վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։

 

 

Դանթե Ալիգիերիի մահվան 700-ամյա տարելիցին նվիրված համերգների շրջանակում սեպտեմբերի 12-ին Ռավեննայի փառատոնին հնչել է նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Քավարան» (Purgatorio) ստեղծագործությունը: Այն գրվել է Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» hամանուն մասի հիման վրա:

Համերգը ղեկավարել է աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին: Երեկոյին ներկա է եղել մաեստրո Մանսուրյանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Մանսուրյանն ասաց, որ համերգը հրաշալի է անցել: Նա խոստովանեց, որ նման բարձրակարգ կատարում շատ քիչ է լսել: «Այն, ինչ արեց Ռիկարդո Մուտին իր նվագախմբի, երգչախմբի, բարիտոն Գուրգեն Բավեյանի և թավջութակահար Ջիովանի Սոլիմայի հետ, ուղղակի հրաշալի էր: Այդքան լավ հնչողություն շատ քիչ եմ լսել: Եղել են լավ կատարումներ, բայց նման բան քիչ է եղել: Ես շատ-շատ գոհ եմ երեկվա համերգից ու կատարումից: Ունկնդիրը ևս գոհ էր ու շատ լավ ընդունեց «Քավարանը»: Կարծում եմ՝ Դանթեի մահվան 700-րդ տարելիցին ծնվել է իմ լավագույն ստեղծագործություններից մեկը»,- նշեց կոմպոզիտորը:

Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն Մինաս Լուռյանը, որը մեծ դերակատարություն է ունեցել համերգի կայացման գործում, հիշեցրեց, որ Ռավեննայի փառատոնն Իտալիայի խոշորագույն մշակութային իրադարձություններից է և մեծ համբավ է վայելում աշխարհում նաև դիրիժոր Ռիկարդո Մուտիի շնորհիվ:

«Փառատոնի հետ համագործակցում եմ 1990-ականներից: Լինելով Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն՝ կենտրոնի, որն ունի երաժշտական մասնաճյուղ, աշխատում եմ Իտալիայի և ոչ միայն կարևոր երաժշտական կառույցների հետ: Ալիգիերիի մահվան 700-րդ տարելիցի առիթով Ռիկարդո Մուտին շատ ցանկացավ համագործակցել Տիգրան Մանսուրյանի, թավջութակահար Ջիովանի Սոլիմայի հետ, որը նաև կոմպոզիտոր է և հրաշալի կատարեց «Քավարանի» թավջութակի հատվածը»,- պատմեց Լուռյանն ու հավելեց, որ Սոլիման երաժշտություն  է գրել «Աստվածային կատակերգության» «Դժոխք»  հատվածի համար, իսկ  «Դրախտ» հատվածի հիման վրա ստեղծագործությունը հեղինակել է Վալենտին Սիլվեստրովը:

Մինաս Լուռյանը հիշեցրեց, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո որոշել են Ռավեննայի փառատոնի համերգներից մեկը կազմակերպել Հայաստանում: Երեկոն տեղի է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային թատրոնում, և Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ հնչել է Մանսուրյանի «Քավարանը»:

«Մուտին որոշեց, որ ղեկավարելու է միայն Մանսուրյանի ստեղծագործությունը, իսկ մյուս գործերը կղեկավարեն առավել երիտասարդ դիրիժորներ»,- ընդգծեց Լուռյանն ու տեղեկացրեց, որ առաջիկայում Իտալիայում ևս մի քանի համերգ է սպասվում:

Վերադառնալով սեպտեմբերի 12-ի համերգին՝ Լուռյանն ասաց, որ բացօթյա երեկոն հրաշալի է անցել: Մոտավորապես հազար և ավելի ունկնդիր է եղել: Երաժիշտները փայլուն հնչողություն են ապահովել, և համերգը չի տարբերվել փակ դահլիճներում կազմակերպված երեկոներից:

«Մեծ էր Ռիկարդո Մուտիի կշիռն ու դերակատարությունը: Այս մակարդակով քիչ հայ հեղինակների գործեր են գրվում ու կատարվում միջազգային հարթակում: Մեծ պարծանք էր բոլորիս համար»,- շեշտեց նա ու հավելեց, որ  համերգին ներկա են եղել  մի շարք պետական պաշտոնյաներ, որոնք շնորհավորել են Մանսուրյանին:

