Գեղարվեստական հաղորդում (291)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնը նոյեմբերի 11-ից սկսած, որը համընկնում է Նիմա Յուշիջի ծննդյան օրվա հետ, կազմակերպում է «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ Հայաստանում» խորագրով ծրագրերի շարքը։
Այդ ծրագրերը ներառում են գրական հանդիպումների կազմակերպում, պոեզիայի ընթերցանության մրցույթներ, պոեզիայի երեկոներ, թարգմանչական մրցույթներ, թարգմանված ստեղծագործությունների ներկայացում, իրանական ժամանակակից գրականության ցուցահանդեսներ, հանդիպումներ թարգմանիչների հետ և իրանցի ժամանակակից բանաստեղծների ու գրողների մեծարմանը նվիրված միջոցառումներ։

Հայաստանի նկարիչների միությունը, համագործակցելով Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի, Իրանի նկարիչների և արվեստագետների միության հետ, համատեղ կազմակերպել է մրցույթ-ցուցահանդես՝ «Իրանը Հայ արվեստագետների աչքերով» խորագրով։
Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 1-ին:

Իրանի հուշարձանների պահպանության և վերականգնման կազմակերպության գլխավոր տնօրեն Սեյեդ Հադի Ահմադի Ռուինին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է պատմական հուշարձանների և հնավայրերի պահպանության իր փորձը կիսել ասիական երկրների հետ։
«Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարությունը պատրաստ է ասիական կազմակերպության շրջանակում կիսվել հուշարձանների պահպանության իր փորձով»,-ասել է Սեյեդ Հադի Ահմադի Ռուինին։
Չինաստանում անցկացվող «Ասիական երկխոսություն՝ մշակութային ժառանգության պաշտպանության համար» առաջին հանդիպման երկրորդ օրը, Ահմադի Ռուինին, անդրադառնալով ասիական քաղաքակրթության պատմությանը, հավելել է. «Ասիան այսօր բոլոր կրոնների բնօրրանն է և քաղաքակրթության օրրանը, և Իրանի դերն այս հարցում անհերքելի է»:
Նա նշել է, որ Ասիայի վտանգված մշակութային ժառանգության պաշտպանության հիմնադրամի և փորձագիտական ասոցիացիաների ու կազմակերպությունների ստեղծումը և այդ ոլորտում մայրցամաքի երկրների միջև փորձի փոխանակումը կնպաստի հուշարձանների և հնավայրերի պահպանության ոլորտի բարելավմանը:

