Շաբաթվա ամփոփում
Ողջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ամփոփելով շաբաթը ներկայացնելու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Ընկերակցեք մեզ։
-Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած համաժողովրդական հանարահավաքի հիմնական մեսիջներին և հնարավոր արդյունքներին, «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վարդան Խաչատրյանը ասել է.« «Զանգեզուրի միջանցքի» հարցում առանձնակի հետաքրքրություն ունի Անգլիան»:
Արցախում գոյություն ունեցող իրավիճակն ունի հակակշիռներ, և Արցախի դեկտեմբերի 25-ի հանրահավաքից կատարված հայտարարությունները լուրջ ազդեցություն կարող են գործել ինչպես համաշխարհային կենտրոնների, այնպես էլ տարածաշրջանում Թուրքիայի, Իրանի, ՌԴ-ի վրա, Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Արցախում տեղի ունեցած համաժողովրդական հանարահավաքի հիմնական մեսիջներին և հնարավոր արդյունքներին, ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վարդան Խաչատրյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը ճանապարհը փակել է՝ ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից:
«Ադրբեջանն այս եղանակով գնացել է ծայրահեղ քայլի, քանի որ չեմ կարծում, թե Ալիևը ցանկանում էր հայտնվել այդ իրավիճակում։ Ամենայն հավանականությամբ, Ալիևին ներքաշեցին այս ամենի մեջ, և նա վստահ էր, որ Թուրքիան Նախիջևանում գտնվող իր ռազմական հնարավորությունները կօգտագործի՝ «միջանցքը» բացելու և երկկողմանի հարձակման համար, որի արդյունքում հնարավոր կլինի բացել «միջանցքը»՝ անելով թուրանական ծրագրին անցնելու արմատական քայլերից մեկը։
Այս առումով պետք է նշել, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում առանձնակի հետաքրքրություն ունի Անգլիան։ Ալիևը չէր կարող չգնալ այս քայլին, քանի որ աներևակայելի օգնություն էր ստացել 44-օրյա պատերազմի ընթացքում, հսկայական շինարարություն է կատարվել, ճանապարհներ են կառուցվել, որոնք պետք է դառնան Չինաստանից եկող ապրանքների գլխավոր հանգույցը, ինչը բացահայտորեն ուղղված է ռուսական շահերի դեմ։ Փաստ է, որ ռուս-ուկրաինական պատերազմում շատ ադրբեջանցի զինվորականներ կռվում են ուկրաինական ճակատում՝ ընդդեմ Ռուսաստանի։ Ստացվում է, որ Ալիևից պահանջվում է հրկիզել հարավը ևս, որպեսզի Ռուսաստանը հնարավորություն չունենա Ուկրաինայում ճնշում գործադրել։ Բոլորը վախեցած են նրանից, որ ռուսական ուժերը բազմապատկվում են, և ամբողջ աշխարհը ստիպված կլինի ճանաչել Ուկրաինայի պարտությունը։ Այս դեպքում հասկանալի է, որ Ադրբեջանը ուղիղ չի առճակատվի ՌԴ-ի դեմ, ուստի դա անում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը վերսկսկելու տարբերակով»,- ասել է Խաչատրյանը։
Վերջինիս կարծիքով՝ այսօր այդ կոնֆլիկտն ունի լուրջ հակակշիռներ՝ ի տարբերություն 44-օրյա պատերազմի։
«Թուրքական զինուժի գլխին լուրջ վտանգներ են կախված։ Ստացվեց, որ Ադրբեջանը գնաց կոնկրետ քայլերի, բայց թուրքական զինուժի կողմից սպասվելիք հարձակումը տեղի չունեցավ, ինչը պայմանավորված է Իրանի քայլերով։ Կապանում հյուպատոսարան բացելը, ամենամարտունակ զորամիավորումները մեր սահմանին մոտ տեղափոխելը հստակ ուղերձներ էին։ Ընդ որում, պետք է ընդգծել, որ միայն Իրանը չէ, որ հանդես է եկել նման ուղերձներով․ մոտ մեկ ամիս առաջ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի օրերին Հնդկաստանը հանդես եկավ հայտարարություններով, որոնց ուղերձն այն էր, որ Հնդկաստանը կանգնած է ՀՀ-ի կողքին՝ զենքի մատակարարման և զինվորական կադրերի վերապատրաստման առումով։ Թուրքիան և Արևմուտքը, ըստ էության, հասկացան, որ գործ ունեն Իրան-Հնդկաստան տանդեմի հետ, ինչը Արևմուտքի համար բավականին լուրջ է՝ հատկապես հաշվի առելով, որ ներկայիս աշխարհում Հնդկաստանն է կշեռքի այն ծանրաքարը, որը նժարը կարող է ուղղել մեկի կամ մյուսի կողմը։ Ուստի ստեղծված այս իրավիճակում երեկվա հանրահավաքի հայտարարությունները կարող են զգալի արդյունավետություն ունենալ՝ հաշվի առնելով վերը նշված հակակշռող հանգամանքները»,- նշել է Խաչատրյանը։
Հարցին՝ ի՞նչ հանգամանքներ կարող են ստիպել Ադրբեջանին բացել ճանապարհը, քաղաքագետը պատասխանել է․
«Ըստ էության, Ադրբեջանի թիկունքում այսօր երաշխավորված բազմություն չկա, ինչպիսին որ կար 44-օրյա պատերազմի ժամանակ, ուստի Ալիևը ստիպված է լինելու գնալ զիջումների»։
----
2023 թվականին Հայաստանում կշարունակվի «Ագարակ-2» և «Շինուհայր» բարձր լարման ենթակայանների հիմնանորոգումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
«Ագարակ-2»–ով Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգը կապում է Իրանի հետ։ Դեպի Հայաստանի խորքը տանող ուղղության վրա` Գորիսից ու դեպի Սիսիան ընկած հատվածում, գտնվում է «Շինուհայր» ենթակայանը։ Նորոգումը թույլ կտա լիարժեք գործարկել Իրան–Հայաստան նոր գիծը` 400 կՎ լարմամբ։ Դրա շինարարությունը մի քանի անգամ հետաձգվել էր և պետք է ավարտին հասցվի եկող տարեվերջին։
Կշարունակվի նորոգումը նաև «Արարատ-2» ենթակայանում, որը էներգիա է մատակարարում Արարատի մարզի հարավային հատվածին, ինչպես նաև «Զովունի» ենթակայանում, որը Երևանին է հարում հյուսիսային կողմից։
Արդեն ավարտվել կամ ավարտվում է նորոգումը «Լիճք» ենթակայանում (Սևանի ափամերձ տարածքում), «Վանաձոր-1» և Թալինից ոչ հեռու գտնվող «Աշնակ» ենթակայաններում։ Վերջիններիս համար արդեն կազմվում են հանձնման–ընդունման ակտեր։
Թվարկված ենթակայանների մի մասը վերանորոգվում է Համաշխարհային բանկի, մյուս մասը` պետական միջոցներով։
---
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը պահանջել է երաշխավորել անվտանգ տարանցումը Լաչինի միջանցքով և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև բոլոր հարցերը լուծել երկխոսության միջոցով։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը թվիթերում գրել է.«Լաչինի միջանցք (Հայաստան/Ադրբեջան): Կոչ ենք անում կողմերին լուծել չլուծված խնդիրները երկխոսության միջոցով, անհապաղ թույլատրել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակիչների վրա հումանիտար բացասական ազդեցություններից»:
Նշենք, որ Լաչինի միջանցքը միակ երթուղին է, որը Հայաստանը կապում է Լեռնային Ղարաբաղի կենտրոնին։ Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ բնապահպանական նկատառումներով արգելափակել են Լաչինի միջանցքը, որտեղ տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը։
Բաքուն պնդում էր, որ բողոքի ակցիայի նպատակը բնապահպանական մտահոգություններն էին, սակայն Երևանը դա որակեց Բաքվի կողմից սադրիչ գործողություն՝ նպատակ ունենալով հումանիտար աղետ ստեղծել Ղարաբաղի հայաբնակ շրջաններում։
---
Ռուսական էներգակիրների արտահանման նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների ֆոնին, «Տրանսնեֆտ»-ը հայտարարել է, որ դեպի Ասիա նավթի արտահանման ծավալներն աճել են:
Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Նիկոլայ Տոկարևը: Նա նշել է. «Դեպի Ասիա նավթի մատակարարումների ծավալն աճել է, և ESPO խողովակաշարն աշխատում է ամբողջ հզորությամբ»:
4857 կիլոմետր երկարությամբ Արևելյան Սիբիր-Խաղաղ օվկիանոս (ESPO) խողովակաշարը ռուսական նավթը տեղափոխում է Չինաստան, Ճապոնիա և Հարավային Կորեա:
Նշելով, որ վերջին 15 տարիներին իրագործված ծրագրերի շնորհիվ հնարավոր է եսղել դիվերսիֆիկացնել խողովակաշարի աշխարհագրությունը, Տոկարևը հավելել է. «Այդ նախագծերը մեզ հնարավորություն են տվել ստեղծել ճկուն և արագ արտահանման կառուցվածք, և մենք կարողացել ենք կենտրոնանալ նոր միջազգային երթուղիների վրա»։
ԵՄ և Մեծ յոթնյակի որոշմամբ՝ արգելվել է Ռուսաստանից 60 դոլարից բարձր արժեքով նավթի ներմուծումը:
Արձագանքելով այս որոշմանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրաման, որով արգելվում է նավթի վաճառքն այն երկրներին, որոնք ընդունել են վերոնշյալ որոշումը:
ՌԴ կառավարությունը նույնպես նախատեսում է որոշում կայացնել և արգելել նավթի վաճառքն այն երկրներին, որոնք ռուսական նավթի համար սահմանել են գնային շեմ։
----
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր հայ պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ (ԺԴԿ-HDP) Կարո Փայլանն անդրադարձել է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի՝ Լաչինի միջանցքի հարցին, փոխանցում է Ermenihaber-ը։
Նա կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի արգելափակումը դադարեցնելու հարցում»։
«Կովկասում խաղաղության և հանգստության հաստատումը, բախումների և լարվածության կանխումը նաև Թուրքիայի օգտին է։ Եթե Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք, ապա թե Ադրբեջան – Հայաստան խաղաղության գործընթացում և թե Թուրքիա – Հայաստան կարգավորման գործընթացում կարող ենք վերադառնալ դրական օրակարգի»,- նշել է նա։
---
Թուրքիայի խորհրդարանի նախագահը այս երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետի մասին որոշում կայացնելը մինչև ապրիլ հետաձգել է:
Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի և նախագահի պարտականությունն է ընտրությունների անցկացման մասին որոշում կայացնել նշանակված ժամկետից մինչև 60 օր առաջ։ Հունիսի 18-ին այս երկրում խորհրդարանական ընտրությունների օրն է, սակայն իշխանության ընդդիմադիր կուսակցությունները ցանկանում են քվեարկությունն ավելի վաղ անցկացնել։
TRT հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը չի բացառել հաջորդ տարվա ընտրությունների անցկացումը նախանշված ժամկետից շուտ։ Բայց նա ասել է, որ մինչև 2023 թվականի ապրիլի 6-ը Թուրքիայում հաջորդ ընտրություններն անցկացնելու մասին որոշում չի ընդունվի։
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունների անցկացման թվականը նշանակված է հունիսի 18-ին։ Ընտրությունները կարող են անցկացվել մինչև 60 օր շուտ։
Թուրքիայում ընտրություններն անցկացվում են այն դեպքում, երբ իշխող կուսակցության թեկնածու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հաղթելու մեծ շանս չունի։
----
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ չնայած ԱՄՆ-ի ակնարկներին այն մասին, որ Ռուսաստանը չի կարող մատակարարել, վերանորոգել, պահպանել և արտադրել ռազմական տեխնիկայի պահեստամասեր, Մոսկվան անշեղորեն կկատարի իր գործընկերների նկատմամբ բոլոր համապատասխան պարտավորությունները առկա և ապագա նախագծերում»:
Մարիա Զախարովան հավելել է. «Փորձելով արտաքին շուկաներից հանել ռուսական ռազմական տեխնիկան՝ ամերիկացիները միաժամանակ իրենց զենքերը պարտադրում են մեր գործընկերներին և այդպիսով պաշտպանում իրենց ռազմարդյունաբերական համալիրների շահերը»։
----
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ՏԱՍՍ-ին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ում մի քանի «անանուն պաշտոնյաներ» սպառնում են ֆիզիկապես վերացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ամենից հեռուն գնացել են Վաշինգտոնում. այնտեղ Պենտագոնի որոշ «անանուն պաշտոնյաներ» իրականում սպառնացել են «գլխատող հարված» հասցնել Կրեմլին, իրականում խոսքը ռուսական պետության ղեկավարի ֆիզիկական վերացման սպառնալիքի մասին է։ Եթե ինչ-որ մեկն իսկապես նման գաղափարներ ունի, ապա պետք է շատ լավ մտածի նման ծրագրերի հնարավոր հետևանքների մասին»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կարող նորմալ հաղորդակցություն պահպանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առճակատողական կուրսի պատճառով։
«Օբյեկտիվորեն անհնար է նորմալ հաղորդակցություն պահպանել Բայդենի վարչակազմի հետ, որը նպատակ է հռչակում մեր երկրի՝ ռազմավարական պարտության մատնումը»,- ընդգծել է նախարարը։
Նրա կարծիքով՝ «ռուս-ամերիկյան հարաբերություններն իսկապես գտնվում են ծայրահեղ անմխիթար վիճակում և գործնականում սառեցված են Վաշինգտոնի մեղքով»։
«ԱՄՆ-ի հետ երկխոսության ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը ելնում է փոխադարձության սկզբունքից և, որպես կանոն, գործում է ակն ընդ ական սկզբունքով»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Մարտի 28-ին Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղված չէ Պուտինին տապալելուն։ Սակայն երկու օր առաջ՝ մարտի 26-ին, Վարշավա կատարած այցի ժամանակ, խոսելով ՌԴ առաջնորդի մասին, նա ասել էր, որ «այդ մարդը չի կարող մնալ իշխանության ղեկին»։