Մի գավաթ անդորր (286.Ամեն ինչում ուրիշներն են մեղավոր)
«Այո ամեն ինչում ուրիշներն են մեղավոր»: Հարգելի ռադիոլսող ունկնդիրներ անշուշտ այս նախադասությունը շատերիդ հիշեցրեց ձեր մանկության օրերը,երբ սխալ էիք թույլ տալիս մեղադրում էիք ուրիշներին: Սակայն խնդիրը նրանում է, որ այն հանդիպում է նաև հասուն տարիքում: Ինչո՞ւ է մեզ դժվար ընդունել այդ զգացումը և ե՞րբ է այն հաճախ հանդիպում:
Մեր դժբախտությունների և անհաջողությունների համար ինքներս մեզ մեղադրելու փոխարեն, հաճախ մեղադրում ենք ուրիշներին։ Այսօր կխոսենք մեր սխալների համար այլ մարդկանց մեղադրելու և ցածր ինքնագնահատականի կապի մասին։
Երբ փոքր էինք, մեր սխալների համար մեղադրում էինք մեր քրոջը կամ եղբորը։ Բայց հասունանալով, մեզնից շատերը դեռ մեղադրում են իրենց սխալների և դժվարությունների համար այլ մարդկանց ու չեն ուզում պատասխան տալ իրենց գործած սխալների համար։ Կարևոր չէ, թե դա ինչ է՝ լինի ավտոբուսից ուշանալ, թե կռիվ զուգընկերոջ հետ, կամ էլ՝ աշխատանքում թույլ տված որևէ սխալ։ Հաճախ մենք մեղադրում ենք այլ մարդկանց՝ չհասկանալով, որ իրականում մենք ենք սխալ թույլ տվել։
Սովորաբար մենք հակված ենք գնդակն այլ տեղ գցելու: Մտածում ենք, որ ուրիշներն են մեղավոր. «Հասարակությունն է մեղավոր, որ ես այսպիսին եմ: Մի՞թե սա կյանք է, որ մենք ենք ապրում: Ուրիշներն են մեղավոր, որ ես խենթանում եմ: Կինս է մեղավոր, որ ինձ աշխատավայրից շտապ կանչում են, որ այնտեղ խնդիրներ կան, նյարդայնացնող իրադրություն է և շատ նման արտահայտություններ հաճախ ենք լսում:Եկեք ընդունենք, որ յուրաքանչյուրս պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ կատարվում է մեր կյանքում: Այլ խոսքով՝ եկեք այլոց վրա չբարդենք պատասխանատվությունն այն բանի համար, թե մենք մեզ ինչպես ենք զգում, դադարենք ասելուց. «Սրա համար երեխաս է մեղավոր, ամուսինս, կինս», և կհասկանանք, որ մեր մեզանից է կախված այն, թե ինչպես ենք մեզ զգում: Մենք ազատ ենք ուրախություն, վրդովմունք զգալու, լաց լինելու, փնթփնթալու, տխրելու կամ երջանիկ լինելու համար: Մենք կարող ենք երջանիկ լինել:
---
-Մեղքի զգացումը բացասական հույզերից մեկն է։ Բայց սեփական արարքների համար պատասխանատվություն կրելը ոչ միշտ և ոչ բոլորի մոտ է առաջացնում մեղքի զգացում։ Մյուսները ընդունակ են սառը դատելու և իրավիճակից դասեր քաղելու, նույն սխալն ապագայում չկրկնելու համար՝ իրենց մեղադրելու, մեղքի զգացում ունենալու փոխարեն։ Իսկ մյուսները մեղադրում են իրենց կատարած սխալի կամ որևէ դժվարության համար։ Նրանց մեղքի զգացումն այնքան մեծ է, որ չի թողնում լիարժեք ապրել։ Երբ մեզ համար հոգեբանական մակարդակում ծանր է ընդունել սխալը, ապա մենք սկսում ենք մեր դժվարությունների և անհաջողությունների համար մեղադրել ուրիշներին։ Այն մարդիկ, որոնք ունեն ցածր ինքնագնահատական, իրենց ուսերին են վերցնում անգամ ուրիշի պատասխանատվությունը։ Կարծես թե նրանց դուր է գալիս զբաղվել ինքնաքննադատությամբ։ Հաճախ սրանք այն մարդիկ են, որոնց փոքր ժամանակ ծնողները քննադատել են, չեն թողել զգալ իրենց ուժեղ և կայացած։
---
Հոգեբան Սոֆի Բաբայանն ասում է.«Հաջողակ լինել և հասնել որոշակի ձեռքբերումների ցանկանում են շատ-շատերը, ինչը բնական է: Մինչդեռ ցավով պետք է արձանագրել, որ քիչ չեն թույլ ու կամազուրկ մարդիկ, ովքեր ոչ միայն չեն հասնում իրենց նպատակներին, այլև իրենց անհաջողությունների մեջ մեղադրում են ուրիշներին, արտաքին հանգամանքները, նույնիսկ ճակատագրին:
Այս մարդիկ համոզված են, որ իրենց մշտական ընկճվածությունն անհաջողությունների հետևանք է, մինչդեռ իրականում հակառակն է: Անհաջողությունների համար պատճառ են հանդիսանում տվյալ անձնավորության մշտական բացասական հույզերը, ուրիշներին քննադատելն ու դատելը, հակասական մտքերը: Այսօրինակ տրամադրվածություններից խուսափելու կամ դրանցից ազատվելու համար նախևառաջ մարդ պետք է սիրի ու հարգի և՛ ինքն իրեն, և՛մերձավորին: Նա, ով չի սիրում մարդկանց, այլ միայն ինքն իրեն, իրականում զուրկ է ճշմարիտ սիրուց: Ամբողջ կյանքում ինքն իրեն մեղադրել անցյալի վրիպումների համար առնվազն անմտություն է: Պետք է ուղղակի դասեր քաղել անցյալից, հնարավորինս ճիշտ գնահատել ներկան, նույնիսկ ամենավատթար իրավիճակում փորձել տեսնել դրականն ու կենտրոնանալ դրա վրա: Քանզի հասնել հաջողությունների հնարավոր չէ` ուսերին կրելով մեղքի զգացումն ու անհաջողակ մարդու պատրանքը:
Մարդու ինքնագնահատականը ժամանակ առ ժամանակ փոփոխության է ենթարկվում, ինչի ուղղությամբ պետք է անընդմեջ աշխատել, փորձել դուրս գալ ոչ ցանկալի իրավիճակներից ու իրադարձություններից: Նկատելի է, որ որոշ անձինք, ունենալով և՛ տաղանդ, և՛ գիտելիքներ, և՛ այլ հնարավորություններ, երբեմն հաջողությունների հասնելու համար զգալի ջանքեր են գործադրում: Որոշներն էլ, չունենալով առաջինների պոտենցիալ հնարավորությունները, շատ արագ մեծ հաջողությունների են հասնում: Բանն այն է, որ վերջիններս ինքնավստահ են, կարողանում են ճիշտ ներկայացնել իրենց: Պարզվում է` գործատուներն այդպիսիներին վստահում են: Ինքնավստահ մարդիկ,տստ հոգեբանի ավելի հավասարակշռված են, նրանց հետ հետաքրքիր է հաղորդակցվելը, ունեն հումորի զգացում ու սուր միտք, ամեն մանրուքի համար չեն վիրավորվում, ձգտում են իրավիճակից դուրս գալ առանց վերբալ (խոսքի միջոցով) ընդհարումների: Եվ հակառակը, նա, ով անընդհատ պատճառ է փնտրում վեճի մեջ մտնելու, ցանկացած առիթով ձայնը բարձրացնում է, այդպիսին թերարժեք է, երբեմն նաև վախկոտ: Նմանները վանում են մարդկանց, հետևաբար նաև զրկվում են ցանկալի կարիերայի հասնելու հնարավորությունից:
Ինքնագնահատականի համար շատ կարևոր է ոչ միայն համապատասխան հոգեբանական տրամադրվածությունը, այլև ֆիզիկականի հանդեպ ուշադրությունը: Անհրաժեշտ է կոփել մարմինը, զբաղվել մարմնամարզությամբ, վազել, պարել, կարողանալ տիրապետել ուղիղ քայլվածքին: Նրանք, ովքեր կորացած են քայլում, վախվորած դեմք ունեն, չեն կարող ուշադրություն գրավել, հետևաբար նաև չեն համարվի հաջողակ: Հոգեբաններն ապացուցել են, որ ուղիղ պահելով իրանը` զգալիորեն մեծանում է ինքնագնահատականը: Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով ճնշված են զգում իրենց, կամ` անվստահ, կարող են փորձել ուղղվել և միանգամից կզգան տարբերությունը: Այստեղ գործում է հոգեսոմատիկ (հոգեֆիզիկական) յուրահատուկ մի ֆենոմեն. մարմնի ճիշտ դիրքն անմիջականորեն դրական ներգործություն է ունենում հոգեկանի վրա. ուղիղ իրան ունեցող մարդիկ շատ ավելի ինքնավստահ ու գրավիչ են զգում իրենց: Իսկ նման դրական հոգեվիճակներ ունենալով, մարդ չի կարող իրեն թույլ ու տկար զգալ։
---
Ամփոփելով՝ կարելի է ասել, որ պետք է գիտակցել ու ընդունել սեփական սխալները։ Դա շատ ջանք կպահանջի, սակայն արդյունքը կգոհացնի բոլորիս։ Պետք չէ սեփական սխալների համար մեղադրել ուրիշներին, պետք է վերլուծել, հասկանալ, թե որտեղ ենք սխալվել, ուղղել այդ սխալն ու առաջ շարժվել։