Երեք ամիս տևած հիվանդությունից ու պայքարից հետո, հոկտեմբերի 29-ի առավոտյան վախճանվեց իրանցի հայտնի նկարչուհի Իրան Դարրուդին:
Դարրուդին նկարիչ և ռեժիսոր էր, գրող, արվեստաբան և համալսարանի արվեստի պատմության բաժնի դասախոս: Ոմանք նրան համարում են սյուրռեալիզմի դպրոցի հետևորդ։
1954-ին նա նկարչություն է սովորել Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում (The Beaux-Arts de Paris), իսկ 1954-1958 թթ. ուսանել է Փարիզի Լուվրի դպրոցում, Բրյուսելի Գեղեցիկ Արվեստների թագավորական ակադեմիայում (Royal Academy of Fine Arts of Brussels), Նյու Յորքի RCA ինստիտուտում (Research and Creative Activity Institute)։ Ավարտելուց հետո վերադարձել է Իրան և 1960 թ. ապրիլին նրա աշխատանքները ցուցադրվել են Թեհրանի մշակույթի սրահում։
Մինչ այժմ Իրան Դարրուդիի աշխատանքները ցուցադրվել են ավելի քան 63 անհատական և 250 խմբակային ցուցահանդեսներում՝ Իրանում և ամբողջ աշխարհում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հոկտեմբերի 29-31-ն անցկացրեց «Փոքր կինոնկարներ. համընդհանուր ժառանգություն, փոքր կինոթատրոնների պահպանում, հասանելիություն և տարածում գլոբալ պլատֆորմներում» միջազգային համաժողովը՝ նվիրված «Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակին:
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ եռօրյա գիտաժողովն իրականացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում ընդգրկված ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Գիտաժողովի նպատակն էր երկխոսություն սկսել ազգային կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ՝ ներգրավելով խորհրդային և սփյուռքի կինոժառանգությանն առնչվող Հայաստանի և արտերկրի շուրջ քսան կինոգետների, կինոքննադատների, հետազոտողների և կինոարդյունաբերության մասնագետների։
Հոկտեմբերի 29-ին մեկնարկած եռօրյա համաժողովի բացմանը Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը ողջույնի խոսք է հղել գիտաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել աջակիցներին ու կազմակերպիչներին՝ Անրի Վերնոյի հոբելյանի նշանավորման և այս կարևոր հարթակի ստեղծման կապակցությամբ:
Համաժողովի օրերին ներկայացվեց ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր Անրի Վերնոյի ստեղծագործական ժառանգությունը, արժևորվեց նրա տեղն ու դերը համաշխարհային կինոարվեստում՝ բացահայտելով ազգային ինքնության առանձնահատկությունները:
Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը, կարևորելով համաժողովի անցկացումը, նշել է. «Անրի Վերնոյի ստեղծագործական ժառանգության արժևորման, ազգային ինքնության առանձնահատկությունների բացահայտման գործում կարևոր նշանակություն ունի այս համաժողովի անցկացումը: Հայրս նկարահանել է «Մայրիկ» ֆիլմը, ինչպես նաև բազմաթիվ այլ ֆիլմեր, և կարևոր է, որ նրա գործունեությունը ճանաչելի լինի Հայաստանում ու ամբողջ աշխարհում: Այս առումով համաժողովի իրականացումը հրաշալի առիթ է»»,- ասվում է հաղորդագրությունում:
Համաժողովի շրջանակում հոկտեմբերի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Անրի Վերնոյի ֆիլմերի պաստառների ցուցադրությունը, հաջորդիվ «Կարմիր դահլիճում» ցուցադրվեց Անրի Վերնոյի «Շաբաթավերջը Զյույդկոտում» ֆիլմը: Միջոցառմանը մասնակցեցին կինոոլորտի հայ և օտարերկրյա մասնագետները, հյուրեր, արվեստասեր հանրություն:
Գիտաժողովի օրերին ընթերցված և ներկայացված բոլոր զեկույցները Հայաստանի ազգային կինոկենտրոնը կհրատարակի առանձին գրքով՝ որպես ամփոփում:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնում 4 անվանակարգերում ճանաչվել է լավագույնը՝ «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար» և «Լավագույն միջազգային ֆիլմ»։
Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016թ․-ին վերադառնում է ԼՂ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...
«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է 2019 թվականին։

Հայ Փոստի և Երևանի մետրոպոլիտենի կազմակերպած ցուցահանդեսում ներկայացված են նամականիշեր և գեղաթերթիկներ, որոնք թողարկվել են 2010-2021 թվականներին: Ցուցանմուշները պատմում են Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության, բուսական և կենդանական աշխարհի, տեսարժան վայրերի, նշանակալի իրադարձությունների և ականավոր մարդկանց մասին:
Ցուցահանդեսը, որը նպատակ ունի ֆիլատելիստական պրոդուկտների միջոցով հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնել հայկական մշակույթը, ինչպես նաև տեղեկատվություն մատուցել մեծանուն հայերի մասին, բացվեց հոկտեմբերի 29-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում:
ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանին ցուցահանդեսի կազմակերպման գործում իրենց աջակցելու համար: «Այս ցուցահանդեսը մեր քաղաքացիներին, զբոսաշրջիկներին հնարավորություն կտա ծանոթանալ 2010-2021 թվականներին մարված և շրջանառության մեջ դրված նամականիշերին: Այս կամ այն նամականիշը հավանելու դեպքում մարդիկ այն կարող են պատվիրել առցանց»,-նշեց նա և հավելեց, որ եթե նախաձեռնությունը հաջողություն ունենա, չի բացառվում, որ նման ցուցահանդեսներ իրականացվեն նաև մետրոպոլիտենի այլ կայարաններում:
Խոսելով առանձնահատուկ նամականիշերի մասին՝ Կարապետյանն ասաց, որ հատկապես հետաքրքիր է Հայաստանի առաջին ձայնային նամականիշը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Ներբեռնելով ARLOOPA հավելվածը և սկանավորելով գեղաթերթիկը՝ հնարավոր է վայելել Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը հենց կոմպոզիտորի կատարմամբ:
Ներկայացված են նաև «EUROPA» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակում թողարկված և առաջին հորիզոնականներ զբաղեցրած նամականիշերը:
«Որոշեցինք այս անգամ ֆիլատելիայի լեզվով ներկայացնել ուղևորներին և զբոսաշրջիկներին Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը։ Արվեստը մետրոյում նախագծի շրջանակում մետրոպոլիտենի տարբեր կայարաններում պարբերաբար իրականացվում են տարատեսակ մշակութային միջոցառումներ»,-շեշտեց Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը:
1992 թվականին անկախ Հայաստանի Հանրապետությունը թողարկեց իր առաջին նամականիշերը` բացելով նոր էջ հայկական ֆիլատելիայի պատմության մեջ: 1992 թվականից ի վեր թողարկվել է ավելի քան 1000 նամականիշ և գեղաթերթիկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության, կրոնի, մշակույթի, գիտության, արվեստի, արտադրության, սպորտի, ֆլորայի և ֆաունայի, ճարտարապետության և այլ թեմաների:

Ռուս հնագետները սկսել են վերականգնել Սիրիայի Արաբական Հանրապետության ճարտարապետական ժառանգությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մասնագետները կաշխատեն հռոմեական դարաշրջանում կառուցված տաճարների վրա։
Դրանք գտնվում են Հալեպում, որը, ըստ պատմաբանների, երեք իրար հաջորդող քաղաքակրթությունների տունն է։
Ռուս հնագետները կվերականգնեն մ. թ. IV դարի Սուրբ Էլենա եկեղեցին: Գնդակոծությունից այն լրջորեն տուժել է, պատերը քայքայված են բեկորներից, գմբեթը խոցված է արկով։
Ռուս պատմաբան Նատալյա Սոլովյովան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում բարձրացրել է վաղ քրիստոնեական եկեղեցիների պահպանման հարցը։ Նա հիշեցրեց, որ Սիրիայում բազմաթիվ բյուզանդական եկեղեցիներ են մնացել, որոնց ճարտարապետական տարրերը ռուսները կարող են տեսնել նար իրենց եկեղեցիներում։
Սոլովյովայի խոսքով՝ մինչ այժմ ոչ մի այլ միջազգային կազմակերպություն ցանկություն չի հայտնել օգնել եկեղեցիների վերականգնմանը։ Սուրբ Էլենա եկեղեցին այն աստիճան է ավերված է, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատմաբանները նախ մտադիր են նրա 3D մոդելը ստանալ, որպեսզի հետագայում շարունակեն վերականգնումը։
Սոլովյովան ասել է, որ 3D մոդելավորման արդյունքները կտեղադրվեն ՌԴ ԳԱԱ-ի կայքում, եւ բոլոր ցանկացողները «կարող են քայլել» սիրիական Պալմիրայի կամ Բոսրայի երկայնքով։
ԳԱԱ-ն նաև հույս ունի մասնագետներ ներգրավել՝ սիրիայի ժառանգությունը բարբարոսական կործանումից փրկելու համար:

Հնագետները հռոմեական քանդակների «ապշեցուցիչ» շարք են հայտնաբերել Անգլիայի HS2 երկաթուղային գծի մոտակայքում:
Բուքինգհեմշիրի լքված միջնադարյան եկեղեցում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու ամբողջական քանդակներ, ինչպես նաև երեխայի արձանի գլուխը:
Դրանք ուղարկվել են մասնագիտական ուսումնասիրության: Պրոֆեսոր Ռեյչլ Վուդը, որը ղեկավարել է հնագիտական թիմի աշխատանքը, հայտնել է, որ գտածոներն իսկապես հազվագյուտ են Միացյալ Թագավորության համար:
Նրա խոսքով՝ հայտնագործությունները հնագիտական մեծ արժեք ունեն և թույլ կտան ավելի լավ հասկանալ, թե ինչպիսի բնակավայր է եղել այդ շրջանում, նախքան միջնադարյան եկեղեցու կառուցումը:
Արձաններից բացի նաև վեցանկյուն ապակյա սափոր է հայտնաբերվել, որն ամբողջական է մնացել՝ չնայած ավելի քան 1000 տարի հողմի մեջ թաղված լինելուն: