Գեղարվեստական հաղորդում (379)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Հուլիսի 1- 13-ը Երևանում անցկացվել են Իրանի մշակութային օրեր: Ծրագրի շրջանակներում ներկայացնել են ավելի քան 82 արվեստագետների 160 աշխատանքներ՝ գեղանկարչության, գրաֆիկայի, խեցեգործության և ֆիրուզեքուբի տեխնիկալի ոլորտում:
Ծրագրին մասնակցելու նպատակով Իրանից ժամանել էին 10 արվեստագետներ:
Թեհրանում կայացած տիկինիկային թատրոնի փառատոնին, Հայաստանից մասնակցած «Կարապի լիճ» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Աբրահամյանն ասում է,որ իրենց համար Իրանում ներկա լինելն ու ներկայացում բեմադրելը նման է սեփական երկրում ու տանը ներկայացում բեմադրելուն:
«Կարապի լիճը» Թեհրան-Մուբարաք տիկնիկային թատրոնի 19-րդ փառատոնի հինգերորդ օրը միջազգային բաժնի ներկայացումներից մեկն էր, որն արժանացավ հանդիսատեսի մեծ ընդունելությանը։
Աշխարհի դրամատիկական գրականությանը հետևող հանդիսատեսի համար ծանոթ վերնագիր ունեցող այս ներկայացման հեղինակն ու բեմադրիչն է Սամսոն Մովսեսյանը: Այն բեմադրվել է Թեհրանի քաղաքային թատերական համալիրի Ղաշղայի դահլիճում։
Այս թատերախմբի ղեկավար Ռուբեն Աբրահամյանն ընդգծել է,-«Ամբողջական ու անթերի ներկայացման համար պայմանները պատրաստ էին, և մենք ոչ մի խնդիր չենք ունեցել»։
Քանի որ ներկայացումը հնչել է հայերենով, հանդիսատեսը կարդալով ենթագրերը ծանոթացել է դրա պատմությանը:
«Կարապի լիճ»-ը արքայազն Զիգֆրիդի և լճի ամենագեղեցիկ կարապի՝ Օդետի սիրո պատմությունն է: Այն համարվում է աշխարհի ամենահայտնի սիրային առապելներից մեկը։
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Սերգեյ Գրիգորյանը, ով երկուշաբթի երեկոյան Թեհրանի Ղաշղայի սրահում դիտել է Հայաստանից «Կարապի լիճը» ներկայացումը, ասել է«Վաղ ժամանակներից Իրանի և Հայաստանի դրամատիկական գրականությունը փոխադարձ ազդեցություն են ունեցել միմյանց վրա»:
Թեհրան-Մոբարաք տիկնիկային ներկայացման 19-րդ փառատոնի հինգերորդ օրը միջազգային բաժնի ներկայացումներից էր «Կարապի լիճը» Հայաստանից։ Այս ներկայացումը բեմադրվել է Ղաշղայի սրահում, հատուկ հյուրերի ներկայությամբ։ Այս ներկայացումը դիտելուց հետո Թեհրանում Հայաստանի դեսպանատան մշակույթի խորհրդական Սերգեյ Գրիգորյանն «Իրան թատրոն» թղթակցի հետ զրույցում անդրադարձավ իրանական և հայկական դրամատիկական արվեստի և գրականության փոխադարձ ազդեցությանը։
Գրիգորյանն ասաց. ««Ոսկե ծիրան» կինոփառատոնն անցկացվում է Հայաստանում, որն ակտիվ ու սիրված փառատոն է, և իհարկե, իրանական կինոն նույնպես մասնակցում է այս փառատոնին և ընդառաջվում հայ հանդիսատեսի կողմից։ Այս ընդառաջման պատճառն այն է, որ երկու երկրները՝ Իրանն ու Հայաստանը, երկու հին ժողովուրդներ են՝ փոխըմբռնումով և ունեն ընդհանուր կապեր։ Ուստի հայ ժողովուրդը բարձր ըմբռնումով է մոտենում հայկական կինոփառատոներին մասնակցող իրանական ֆիլմերին»։
Թեհրանում Հայաստանի մշակութային հարցերով խորհրդականը հավելեց.-«Տիկնիկային արվեստի կառուցվածքը Հայաստանում շատ մեծ ու նշանավոր կառուցվածք է, և քանի որ ընդլայնվելու ցանկություն և լավ կարողություններ ունի, անշուշտ, փոխգործակցելու է Իրանի հետ և Հայաստանը ողջունում է Իրանի հետ համագործակցությունը»։
Հայազգի կինոբեմադրիչ, սցենարիստ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ իրականացվող հայ-ֆրանսիական նախագծի շրջանակում ֆրանսիական մի շարք թատրոններում կներկայացվի «Նռան գույնը» պարային բեմադրությունը։
Ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18, 19-ին Դեսինի «Տոբոգան» թատրոնում, հունվարի 26-ին` Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնում։ Այն կցուցադրվի նաև Երևանում:
Խաչատրյանը նշեց՝ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական պարային ներկայցման վրա սկսել են աշխատել 2021 թվականին: Նա ընդգծեց՝ փորձել են ներգրավել և՛ հայ, և՛ ֆրանսիացի մասնագետներ:
«Ինձ համար՝ իբրև հայ և իբրև արվեստագետ, շատ կարևոր էր, որ Փարաջանովի ստեղծագործությունը ներկայացվի այլ դիտանկյունից, հետևաբար խորեոգրաֆը Մուրադ Մերզուկին է: Պարողներից 5-ը ֆրանսիայից են, 2՝ Երևանից: Թիմին միացել է «Հող» խումբը, որին վստահված է պարային ներկայացման երաժշտական ստեղծագործությունը, և Էդգար Մանուկյանը, որը լինելու է ներկայացման հագուստների ձեւավորման հեղինակը»,- ասաց Խաչատրյանը:
Նախագծի երկրորդ ստեղծագործական փուլը կկայանա հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 4-ը Ֆրանսիայի Բրոն քաղաքի «Պոլ-Պիկ» մշակութային կենտրոնում, հայ և ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ:
Նախագծի երրորդ և վերջին ստեղծագործական փուլը կկայանա 2024 թվականի հունվարի 8-18-ը ֆրանսիական Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում, դարձյալ հայ և ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ։
Երաժշտական աշխարհը 2023 թվականին նշում է ռուս մեծ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակը։ Երևանում ևս հուլիսի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ տեղի ունեցան համերգներ՝ նվիրված ականավոր կոմպոզիտորին։
Դասական երաժշտության սիրահարները հնարավորություն ունեցան ունկնդրելու Ռախմանինովի փառահեղ ստեղծագործությունները. հնչեցին նրա դաշնամուրային թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 կոնցերտները, ինչպես նաև Ռապսոդիան Պագանինիի թեմայով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան մեծ համբավ վայելող դաշնակահարներ Թեո Գեորգիուն, Ալեքսանդր Ռոմանովսկին, Անդրեյ Գուգնինը, Դմիտրի Իշխանովը և Անաստասիա Տերենկովան։ Համերգը ղեկավարեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ռախմանինովին նվիրված համերգների բացառիկ հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Ռախմանինովը 20-րդ դարի մեծագույն դաշնակահար է, փայլուն դիրիժոր և հանճարեղ կոմպոզիտոր, ում ստեղծագործական ժառանգությունը համաշխարհային երաժշտարվեստի գանձարանի մաս է կազմում։
Նրա երաժշտությունն առանձնահատուկ է՝ ճանաչելի առաջին իսկ նոտաներից։ Ռախմանինովն ամենաշատ կատարված ռուս կոմպոզիտորներից է։ Նրա կոնցերտները, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները հնչում են աշխարհի լավագույն բեմերում և լավագույն նվագախմբերի ու մենակատարների կողմից։
Հարյուրամյակների պատմություն ունեցող գրքերի պահոց, գրքասերների ամենասիրելի վայր. Հայաստանի ազգային գրադարանը (ՀԱԳ) նշում է հիմնադրման 104-ամյակը: Ազգային գրադարանի հիմնադրման 104-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց «Որոգայթ փառաց» գրքի հրատարակման 250-ամյակին և Շահամիրյաններին նվիրված ցուցահանդեսով:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, շնորհավորելով բոլորին, շնորհակալություն հայտնեց գրադարանի աշխատակիցներին՝ տարիների անձնվեր նվիրումով աշխատանքի համար:
«Արդեն երրորդ տարին է՝ ես հուլիսի 4-ին հնարավորություն ունեմ այս բեմից շնորհավորելու Ազգային գրադարանի աշխատակիցներին՝ գրադարանի ծննդյան օրվա առթիվ: ՀԱԳ-ի պատմության սկիզբն ընդունված է համարել 1832 թվականը, երբ հիմնադրվեց Երևանի արական գիմնազիան, որի հավաքածուի (18․000 միավոր) հիման վրա ձևավորվեց Հայաստանի Ազգային գրադարանը։ 1919 թվականի հուլիսի 4-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պետական-հանրային մատենադարանի մասին» ՀՀ օրենքը, որով պետական-մատենադարան-գրադարանն անցավ ՀՀ հանրային կրթության և արվեստի մինիստրության իրավասության տակ։ Որոշում ընդունվեց հուլիսի 4-ը նշել որպես Հայաստանի Ազգային գրադարանի օր»,- ասաց նա:
Գրադարանի տնօրենն ընդգծեց, որ 10 տարի առաջ Ազգային գրադարանը մեկնարկել է թվայնացման գործընթացը՝ ազգային ժառանգությունը պահպանելու նպատակով:
«Այսօր մոտ 13 միլիոն թվայնացված էջերն ամբողջ աշխարհում ծառայում են մեր հայրենակիցներին: Գրադարանի գործունեությունն էլ ավելի ակտիվ դարձնելու և ընթերցողների համար ավելի հասանելի դարձնելու համար իրականացվող այս բոլոր ծրագրերը լինելու են շարունակական»,-նշեց գրադարանի տնօրենը:
ՀԱԳ-ում 2022 թվականի հուլիսից մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում ամենից շատ գրքեր պատվիրած՝ «Տարվա լավագույն ընթերցող» ճանաչվեց Կարեն Բադալյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 12-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 4 էսքիզային նախագծեր:
Հերթական անգամ քննարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սբ Սարգիս վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նախագծի կոնստրուկտորական մասը և արժանացել է հավանության:
Քննարկված հարցերի թվում էր ՀՀ Կոտայքի մարզի Մայրավանք եկեղեցու տարածքի կանաչապատման-բարեկարգման և պահակատուն-երիցատան կառուցման էսքիզային առաջարկը. ընդունվել է 11 կողմ, 1 դեմ քվեարկության արդյունքներով:
Միաձայն հավանության է արժանացել Վայոց ձորի մարզի Գնիշիկ գյուղի 18–19–րդ դարերի Սբ Թադեոս բազիլիկ եկեղեցու վերանորոգման, ամրակայման ու պահպանման էսքիզային նախագիծը:
ՀՀ Վայոց ձորի մարզի «Արենի-1» քարայրի թանգարանացման ծրագրում ներքին տարածքների օգտագործման բաղադրիչն արժանացել է հավանության, արտաքին անվտանգության տաղավարների և պտտադռնակների մասն ուղարկվել է լրամշակման: