Փետրվար 03, 2022 20:33 Asia/Yerevan

Իրանահայ հայտնի դիրիժոր Արամ Ղարաբեկյան.

Արվեստը նվիրում է պահանջում: Արվեստը իրեն նվրիվածներին տալիս է թևեր ճախրելու այս անծայրածիր աշխարհում: Արվեստի իրական նվիրյալը իր հոգում կուտակած գանձերից առատորեն բաշխում է բոլորին ու ինքն էլ ավելի է լցվում արվեստի բարիքներով: Սակայն այս ամենը կատարվում են նրա կամքից անկախ, քանի որ իրական արվեստագետի բնությունն է այդպիսին: Նա ապրում է իր բարձր արվեստով ու միաժամանակ իր ապրած տարիների ընթացքում ուրիշների մոտ ձևավորում է բարձր ճաշակ, իսկ երբ հեռանում է կյանքից , նրա հիշատակը միշտ վառ է մնում արվեստի իրական գործիչների սրտերում ու նրա թողած ավանդը շարունակվում է  հավերժ:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Իրանահայ Հանրահայտ գործիչներ հաղորդաշարի այս համարը նվիրված է իրանահայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանին:

Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955 թ. հուլիսի 4-ին Թեհրանում: Ավարտել է Բոստոնի «New England» երաժշտանոցը, ապա սովորել երաժշտական ֆենոմենոլոգիա Գերմանիայի Մայնց քաղաքի համալսարանում: Դիրիժորական արվեստի գաղտնիքները Ղարաբեկյանը յուրացրել է Ֆրանկո Ֆերարայի ղեկավարությամբ՝ Իտալիայում, այնուհետև, 1979 թ. աշակերտել է լեգենդար Սերջիու Չելիբիդախեին՝ Գերմանիայում: Կոմպոզիցիայի և դիրիժորության դասեր է ստացել նաև Մասաչուսեթսի Թենգլվուդ երաժշտական կենտրոնում՝ Յաքոբ Դրաքմենի և Լեոնարդ Բերնսթայնի ղեկավարությամբ:

Ա. Ղարաբեկյանի դիրիժորական գործունեությունը սկսվել է 1983 թվականից, երբ իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրել և ղեկավարել է Բոստոնի «ՍինֆոՆովա» կամերային նվագախումբը: Նրա ղեկավարությամբ՝ 1983-1991թթ., նվագախումբը համերգային լայն գործունեություն է ծավալել, ելույթներ ունեցել ամերիկյան հայտնի համերգասրահներում (Նյու-Յորքի «Carnegie Hall», Լոս Անջելեսի «Dorothy Chandler Pavilion», «Boston’s Symphony Hall», «Jordan Hall»)` ամենուրեք արժանանալով մամուլի և քննադատների բարձր գնահատանքին: Արամ Ղարաբեկյանը ղեկավարել է Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Օպերայի և բալետի թատրոնը: Որպես հրավիրյալ դիրիժոր ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Մյունխենի «Սինֆոնիետա», Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Ուկրաինայի ռադիոյի և հեռուստատեսության, Զագրեբի, Լվովի Շրևեպորտի, Զեջիանգի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ, հյուրախաղերով հանդես եկել Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և նախկին Խորհրդային Միության երկրներում:

Իր եռանդուն ու բազմակողմանի երաժշտակատարողական գործունեության համար Արամ Ղարաբեկյանն արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների. ԱՄՆ-ի կոնգրեսի Հատուկ հռչակագիր, Լյուսիեն Վուլսնի անվան մրցանակ (1988), Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների միության (ASCAP) մրցանակ (1989), Հարվարդի երաժշտական ընկերության «Լավագույն կատարման մրցանակ»: Նրա կատարումները «Բոստոն Գլոբի» կողմից չորս անգամ ճանաչվել են որպես «Տարվա լավագույնը»: Արվեստագետի կյանքի 12 տարիները կապված էին Հայրենիքի երաժշտական կյանքի հետ: 1997 թ. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հրավերով ստանձնելով վերակազմավորված Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարությունը՝ Ղարաբեկյանը կարճ ժամանակաընթացքում նոր շունչ ու ոգի հաղորդեց խմբի գործունեությանը:

---

Ղարաբեկյան-գլխավոր դիրիժորի ջանքերի շնորհիվ կամերային նվագախումբը դարձավ հանրապետության առաջատար երաժշտախմբերից մեկը՝ ծավալելով աննախադեպ եռանդուն համերգային գործունեություն. բազում ելույթներ ու հյուրախաղեր թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, մշտապես նորացվող նվագացանկ՝ դասական կամերային երկերից մինչև 20-րդ դար, արգենտինյան տանգոյից մինչև հայ ավանդական գործիքներով հնչող գործեր, բազմաթիվ ձայնագրություններ ու նկարահանումներ… Արամ Ղարաբեկյանի ղեկավարության տարիներին նվագախումբը ելույթներ է ունեցել Միացյալ Նահանգներում, Կանադայում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում: Հիշարժան են նվագախմբի տպավորիչ ելույթները Քենթերբերիի (Անգլիա), Հալլեի (Գերմանիա), Դիմիտրիայի (Հունաստան), «Սանկտ Պետերբուրգի պալատներ»-ի (Ռուսաստան) միջազգային փառատոներում:

Հայաստանի պետական կամերային նվագախմբին էին վստահված Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային հանդիսությունների բացման համերգը Բեռլինում, ինչպես նաև ելույթը Նիկոսիայում՝ Կիպրոսի նախագահական պալատում: Նվագախմբի ելույթները հեռարձակվել են CNN և Ռուսաստանի «Կուլտուրա» հեռուստաալիքներով: Դասական երաժշտության համերգներին զուգահեռ՝ Ղարաբեկյանն իր հետ բերեց ելույթների նոր ձևաչափ՝ բացօթյա համերգներ Երևանում (Open Music Fest, 2009) և հեռավոր մարզերում, երաժշտական տարբեր նախագծեր պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ (Գառնի, Զվարթնոց, Շուշի): Գառնիի տաճարի 2004 թ. բացօթյա գալա-համերգի տեսագրությունը 2005 թ. Բուխարեստի ECO-ETNO-FOLK միջազգային կինոփառատոնում արժանացավ հատուկ դիպլոմի:

---

2007 թ. նվագախմբի նախաձեռնությամբ կազմակերպվել է դասական երաժշտության առաջին Արցախյան փառատոնը, որը 2008 թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, արժանացել է «Լավագույն դասական նախագիծ» մրցանակին: Արդի երաժշտության զարգացման ու խթանման նպատակով Արամ Ղարաբեկյանն ու ՀՊԿՆ-ն պատվիրել ու կատարել են ժամանակակից կոմպոզիտորների ավելի քան 40 նոր գործ, այդ թվում նաև՝ նվագախմբի համար գրված ստեղծագործություններ հայ ավանդական նվագարանների ներգրավումով՝ դուդուկ, զուռնա, շվի, քամանչա: Հայաստանից մեկնելուց հետո Արամ Ղարաբեկյանը շարունակեց իր երաժշտակատարողական գործունեությունը ամերիկյան մայրցամաքում: Իրեն բնորոշ խանդավառությամբ կրկին ձեռնամուխ եղավ գեղարվեստական տարբեր նախագծերի իրականացմանը՝ ղեկավարեց համերգային տարբեր ծրագրեր, հանդես եկավ հյուրախաղերով:

Ստեղծեց «Բաց երաժշտական հասարակության հիմնադրամը», որի նպատակները բազմազան էին ու հեռահար՝ համերգային, կրթական, գեղարվեստական փոխանակման, փառատոնային և այլն: Հիմնադրամի շրջանակներում Ղարաբեկյանի գլխավորությամբ կազմակերպվեց 2012 թ. սեպտեմբերի 21-ին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ամերիկյան «Շաթլ: Ինդևոր» տիեզերանավի դիմավորելու հանդիսավոր արարողության գեղարվեստական մասը: 2014 թ. մարտին Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ նախատեսված համերգը Միչիգանի համալսարանում թավջութակահար Սուրեն Բագրատունու մասնակցությամբ և Վաչե Շարաֆյանի երաժշտությամբ պետք է անցներ «Cello Plus Festival»-ի շրջանակներում: Բայց ավաղ, որ նա անժամանակ հեռացավ կյանքից իր մահկանացուն կնքելով 2014թ. հունվարի 10-ին: 

Aravot.am կայքը 2014թ. հունվարի 24-ին «Մաեստրոյի հիշատակին»… խորագրով հոդվածում այսպես է գրել Արամ Ղարաբեկյանի մասին.

«Ղարաբեկյան-դիրիժոր-երաժշտի հավատամքը դասական երաժշտության բարձր գաղափարներին ազնվորեն ծառայելու առաքելությունն էր: Նրա համար երաժշտությունը մասնագիտություն չէր, այլ, իր իսկ խոսքով՝ կենսակերպ, երկրի վրա ի վերուստ տրված մարդկային կյանքի ժամանակահատվածն ապրելու և արարելու միջոց: Դրանով էր նա առանձնանում, դրա մեջ էր տեսնում իր գործի ճշմարիտ ընթացքը: Նա ապրում էր Ժամանակի ու Տարածության իր օրենքներով, փնտրում իրեն հուզող հարցերի պատասխանները երաժշտական տարբեր դարաշրջանների հեղինակների երկերում: Դիրիժորական ինքնատիպ ձեռագիրն ու ստեղծագործական վառ անհատականությունը, երաժշտական համարձակ մտահղացումները՝ ավանդականի ու նորի համադրումով, համերգային բազում անմոռաց երեկոների հաջողության գրավականն էին: Մաեստրո Ղարաբեկյանի դիրիժորական փայտիկն, ասես, աներևույթ մի ուժի շնորհիվ վերածվում էր կախարդական գավազանի, որի հատու և վճռական բախումներն ի զորու էին ծնունդ տալ երաժշտական ամենատարբեր ու անսովոր ընթերցումների: Նա հավատում էր, որ երաժշտությունը միավորում է մարդկանց, գիտեր արվեստի մոգական ազդեցության ուժը: Դասական երկերի բարձրարվեստ կատարումներից զատ՝ մաեստրոն «ստիպում էր» դահլիճի հանդիսատեսին դառնալ իր՝ «ղարաբեկյանական», երաժշտական թատրոնի անսպասելի մասնակիցը՝ փշրելով բոլոր կաղապարներն ու կարծրատիպերը: Այդպես էլ հեռացավ՝ անսպասելի, այս դեպքում, ավա՜ղ, կրկին կոտրելով կարծրատիպը… Դեռ երկար ենք զգալու այս անդառնալի կորստյան ցավն ու Երաժշտի երկրային բացակայությունը: Նա գնաց միանալու մեր մեծերին՝ հայ դիրիժորական արվեստի երկնակամարում թողնելով իր վառ ու պայծառ Աստղի լույսը… Թող Լույս իջնի շիրիմին… Պայծառ հիշատակ, մաեստրո Ղարաբեկյան… »

2014թ. Հունվարի 23-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ կայացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտը տեղի ունեցավ հունվարի 29-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

 

Պիտակ