Մարտ 09, 2022 19:50 Asia/Yerevan

Իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս ճգնավորյան.

Մեր մոլորակում ապրում են մարդիկ, ովքեր թեև առևերևույթ նման են մյուսներին, բայց խորքում շատ տարբեր են: Նրանք մյուսներից առանձնանում են նրանով, որ կարողացել են հասկանալ կյանքի իմաստը և գտել են երջանկության գաղտնիքը: Նրանք իրենց երջանիկ են համարում այն ժամանակ, երբ երջանիկ են տեսնում մյուսներին: Իհարկե նրանք այդ գաղտնիքը գիտակցելուց բացի ամեն կերպ փորձում են, որպես մարդ, ուրախություն ու երջանկություն պարգևել իրենց շրջապատին ու նաև ողջ մարդկությանը: Նրանք իրենց առաքելությունը շարունակում են մինչև վերջ և ոչ մի բան չի կանգնեցնում նրանց: Մարդկային այս տեսակի համար կարևոր չէ թե իրենք ինչ դիրք են զբաղեցնում, քանի որ գիտակցում են ,որ իրենք էլ մյուսների նման Աստծո արարածներ են: Նրանք չնայած իրենց ձեռք բերած հաջողություններին ու վաստակին, խոնարհ են և միշտ լցված են սիրով ու գերադասում են լինել ժողովրդի հետ, ժողովրդի մեջ, որովհետև իրենց ուժն ու զորությունը ստանում են հենց ժողովրդից:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ «Իրանահայ հանրահայտ գործիչներ» հաղորդաշարի այս և մյուս համարը նվիրված է Իրանահայ աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր մայեստրո Լորիս Ճգնավորյանին:

***

Իրանահայ աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր մայեստրո Լորիս Ճգնավորյանը ծնվել է 1937 թվականին Իրանի Բորուջերդ քաղաքում։ Ճգնավորյանը 1950-1954 թվականներին սովորել է Թեհրանի կոնսերվատորիայի ջութակի բաժնում, ապա Թեհրանից տեղափոխվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա և 1961 թվականին ավարտել Վիեննայի երաժշտական ակադեմիայի, ջութակի և կոմպոզիցիայի բաժինները, այնուհետև նա 1963-1964 թվականներին կատարելագործվել է Զալցբուրգի Մոցարտեումում և 1965-1966 թվականներին՝ Միչիգանի համալսարանում։

Ուսումն ավարտելուց և որպես երաժիշտ կատարելագործվելուց հետոո Ճգնավորյանը վերադառնում է Իրան: 1970-1975 թվականներին Լորիս ճգնավորյանը եղել է Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի տնօրեն և ներկայացուցիչ-կոմպոզիտոր, օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, ժամանակի Փահլավի մշակութային հիմնադրամի գլխավոր երաժշտական տնօրեն։ Լորիս Ճգնավորյանը 1975 թվականից ապրել և աշխատել է Վիեննայում, Նյու Յորքում, Լոնդոնում։ 1978 թվականին նա Լոնդոնում հիմնել է Հայ երաժշտության ինստիտուտը։ Իսկ 1989 թվականից գործունեություն է ծավալել Հայաստանում, 1989-1998 և 1999-2000 թվականներին՝ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։

Լորիս Ճգնավորյանը գրել է 5 օպերա, Ռեքվիեմ և բազմաթիվ երաժշտական ստեղծագործություներ։ Նա 45-ից ավելի կինոնկարների երաժշտության հեղինակ է։ Նա ղեկավարել և համերգներով հանդես է եկել Ավստրիայում,  Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հունգարիայում, Իրանում, Ֆինլանդիայում, նախկին ԽՍՀՄ-ի երկրներում, Հայաստանում, Թաիլանդում, Հոնկոնգում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Դանիայում և այլուր։ 1970 թվականին Իրանի մշակույթի նախարարը Ճգնավորյանին հրավիրում է Իրան և նշանակում է Թեհրանի Ռուդաքի օպերային թատրոնի նվագախմբի գլխավոր դիրիժոր։

 

1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած Մեծ երկրաշարժից հետո, ԱՄՆ-ից Ճգնավորյանը տեղափոխվել է Հայաստան և 1991 թվականին ոտքով քայլել է մինչև Գյումրի, երկրաշարժից ավերված քաղաքի համար դրամահավաք կազմակերպելու և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծելու համար, այդ օրերին նկարահանվեց մի կինոնկար՝ «Ուխտագնացություն դեպի Գյումրի», որի սցենարի հեղինակը Հրաչուհի Տատուրյանն էր։ Ճգնավորյանը մեծ ներդրում ունի նաև Հայաստանի անկախության ճանաչման գործում, նա այդ օրերին կազմակերպեց մեծ համերգ՝ «Այո Անկախությանը» ի նպաստ ժողովրդի կողմից անկախության ճանաչմանը։ Բարեկամներ Հայաստանում և Իրանում Ճգնավորյանի մշակութային գործունեությանը մանրամասնորեն կանդրադառնանք հաջորդ թողարկման ընթացքում:

Ճգնավորյանը իրականացրել է մի շարք ձայնագրություններ, որոնք արժանացել են քննադատների դրական արձագանքին, ղեկավարել է աշխարհի մի շարք առաջատար նվագախմբեր, ինչպիսիք են Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Վիեննայի պետական օպերայի նվագախումբը և այլն:

Իր ստեղծագործական կյանքում Ճգնավորյանը Հեղինակել է ավելի քան 70 ստեղծագործություն, ներառյալ «Աղավնու վանքը» (1961թ.), «Ռոստամ և Սոհրաբ» (1962-64թթ), «Փարդիս և Փարիսա» (1972թ.) և այլ օպերաները, «Ֆանտաստիկ» (1958-61թթ), «Սիմորղ» (1975թ.), «Օթելլո» (1984թ.) բալետները, օրատորիաներ, 5 սիմֆոնիա, կոնցերտներ, նվագախմբային սյուիտներ, խմբերգեր, կինոերաժշտություն և այլն: Կազմակերպել է սիմֆոնիկ երաժշտության մի շարք փառատոներ («Աշխարհը և մենք», «Արամ Խաչատրյան-90», «Եղեռնից մինչև անկախություն...»), «Հոգևոր երաժշտության ժամ» համերգաշարը և այլն:

Մշակութային ոլորտում իր մատուցած անշահախնդիր ծառայությունների համար մայեստրոն պարգևատրվել է բազմաթիվ պետական շքանշաններով, մրցանակներով: 1971թ. արժանացել է Իրանի «Հոմայուն», 1978թ.՝ Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանների, 1991թ.՝ Երևանի պատվոր քաղաքացու կոչման, 1996թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի», 2012թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին կարգի մեդալների և Ավստրիայի Նախագահի սահմանած «Ոսկե մեդալի»:

Բարեկամներ հայերեն ռադիոժամը պատիիվ է ունեցել իր հարկի տակ հյուրընկալել Մայեստրո Լորիս ճգնավորյանին: Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  ռադիոժամին տված հարցազրույցից մի հատված:  

Ավարտվեց Մայեստրո Լորիս ճգնավորյանին նվիրված հաղորդման առաջին մասը, երկորդ մասը կներկայացնենք հաջորդ շաբաթ: