Հունիս 28, 2023 08:06 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Փարիզում 2021 թվականի նոյեմբերի 23-ին կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի (Կաթողիկոս Ներսես Դ Կլայեցի) մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում»՝ 2022-2023 թթ. երկամյակի համար։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի հայտին աջակցել են Կիպրոսը, Իտալիան, Հունաստանը և Սիրիան։

Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս տարելիցի առթիվ կազմակերպել է մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվել են հունիսի 21-23-ը: Միջոցառումների շարքում են եղել՝

«Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը, «Ներսես Շնորհալու ժառանգությունը» ցուցահանդեսը:

Համերգային ծրագրերից են եղել՝

Արմեն Հյուսնունց և Հայաստանի պետական ջազ քառյակ՝ հայ ջազային երաժշտություն՝ ջազային մոտիվներով,

«Հովել» ստեղծագործական խումբ, ժամանակակից հոգևոր երաժշտություն՝ Շնորհալու պոեզիայով:

Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում արժանացել է «Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ»-ի «Արծաթե FIFOG 2023» մրցանակին։

Հայաստանի ազգային կինոկենտրոնն հավելեց, որ հայ կինոյի 100-ամյակի պետական ծրագրի շրջանակում հունիսի 17-ին փառատոնի ծրագրում հայտարարված «Հայկական օրվա» շրջանակում մեծ շուքով նշվել է կինոհոբելյանը։

Պետական ֆինանսական աջակցություն ստացած կինոնկարը Խորհրդային Հայաստան հայրենադարձված Չարլիի հուզիչ պատմությունն է հայրենիքը վերագտնելու, այն անգամ բանտի ճաղավանդակների հետևից անսահամանորեն սիրելու անսպառ համբերության, հույսի և սիրո մասին: 

Ռեժիսորն ու սցենարիստը Միքայել Գուրջյանն է, օպերատորը՝ Ղասեմ Էբրահիմյանը, դերասաններն են Հովիկ Քեուչկերյանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Ժան-Պիեր Նշանյանը, պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Սոլ Տրիոնը, Պատրիկ Մալխասյանը, Անի Որսկանյանը, արտադրող ընկերությունը People Of Ar Productions-ն է:

Հայ և օտարազգի անվանի հայագետները, երիտասարդ և ավագ սերնդի հետազոտողները «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» հայագիտական միջազգային գիտաժողովին անդրադարձել են Շնորհալու թողած բազմաբնույթ ու բազմաշերտ մատենագրական ժառանգությանը, համաքրիստոնեական ու  համամարդկային գաղափարներին, գնահատել են ոլորտի ձեռքբերումները, ինչպես նաև նոր չափանիշներ և ուղղություններ են նախանշել շնորհալիագիտության ասպարեզում:

Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանի խոսքով՝ Շնորհալու մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում, ինչի շնորհիվ միջոցառումներ են անցկացվելու և՛ Հայաստանում, և՛ արտերկրում:  «Անթիլիասում արդեն միջազգային գիտաժողով է անցկացվել, իսկ նոյեմբերին՝ Վատիկանում: Հունիսի 27-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի  է ունեցել Ներսես Շնորհալու երկհատորյակի շնորհանդեսը, գիտաժողով ու համերգ: Մատենադարանը  երկու հատորով հրատարակել է Շնորհալու ամբողջ գիտական ժառանգությունը»,-շեշտեց Մաթևոսյանը:

Նա նշեց՝ Շնորհալին շատ լայնախոս ու բազմաճյուղ գործիչ է եղել ու հիշեցրեց, որ նրա «Թուղթ ընդհանրական»-ը դիմում է հայ ժողովրդի տարբեր շերտերին՝ իշխաններին, զինվորականներին, արհեստավորներին, հոգևորականներին, ճգնավորներին:  «Նրա ստեղծագործությունները ժամանակին հրատարակվել են, սակայն գիտաժողովը ևս մեկ առիթ է նրա մասին հիշեցնելու համար: Շնորհալին այն քիչ  հայրապետներից մեկն է, որ դասվել է սրբերի շարքում»,-ընդգծեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 21-ին վերաբացվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը: Այն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը:

Վերանորոգված և արդիականացված սրահներում հանրությանն են ներկայացվում շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր՝ հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու փոթորկոտ, խորհրդավոր քողով պարուրված գիշերային ծովի տեսարաններ:

«Մենք հաճախ չենք ցուցադրում Այվազովսկու գրաֆիկական աշխատանքները, քանի որ դրանք  նուրբ են ու հեշտ են վնասվում, ուստի այցելուների մեծ մասը ծանոթ է հեղինակի կտավներին: Այդ առումով շատերի համար  հայտնություն են Այվազովսկու գրաֆիկական գործերը և այլ նմուշներ, որոնք ընդգրկել ենք այս ցուցադրության մեջ: Ներառել ենք ծովաքարը, որի վրա Այվազովսկին փոքրիկ բնանկար է պատկերել և կրծքազարդը, որի վրա ծովային տեսարան է»,-շեշտեց պատկերասրահի Հայկական գեղանկարչության բաժնի վարիչ, ցուցադրության համադրող Հայկուհի Սահակյանը:

Ցուցահանդեսը բաղկացած է մի քանի բաժնից. մի բաժնում ներկայացվում են Այվազովսկու արևածագի և արևամուտի տեսարանները, մյուսում՝ փոթորկոտ ծովի տեսարանները: «Նկարիչը շատ էր սիրում ճանապարհորդել, ինչի շնորհիվ նկարում էր ծովերի, օվկիանոսների տեսարաններ, ինչն առավել հարստացնում էր նրա ստեղծագործական ժառանգությունը: Առանձին սրահում ցուցադրված են նրա գիշերային ծովային տեսարանները, որ ապշեցնում են այն վարպետությամբ, որով Այվազովսկին վրձնել է լիալուսնի արտացուլմը ծովի մակերևույթին»,-ընդգծեց համադրողը:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որը մեկնարկել է հունիսի 23-ին Վանաձորում, հյուրընկալել է արվեստագետների, կինոգործիչների և մտավորականների՝ Լոռու մարզը վերածելով մշակութային խաչմերուկի:

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակութային պալատի հարակից տարածքում հունիսի 23-ից հունիսի 30-ը տեղի են ունենում ֆիլմերի դիտումներ, համերգային ծրագրեր: Ելույթ են ունեցել «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը, «Ակունք» ազգագրական համույթը, Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը, «Ֆոլկ մոդեռն» անսամբլը և այլք:

Հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը վստահություն հայտնեց, որ փառատոնն ապացուցել է իր կենսունակությունը, որովհետև այն մարդասիրական արժեքների՝ բարության, հանդուրժողականության, սիրո գաղափարների դրսևորման լավագույն հարթակներից մեկն է: «Երբ կրթության, մշակույթի պետական քաղաքականության մեջ հստակ ձևակերպված չէր ներառականության քաղաքականությունը, «Ֆրեսկո»-ն վարում էր նման քաղաքականություն: Կարևոր հանգամանք է այն, որ ներառականությունն այս փառատոնի բրենդը չէ, և «Ֆրեսկո»-ն չի «զարդարվում» այդ բնագավառում կատարած աշխատանքով»,-շեշտեց Խզմալյանն ու հավելեց՝ փառատոնի կազմակերպիչներն ամբողջ տարվա ընթացքում սերտ կապ ունեն մանկատների երեխաների, զարգացման առանձնահատկություններ ունեցող պատանիների հետ:

Փոխնախարարը հիշեցրեց, որ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը, որն իրականացնում է փառատոնը, նախորդ տարի պետական աջակցությամբ արվեստի դպրոցների, կրթական այլ հաստատությունների ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել, ինչը չափազանց կարևոր է, քանի որ կան առանձնահատկություններ առանց որոնց ներառական կրթությամբ զբաղվելը շատ վտանգավոր է:

ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում և լրացում է կատարվել 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում՝ 4 մլն 494 հազար դրամ ուղղելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերի ընդգրկման հայտի պատրաստման աշխատանքներին:

Վերաբաշխումը կնպաստի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհ­ային ժառանգության նախնական ցանկում Տիրինկատար լեռան տարածքում գտնվող վիշապաքարերի՝ որպես յուրահատուկ և համամարդկային ժառանգության ընդգրկման հայտի պատրաստմանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում Հայաստանի Հանրապետությունից գրանցված է 3 հուշարձանախումբ՝ Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, Գեղարդավանքը և Ազատ գետի վերին հովիտը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիներն ու Զվարթնոցի տաճարը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1998-2000 թթ, որից հետո Հայաստանի Հանրապետության կողմից որևէ նոր հուշարձան չի գրանցվել։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում (Tentative list)   Հայաստանի Հանրապետությունից գրանցված է 4 հուշարձանախումբ՝ Դվին հնավայրը, Նորավանքն ու Ամաղուի ձորահովիտը, Երերույքի տաճարը, Տաթև վանական համալիրն ու Տաթևի անապատը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1995 թ․։

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընթացակարգի՝ մինչև Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկվելը՝ անհրաժեշտ է, որ օբյեկտն ընդգրկված լինի նախնական ցանկում։

 

Ժնևի հանրահայտ «Գրյուտլի» կինոթատրոնում հունիսի 17-ին մեծ շուքով և շուրջ 200 հանդիսատեսների ներկայությամբ նշվել է հայ կինոյի 100-ամյակը։ Հոբելյանական միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության և Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ կինոփառատոնի համատեղ ջանքերով։ Վերջինս Շվեյցարիայի խոշորագույն մշակութային ամենամյա միջոցառումներից մեկն է։

«Նշանավորելու համար հայկական կինեմատոգրաֆիայի 100-ամյակը, փառատոնի շրջանակներում անցկացվեց «Հայկական օր», որտեղ ներկայացվեցին միջազգային կինոփառատոների մասնակցած ու մրցանակներ շահած հայկական արտադրության երկու ֆիլմեր` «Ամերիկացին» և «Դրախտի դարպասը»: Առաջինն ամերիկահայ Մայքլ Գուրջյանի ֆիլմն է, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և 20-րդ դարի քառասունական թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներից Խորհրդային Հայաստան հայրենադարձված Չարլիի (գլխավոր դերում նույնպես Մայքլ Գուրջյանն է) պատմությունը։  Երկրորդը՝ ծագումով արցախցի Ջիվան Ավետիսյանի ֆիլմն է, որը ներկայացնում է գերմանացի հայտնի ֆոտոլրագրողի և արցախցի օպերային երգչուհու ռոմանտիկ պատմությունը՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի ֆոնին»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Շվեյցարիայի դաշնային կառավարության մշակույթի գրասենյակի տնօրեն Կարին Բախմանը, Ժնևի քաղաքապետարանի մշակույթի ու թվային տեխնոլոգիաների վարչության պետ Սամի Քանաանը, Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային  18-րդ փառատոնի նախագահ Ռոմանի Ժանը և խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը։ Բանախոսներն անդրադարձել են հայկական հարուստ մշակույթին, կինեմատոգրաֆիային, ներկայացրել հայ ֆիլմարտադրության պատմությունը, անդրադարձել հայկական կինոյի երախտավորներին, խոսել հայ ժողովրդի պատմության և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման վրա դրա ունեցած ազդեցության մասին։ Նշվել է, որ հայկական կինեմատոգրաֆիայի 100-ամյակը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2022-2023 թթ. օրացույցում։