 

Երիտասարդ կինոռեժիսոր Գարուշ Ղազարյանի «Իմ սև սիրտը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը այս տարի հասել է  կենտրոնական Ասիա։ Բիշքեկի միջազգային կինոփառատոնում հարյուրավոր հայտերից ընտրվել են ընդամենը 14-ը, որոնց մեջ է նաև «Իմ սև սիրտը» ֆիլմը: Կինոփառատոնի մասնակից երկրներն են՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Մոլդովա, Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա…. Ամեն երկրից մեկ ֆիլմ, մեկ ներկայացուցիչ։ Այս մասին գրում է «Կինոաշխարհը»։

Ռեժիսորի «Իմ սև սիրտը» ֆիլմը ընտրվել է նաև Տաշքենդի միջազգային կինոփառատոնի կողմից, որը կկայանա սեպտտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Ուզբեկստանի մայրաքաղաք  Տաշքենդում։

Փառատոնի շրջանակներում է «Ֆիլմ 5 օրում» ծրագիրը, որի ընթացքում սեպտեմբերի 22-28-ը ընկած ժամանակահատվածում, ռեժիսոր Գարուշ Ղազարյանը և բեմադրող օպերատոր Վահե Տերտերյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կնկարահանեն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ՝ ՈւզբեկՖիլմի աջակցությամբ, որը նույնպես կընդգրկվի մրցութային ծրագրում։ Սցենարի հեղինակն է սցենարիստ, դրամատուրգ Սառա Նալբանդյանը, ֆիլմի վերնագիրը՝ «Միքայելի անհարթ ճանապարհը», որի միջազգային պրեմիերան տեղի կունենա Տաշքենդում, այնուհետև այն կցուցադրվի Երևանում։

«Իմ սև սիրտը» ֆիլմը այս պահին մասնակցում է նաև Վրացական «Mestia International Short and Mountain Film Festival»-ին, ինչպես նաև «Մեկ Կադր» կինոփառատոնին:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված ռեժիսոր  Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական անիմացիոն ֆիլմն ընտրվել է ևս մեկ՝ «Անիմեսթ» միջազգային անիմացիոն փառատոնի պաշտոնական մրցույթում։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 13-17-ը Բուխարեստում՝ «Անիմեսթում» (Ռումինիա), իսկ ասիական պրեմիերան՝ BIAF 2021 Բուչոնի միջազգային անիմացիոն փառատոնում (Հարավային Կորեա)՝ հոկտեմբերի 22-26-ը:

Ազգային կինոկենտրոնից նշում են՝ թե՛ «Անիմեսթը», և թե՛ BIAF-ը Կինոակադեմիայի «Օսկարի» որակավորում ունեցող անիմացիոն փառատոներ են:

Ֆիլմի արտադրող ընկերությունն է «Հոշկի ֆիլմ», համարտադրող «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա),  սցենարի հեղինակներ՝ Լիլիթ Ալթունյան, Արմինե Անդա, պրոդյուսեր՝ Արմինե Անդա, համա-պրոդյուսեր՝ Ռեժինալդ դե Գիյեբոն, կոմպոզիտոր՝ Միքայել Ոսկանյան։

 

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ հրատարակվել է «Հայ կոմպոզիտորների մանկական երգեր» ժողովածուի երրորդ մասը:

Ժողովածուի առաջին մասը հրատարակվել էր 2018 թվականին, իսկ երկրորդը՝ 2019 թվականին:

Կոմպոզիտորների միությունից հայտնում են, որ ժողովածուի երրորդ մասում ընդգրկված է շուրջ 10 հեղինակի՝ տարբեր բնույթի և բարդության միաձայն և բազմաձայն թվով 21 երգ՝ նախատեսված երաժշտական և արվեստի դպրոցների տարբեր տարիքային խմբերի աշակերտների համար:

«Հայ կոմպոզիտորների մանկական երգեր» ժողովածուի երրորդ մասը հրատարակվել է «Արմյուզիք» հրատարակչության կողմից: