Դեկտեմբեր 12, 2016 13:00 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Իրանում կաշվի արդյունաբերության մասին:

Կաշվեգործությունը աշխարհի ամենահին արդյունաբերություններից մեկն է: Պատմական բացահայտումների համաձայն, նախամարդը բնական գործոնների, այդ թվում ցրտից ու տապից  պաշտպանվելու համար օգտագործում էր տարբեր կենդանիների մորթին: Ժամանակի ընթացքում մարդը սովորեց, թե ինչպես կարող է մի շարք քիմիական ու ֆիզիկական գործողությունների (մորթու մշակման) արդյունքում մորթին վերածել կաշվի և այն օգտագործել: Իրանի պես հինավուրց քաղաքակրթություն ունեցող երկրներում հայտնաբերված հնագիտական իրերը, այդ թվում հուշարձանները, պատմական բարձրաքանդակներն ու նկարչությունները ցույց են տալիս, որ մորթին ու կաշին լայն կիրառություն են ունեցել մարդկանց կենցաղում:

Իրանական կաշվեգործությունը

Իրանում կաշվի և մորթու արդյունաբերության երեք հազարամյա պատմությունը վկայում է այն մասին, որ Իրանցի աշխատավորներն ու արդյունաբերողները կաշին օգտագործում էին հատկապես կոշկի, կենդանիների սանձերի ու հանդերձանքի, ինչպես նաև ամանեղենի պատրաստման համար: Մի շարք աշխարհաշրջիկներ, այդ թվում՝ Էնգելբերտ Քեմփֆերը (1651-1716թթ.) և Ժան Շարդենը (1643-171322.), ովքեր Իրան էին այցելել Սեֆյանների ժամանակաշրջանում (1502-1722թթ.), իրենց ճամփորդությունների օրագրերում ակնարկել են Իրանում կաշվե շուկայի բարգավաճմանը և դրա հետ կապված աշխատանքներին: Ֆրանսիացի զբոսաշրջիկ Շարդենը Իրանցի վարպետներին ավելի հմուտ է համարել կաշվեգործության և մորթու մշակման գործում քան մյուս ազգերը: Իր ճամփորդական օրագրում հանգամանալից խոսել է իրանական Շագրենակաշվի մասին, որն այն ժամանակ՝ 1665թ. Իրանից արտահանվում էր Հնդկաստան և Մերձավոր Արևելք: Շագրենակաշին կաշվի մի տեսակ էր, որը Սեֆյանների իշխանության օրոք արտադրվում էր Թավրիզ քաղաքում: Կաշվի այս տեսակը հիմնականում կիրառվում էր կոշիկների, մասնավորապես երկարաճիտ կոշիկների պատրաստման համար, որոնք օգտագործվում էին Սեֆյանների ժամանակաշրջանի քաղաքական գործիչների ու հարուստ խավի կողմից: Կաշին օգտագործվում էր նաև իրանական ձեռարվեստի ասպարեզում: Կազմարարական արվեստը, կաշվի վրա պիրոգրաֆիան (գերտաքացած գործիքով նկարելու արվեստ) ու կաշվե խճանկարչությունը այն ձեռքի աշխատանքներից են, որոնցում կիրառվում է կաշին:

Հին Իրանի թանգարան. Իրանում 1700 տարվա վաղեմիություն ունեցող աղե մարդու կոշկի մեջ կաշվեգործության կիրառումը

Իրանում կաշվեգործության ու մորթու մշակման արդյունաբերության պատմության ընթացքում, մի շարք քաղաքներ, այդ թվում Թավրիզը, Շիրազն ու Համադանը համարվել են որպես այդ արտադրանքի ստեղծման կենտրոններ:  Օրինակ՝ Ղաջարների իշխանության օրոք (1779-1925թթ.) Իրանի պատմության դարպասն ու իրանական պատմա-քաղաքակրթական մայրաքաղաքը համարվող Համադան քաղաքը մի տեսակ կաշու արտադրման կենտրոնն էր, որը հայտնի էր որպես «Համադանի կաշի»: Կաշվի այս տեսակը ձեռք էր բերվում գառան մորթուց: Ղաջարների ժամանակաշրջանում Իրանի բազմաթիվ քաղաքներից՝ Սպահանից, Թավրիզից և Համադանից կաշի ու մորթի էր արտահանվում դեպի Ռուսաստան, Օսմանյան կայսրություն և Հնդկաստան:

 

 

Ընդհանուր առմամբ, կաշին բաժանվում է թեթև, կիսածանր  և ծանր խմբերի: Թեթև կաշի է կոչվում կաշվի այն տեսակը, որը ձեռք է բերվում ոչխարի, այծի և ուլիկի պես կենդանիների մաշկից: Կաշվի այս տեսակը բավականին նուրբ ու բարակ է, այդ իսկ պատճառով այն կիրառվում է ձեռնոցների ու հագուստի, իսկ դրա որակյալ տեսակը՝ կոշիկների աստառի արտադրման ոլորտում: Կիսածանր կաշին ձեռք է բերվում կոկորդիլոսի պես կենդանիների մաշկից, որը հազվագյուտ ու թանկարժեք լինելու պատճառով կիրառվում է դեկորատիվ ու շքեղ արտադրանքների պատրաստման համար: Իսկ ծանր կաշին ձեռք է բերվում կովի, գոմեշի, հորթի, ուղտի և նմանատիպ կենդանիների մաշկից: Դիմացկունության ու ամրության պատճառով, կաշվի այս տեսակը օգտագործվում է կոշկի տակի ու երեսի, բարձր որակի ձեռքի պայուսակների ու գրպանի դրամապանակների, ինչպես նաև արդյունաբերական մեխանիզացիաների գոտիների պատրաստման համար: Քանի որ տարբեր կենդանիների մաշկի շարքում կովի մաշկն ավելի փափուկ է քան գոմեշինը, և ավելի հաստ է քան ոչխարի կաշին, ուստի ավելի հաճախ է կիրառվում կաշվեգործության մեջ:

Կաշվի դաբաղումը

Հարկավոր է նշել, որ թեև կաշվեգործությունը ունի ավելի հին պատմություն քան ջուլհակությունն ու մանածագործությունը, այդուհանդերձ մորթին կաշվի վերածելու տեխնիկան ու մեթոդը չեն փոխվել վերջին երկու հարյուրամյակի ընթացքում: Այս արդյունաբերության ակտիվիստները տարբեր փուլերի ընթացքում քիմիական նյութերի օգնությամբ տարբեր կենդանիների մաշկը դուրս են բերում իրենց նախնական վիճակից և վերածում կայուն ու չփչացող նյութի՝ կաշվի: Մորթին կաշվի վերածելու գործընթացում, որը կոչվում է դաբաղում, որպեսզի մաշկը վերադառնա իր բնական վիճակի, այն երեքից վեց օր պահում են ջրի մեջ, որպեսզի մաշկը աղազրկվի և վերացվի նրա չորային վիճակը: Լվանալուց հետո մաշկի ավելորդ մազերն ու մսերը վերացնելու նպատակով 3-10 օր պահում են հատուկ լուծույթում կամ կրի մեջ, որպեսզի կատարվի մաշկի խմորում: Նշված պայմաններում ուռչում է մաշկը և հեշտությամբ հեռացվում են մաշկի վրա առկա մազերը: Մաշկից հեռացնում են նաև ավելորդ մսերն ու ճարպը: Այնուհետև մաշկի փչացման գործոն հանդիսացող մաշկի ավելորդ սպիտակուցներից ձերբազատվելու, ինչպես նաև ցրտի ու տաքության հանդեպ մաշկի ճկունությունը, փափկությունն ու նրբությունը բարձրացնելու համար օգտագործվում են տարբեր լուծույթներ ու նյութեր, ինչպիսին ալունիտն է: Հաջորդ փուլը աղահարումն է, որը կատարվում է  կիրի միջոցով մաշկի վիճակը կայուն պահելու և փչանալուց խուսափելու համար: Այս փուլում մաշկը կոչվում է Սալամբուր: Ձեռք բերված Սալամբուրները դրվում են հատուկ ավազանների մեջ և դրանում ավելացնելով լուծույթ՝ ջրից ու գխտորից (կաղնի ծառի բուսական արտադրանք կամ ակացիայի ծառի կեղևի փոշի), ձգտում են երկու տասնօրյա ժամանակաշրջանում լուծույթը լիարժեք կերպով ներծծվի մաշկի մեջ: Այնուհետև դրանց չորացնում են: Ձեռք բերված կաշիները 2 օր պահում աղաջրի լուծույթում, որպեսզի աղը հետզհետե ներծծվի դրանց մեջ, ինչը կանխում է կաշվի փչացումը: Կաշիները կրկին չորացնում են արևի տակ: Այդ ընթացքում, երբ կաշիները կիսաչոր վիճակում են, հատուկ քարեր են տրորում կաշիների վրա և փորձում են կաշին զտել աղի բյուրեղներից, որպեսզի չորանալու արդյունքում այն չճաքի: Այնուհետև կաշիները դնում են արևի տակ, որպեսզի ամբողջովին չորանան: Այնուհետև կենդանական ճարպի միջոցով այն փափկացնում և հետո լվանում են: Հին ժամանակներում կաշին ներկելու համար հատուկ բույսերի խառնուրդից ձեռք էր բերվում նարնջագույն մի լուծույթ:

Կաշի ներկելու ավանդական եղանակը

Ներկայումս տարբեր տեսակի ներկանյութեր են մուտք գործել կաշվեգործության շուկա, այդուհանդերձ մի շարք վարպետներ գտնում են, որ կաշվի նարնջագույն գույնը պահպանում է նրա ինքնատիպությունը: Վերջին փուլում ներկը չորանալուց հետո կաշին փայլացնելու նպատակով օգտագործում են հարթ , կանաչագույն Ժադե կոչվող հատուկ քար:

Լավ դաբաղված որակյալ կաշին հեշտությամբ չի այրվում, իսկ այրվելու դեպքում վառված մազի հոտ է բուրում: Խոնավանալու պարագայում տհաճ հոտ չի փչում , թեփիկներ չի տալիս, չեն աղակալում, մարմնի հոտը իրենց վրա չեն վերցնում, հատուկ խնամքի կարիք չունեն և տարիներ շարունակ պիտանի են օգտագործման համար:

Ավանդական եղանակում կաշվի արտադրումը տևում էր մոտ 3 ամիս, որպեսզի մաշկը կաշվի վերածվեր: Այսօր կաշվեգործության արդյունաբերության ոլորտում կիրառվում են այնպիսի մեքենաներ, որոնք բարձրացնում են աշխատանքի որակն ու տեմպը:

20-րդ դարի սկզբնական տարիներին Իրանի Թավրիզ ու Համադան քաղաքներում առաջին անգամ հիմնադրվեցին կաշվեգործական գործարաններ և այդպիսով մորթին  կաշվի վերածելու գործընթացը դուրս եկավ ավանդական վիճակից: Ժամանակի ընթացքում ավելացան այդ արդյունաբերական օբյեկտների թիվը: Ներկայումս կաշվե արտադրման  արդյունաբերական ավաններ են հիմնադրվել Իրանի տարբեր քաղաքների՝ այդ թվում Թեհրանի, Թավրիզի, Մաշհադի և Համադանի շրջակայքում, որոնք  հնուց ի վեր համարվել են Իրանի կաշվի արտադրության կենտրոններ, և այդ արդյունաբերական ավանները երբեմն իրենց կաշվե արտադրանքները ներքին ու արտաքին շուկա են ներկայացնում արտադրման քաղաքի անվան տակ, օրինակ՝ Թավրիզի կաշի կամ էլ Մաշհադի կաշի: Իրանում կաշվե արտադրանքներ արտադրող ու արտահանող տասնյակ օբյեկտների առկայությունը պատճառ է դարձել, որ տարեկան ձեռք բերվի մոտ 2 միլիոն ծանր (կովի) կաշի, այսինքն՝ մոտ 50 միլիոն քառակուսի ոտնաչափ կաշի, որոնք երկրի ներսում ամբողջովին վերածվում են վերջնական արտադրանքների՝ հագուստի, պայուսակի, կոշկի, կաշվե գորգի, կահույքի և այլն...

Թեթև մորթի (գառան և այծի) արտադրման ոլորտում Իրանը երեք գլխավոր երկրներից մեկն է: Գենետիկական պատճառներով Իրանի անասունների մորթին հնուց ի վեր ունեցել է բարձր որակ և իրանական թեթև մորթին աշխարհում լավագույններից մեկն է համարվել: Ուստի թե՛ քանակական և թե՛ որակական առումով թեթև մորթի ոլորտում Իրանը աշխարհում դաբաղման արդյունաբերության ամենախոշոր մատակարարներից մեկն է: Իրանում տարեկան արտադրվում է մոտ 22 միլիոն միավոր՝ ավելի քան 100 միլիոն քառակուսի ոտնաչափ թեթև կաշի, որի 80 տոկոսը արտահանվում է: Թեև թեթև կաշվի չմշակված արտադրանքների արտահանման առումով Իրանը աշխարհում գրավել է առաջատար դիրք,  այդուամենայնիվ Իրանում այս արդյունաբերության գործիչները ձգտում են արտադրման շղթայի լրացմամբ արտադրանքները միջազգային շուկա դուրս բերեն վերջնական տեսքով, այն իմաստով որ  մորթին մինչև վերջնական փուլի հասնելը պետք է անցնի սալամբուրի, Վեթ-Բլուի, Քրասեթի, կաշվի և վերջնական արտադրանքի վերածվելու տարբեր փուլերը: Այս փուլերից յուրաքանչյուրը իրեն նախորդող փուլի նկատմամբ ունի 2-3 անգամ ավելի մեծ ավելացված արժեք: Հուսանք, որ ականատեսը կլինենք Իրանի տնտեսության տարբեր ոլորտների, այդ թվում կաշվեգործության արդյունաբերողների հարաճուն հաջողությանը: