Նոյեմբեր 10, 2021 09:11 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին:

«Իրանի արևը» ժողովածուում, որը «Մենք և աշխարհը» շարքի  առաջին գիրքն է,  զետեղվել են հայ դասական և ժամանակակից գրողների՝ Իրանի պատմության, մշակույթի և գրականության, հայ և պարսիկ ժողովուրդների պատմական անցյալի և ներկայի մասին գեղարվեստական ստեղծագործությունները, հոդվածներն ու խոհագրությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքում հնարավոր է ընթերցել Րաֆֆու, Ավետիք Իսահակյանի, Աթաբեկ Խնկոյանի, Արտակ Վարդանյանի, Հովիկ Վարդումյանի և այլ հեղինակների արձակը, պոեզիան ու գրախոսությունները:

«Իրանի արևը» գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ին Հայաստանի գրողների միությունում, միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ հայ-իրանական գրական կապերն ամուր են:

«Մենք պարբերաբար Հայաստան ենք հրավիրում իրանցի գրողների, հետո նրանք են մեզ Իրան հրավիրում: Հայ ժամանակակից գրականությունը շատ է հետաքրքրում իրանցիներին: Նրանք ոչ միայն հրատարակում, այլև վերահրատարակում են մեր հեղինակների ստեղծագործությունները»,-նշեց Միլիտոնյանն ու հավելեց, որ Հայաստանում  էլ Իրանի ժամանակակից դրամատուրգներին են թարգմանում:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին էլ կարևորեց նման գրքերի հրատարակման դերը երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման գործում: «Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը նպաստում է, որ ավելի լավ ճանաչենք մեր ժողովուրդների մշակույթը և քաղաքակրթությունը, որն անհրաժեշտ է փոխանցել մատաղ սերնդին»,-շեշտեց դեսպանը:

Նախագծի հեղինակը Էդվարդ Միլիտոնյանն է: Գիրքը հրատարակվել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի աջակցությամբ:

 

 

Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ Մատենադարանը կանցկացնի «Իրանի մշակույթի օրեր»: Միջոցառումը մեկնարկեց նոյեմբերի 3-ին «Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական ծրագրով, որն իրագործվում է Իրանի Իսլամական Հանրապետության  դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում և ԱՄՆ-ից Արա Փիլիպոսյանի օժանդակությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ Համիդ Մալեքյանը, որն առանձնահատուկ տեխնիկայով կվերականգնի Մատենադարանի հավաքածուի շուրջ տասը արժեքավոր ձեռագիր:

Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց՝ Իրանն ու իրանցիները ոչ միայն Հայաստանի մոտ հարևաններն են, այլև՝ բարեկամները: «Անցած 30 տարում մեր երկիրը դժվարությունների միջով է անցել. տեսել ենք պատերազմ, հեղափոխություններ, երկրաշարժ, շրջափակում և այլն, և միշտ կարևոր է եղել զգալ, որ կողքիդ վստահելի  հարևան և բարեկամ կա»,- նշեց Տեր-Ղևոնդյանը:

Նրա խոսքով՝ իրանագիտությունը Հայաստանում առաջատար ճյուղ է եղել դեռ 19-րդ դարից, և Մատենադարանում այն ամուր հիմքեր է ունեցել տասնամյակներ շարունակ:

Մատենադարանի տնօրենը տեղեկացրեց, որ, բացառիկ ձեռագրակազմերի վերականգնումից զատ, Իրանի մշակույթի օրերի շրջանակում մի շարք միջոցառումներ են նախատեսում. Մատենադարանում բացվելու է Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցադրություն, որին զուգընթաց կկայանա Քրիստինե Կոստիկյանի  «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» և Իվեթ Թաջարյանի «Ղաջարական արվեստի  նմուշները Մատենադարանում» գրքերի շնորհանդեսը:

ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային էլ ընդգծեց, որ հայ-իրանական տարվա շրջանակում Հայաստանի տարբեր կրթամշակութային հաստատությունների հետ տարատեսակ նախաձեռնություններ են իրականացվելու: «Վստահ ենք, որ մշակույթի բնագավառներում միմյանց ճանաչելը պետք է նպաստի երկու երկրների համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Ձեռագրերի և այլ նմուշների պահպանումը լավագույն ապացույցն են, որ երկու երկրները դարավոր և հինավուրց կապեր ունեն»,- ասաց նա և հավելեց, որ Իրանում առկա հայկական ձեռագրերը, եկեղեցիները, հուշարձանները Իրանի վերահսկողության ու պահպանության ներքո են և դրանց մի մասն էլ անգամ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո է:

Իրանից ժամանած վերականգնող Համիդ Մալեքյանն էլ հույս հայտնեց, որ իր կարողությունների սահմաններում կկարողանա օգտակար լինել Մատենադարանին:

«Մենք պետք է կարողանանք տարբեր երկրներում վերականգնել մեր պատմական անձնագրերը, որոնք մեր ապագայի առհավատչյան են, և երկարացնել նրանց կյանքը: Ձեռագրերն ու պատմական փաստաթղթերը չափազանց կարևոր են: Մենք պետք է հաշվի առնենք, որ մարդկության պատմության մասին խոսող ամենաարժեքավոր նմուշներից են թղթի գյուտը, որը տարածվում էր Չինաստանից, զարդարվեստը՝ գեղանկարչությունն ու գրությունը: Ի վերջո  ձեռագրերի շնորհիվ տարբեր երկրների մեծերի, դասականների ստեղծագործություններն են պահպանվել ու հասել մեր օրեր»,-շեշտեց Մալեքյանը:

Հայ-իրանական քաղաքական, պատմական ու մշակութային առնչությունները գալիս են հազարամյակների խորքից:

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են հարյուրավոր  պարսկերեն ձեռագրեր և վավերագրեր, որոնք առավել ակնառու են դարձնում երկու ժողովուրդների դարավոր կապերը: Իրանական հավաքածուն ոչ միայն ամենահարուստն է Մատենադարանի օտարալեզու ձեռագրերի շարքում, այլև գտնվում է ուսումնասիրման և վերականգնման աշխատանքերի առաջնահերթությունների շրջագծում:

 

Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը կանցկացվի նոյեմբերի 15-20-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը կհյուրընկալի 7 երկրի ներկայացուցիչ ավելի քան 100 մասնակցի և հյուրի՝ հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոների տնօրենների Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։

Երևանյան տարբեր բեմահարթակներում կցուցադրվի շուրջ 15 ներկայացում: Փառատոնին Ռուսաստանի «Թատրոն կամրջի մոտ» («Театр у моста») թատրոնը կներկայացնի «Մակբեթը», իսկ Բուլղարիայից Ռոդոփիի դրամատիկական թատրոնը՝ «12-րդ գիշեր» ներկայացումը:

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր`«FestOFF» խորագրով, որը նախատեսված է Հայաստանի և արտերկրի ուսանողների և անկախ թատերախմբերի համար:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, պարային, մոնո, մուլտիմեդիա ներկայացումներ: Երևանյան թատրոններից փառատոնի ծրագրում հանդես կգա Երևանի Կամերային թատրոնը «Համլետ» (բեմադրիչ՝ Արա Երնջակյան) ներկայացմամբ։

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնում։ Հանդիսատեսի դատին կներկայացվի Կիևի ազգային ակադեմիական «Երիտասարդ թատրոնի» (Молодой театр) «Ամառային գիշերվա երազ» ներկայացումը (բեմադրիչ՝ Անդրեյ Բիլոուս)։

Փառատոնը կամփոփի Ալմետի թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը (բեմադրիչ՝ Կարո Բալյան)։ Այն կներկայացվի նոյեմբերի 20-ին,  Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։ 

Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր, որոնք կվարեն ՌԴ վաստակավոր արտիստ,  Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը, «Կնեբել» թատրոնի և «MiSHiNLaB» թատերական լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Միշինը, ֆրանսիացի դերասանուհի Աուրելիե Իմբերտը և Նովոռոսիյսկի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Տեատրալնայա գավան» փառատոնի ղեկավար Եվգենի Կուշպելը։

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: 2016 թվականից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։  Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

 

 

Մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանի առթիվ նոյեմբերի 1-ին մշակույթի մի խումբ գործիչներ, պաշտոնյաներ, երաժշտասերներ ծաղիկներ խոնարհեցին կոմպոզիտորի շիրիմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում կոմպոզիտորին նվիրված ֆլեշմոբ անցկացվեց. Հայաստանի պարի պետական անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարը Էրիկ Չանչուրյանն է, պարային համար նվիրեց հեղինակին, իսկ օպերային թատրոնի ճեմասրահում թատրոնի արտիստները կատարեցին Սպենդիարյանի տեղծագործությունները: Միջոցառման ընթացքում Կենտրոնական բանկի կողմից Սպենդիարյանի տուն-թանգարանին հնաձնվեց հայ մեծ դասականի 150-ամյակի հոբելյանական հուշադրամը:

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի խոսքով՝ նոյեմբերի 1-ին ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհն է տոնում Սպենդիարյանի 150-ամյակը: Նա հայտնեց, որ ժամը 13:00-ին Հայաստանում և ԼՂ-ում հայտարարված է «Սպենդիարյանական ժամ», որի շրջանակում մշակութային, ժամանցային մի շարք հաստատություններում, օդանավակայանում, մետրոպոլիտենում հնչելու է Սպենդիարյանի անմահ երաժշտությունը: «Մենք հարգանքի տուրք ենք մատուցում կոմպոզիտորին և ևս մեկ անգամ փաստում, որ Ալեքսանդր Սպենդիարյան հայորդին, մտավորականը, երաժիշտը մեր ամենամեծ ազգային արժեքն է, որի թողած ստեղծագործական ժառանգության ամուր հիմքի վրա պետք է հենվել և առաջ գնալ»,-շեշտեց Օթարյանը:

Օպերային թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանն ասաց, որ Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ և կամերային երաժշտության հիմնադիրն է: «Եթե մի փոքր պատմական ակնարկ անենք և գնանք 100 կամ 120 տարի հետ, երբ Հայաստանը շատ վատ վիճակում էր, երբ այստեղ սով էր, կտեսնենք, որ Սպենդիարյանն այն քչերից էր, որը հենց այդ տարիներին եկավ Հայաստան և փորձեց եվրոպական արժեքները ներմուծել: Նրա դերը մեր երաժշտարվեստում անգնահատելի է: Մենք պարտական ենք Սպենդիարյանին, որ ունենք օպերային թատրոն, թանգարան, դպրոց և այլ արժեքներ»,-ընդգծեց Գրիգորյանը:

Անդրադառնալով «Ալմաստ» օպերային՝ թատրոնի փոխտնօրենը շեշտեց, որ նախատեսել են վերականգնել ներկայացումը:

ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, որն «Ալմաստ» օպերային ներկայացման մեջ կատարել է Նադիր Շահի արիան, շեշտեց, որ մի բան է, երբ լսում ես Սպենդիարյանի անունը, այլ բան է, երբ ունկնդրում ես նրա երաժշությունը և այլ բան է, երբ կատարում ես նրա երաժշտությունը: «Սպենդիարյանի երաժշտական մատուցումը, գույները, հարմոնիան խտացված են և բարդ, իսկ երբ  կատարում ես, և երաժշտությամբ ես տարվում, տեսնում ես, որ Սպենդիարյանը միայն չի մտածել տեքստի կամ ստեղծագործության էության մասին. նա մտածել է նաև դրամատուրգիայի մասին: Կարծում եմ, որ ունկնդիրը պետք է ծանոթանա տեքստին և երաժշտությունը լսելիս կհասկանա, որ ամբողջ ռեժիսուրան բեմադրությունն առկա են երաժշտության մեջ»,-ասաց օպերային երգիչը:

Թումանյանի խոսքով՝ հանդիսատեսը պետք է պատրաստված լինի դա ընկալելու համար, քանի որ արվեստը ժամանց չէ: «Կարծում եմ՝ մենք պետք է մեր ազգային մշակույթին շատ լուրջ վերաբերվենք, ազգային օպերաները լուրջ ռեժիսուրայով ներկայացնենք, որովհետև  մենք ունենք երաժշտական կոթողներ, որոնցից հանճարեղ  է «Ալմաստ» օպերան»,-նշեց երգիչը:

Միջոցառումն իրականացվեց Ալ.Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, կոմպոզիտորի տուն-թանգարանի և Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի նախաձեռնությամբ:

Ալեքսանդր Աֆանասիի Սպենդիարյանը ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին Կախովկա քաղաքում: Երաժշտական տաղանդը ժառանգել է մորից, որը դաշնամուրի ուսուցչուհի էր: Երաժշտությամբ զբաղվել է 9 տարեկանից, սկզբում դաշնամուրի դասեր է ստացել, որոնք սակայն դադարեցին 1-1,5 տարի հետո, քանի որ, ինչպես կոմպոզիտորն է նշում, ինքը տանել չէր կարողանում գամմաները: Ավելի ուշ նա սովորել է ջութակ նվագել:

1890-ին պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա: Ընդունվում է Մոսկվայի կայսերական համալսարան նախ՝ բնագիտության ֆակուլտետ, ապա ուսումը շարունակում իրավաբանության ֆակուլտետում։ Համալսարանում ուսանելու տարիներին նվագում է տարբեր անսամբլներում և համալսարանի ուսանողական նվագախմբում:

Ալեքսանդր Սպենդիարյանի անունն իր նշանակալից տեղն ունի հայ դասական երաժշտության պատմության մեջ։ Յուրօրինակ կոմպոզիտոր, տաղանդավոր դիրիժոր Ալեքսանդր Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից մեկն է, ով յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական և, մասնավորապես, ռուսական դասական երաժշտության ավանդույթներով, ընդլայնեց ազգային երաժշտության շրջանակները։ Նա հիմք դրեց հայ սիմֆոնիկ երաժշտությանը, հարստացրեց կամերային երաժշտությունը և ստեղծեց դասական «Ալմաստ» օպերան։ Սպենդիարյանը մեծ դեր խաղաց ազգային կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների և հայ երաժշտության մեջ ռեալիստական ուղղվածության ձևավորման գործում։ Սպենդիարյանի երաժշտական ժառանգությունը բաղկացած է բազմաթիվ երգերից ու ռոմանսներից, մի շարք կամերային-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործություններից, օպերայից:

 

Հայտնի «Մոնա Լիզա» կտավի ճշգրիտ պատճենը, որի բնօրինակը նկարել է իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչին և ներկայումս պահվում է Լուվրում, նոյեմբերի 9-ին Փարիզի Artcurial աճուրդում հանվեց վաճառքի։

«Artcurial-ը ներկայացնում է «Մոնա Լիզայի բացառիկ պատճենը», - ասվում է ֆրանսիական աճուրդի տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այս օրինակի հեղինակին, ով այն նկարել է մոտ 1600 թվականին, ենթադրաբար հասանելի է եղել բնօրինակն, ինչով բացատրվում է երկու կտավների նմակությունը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նկարի արժեքը տատանվում է 173 դոլարից մինչև 230 հազար դոլար։

Reuters-ը գրում է, որ Լեոնարդո դա Վինչիի այս ստեղծագործության մեկ այլ օրինակ, որը թվագրվում է 17-րդ դարով, 2,9 միլիոն եվրոյով վաճառվել է այս տարվա հունիսին Փարիզի Christie's-ում:

«Մոնա Լիզա» կտավը, որն աշխարհի ամենահայտնի գեղանկարչական գործերից է,  Լեոնարդո դա Վինչին նկարել է Ֆլորենցիայում, սակայն 1516 թվականին նկարն իր հետ տարել է Ֆրանսիա։ Նկարչի մահից հետո՝ 1519 թվականին, դիմանկարը ձեռք է բերել Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս I-ը։ Կտավը պահվել է Ֆոնտենբլո ամրոցում մինչև Լյուդովիկոսի XIV-ի ժամանակները։ Նա նկարը տեղափոխել է Վերսալյան պալատ, իսկ 18-րդ դարի վերջին ֆրանսիական հեղափոխությունից հետո այն տեղափոխվել է Լուվր։