Ապրիլ 04, 2017 04:44 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Թեհրանի «Արևի քաղաք» ցուցահանդեսների կենտրոնում իրանական Նոռուզի առիթով միջազգային փառատոն է անցկացվում:

Փառատոնի նպատակն է ներկայացնել Իրանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Հնդկաստանում, Թուրքիայում, Աֆղանստանում, Թուրքմենստանում, Պակիստանում, Ուզբեկստանում, Իրաքում և Ադրբեջանում Նոռուզի առիթով իրականացվող ծեսերը: Փառատոնը տևելու է մինչև 2017թ. ապրիլի 2-ը:

Հիշյալ փառատոնի ընթացքում կներայացվեն Նոռուզի պատմական, մշակութային, զբոսաշրջության հնարավորությունները, կնկարագրվեն այլ ազգերի նոռուզյան ծեսերն ու սովորույթները, կծանոթացվեն մշակութային և պատմական վայրերը, ինչպես նաև կցուցադրվեն իրանական էթնիկ խմբերի ծեսերն ու ավանդությունները:

Նոռուզը իրանական նոր տարվա տոնակատարությունն է: Այն հնադարյան Իրանից մնացած ամենահիին տոնակատարություններից մեկն է:

2010թ. Նոռուզը ՄԱԿ-ում պաշտոնապես գրանցվեց որպես համաշխարհային ժառանգություն:

«Շունչ»

 

Իրանցի ռեժիսոր՝ տիկին Նարգես Աբիարը նվաճել է Կանադայի Վանկուվերի կանանց կինոփառատոնի լավագույն ռեժիսորի կոչումը:

Նարգես Աբիարի  «Շունչ» ֆիլմը  էկրան է հանվել Վանկուվերի կանանց 12-րդ միջազգային կինոփառատոնում և իրանցի ռեժիսորը հաղթող է ճանաչվել  «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: 

Վանկուվերի կանանց միջազգային փառատոնում ներկայացվել են աշխարհի կին գործիչների պատրաստած  46 կարճամետրաժ ու երկարամետրաժ ֆիլմեր:

Վանկուվերի միջազգային կինոփառատոնը ամեն տարի անցկացվում է Կանադայում կին կինոգործիչների կազմակերպության կողմից: 

«Կույր կետ»

 

Իրանական «Կույր կետ» ֆիլմը շահել է Մեքսիկայի «Լաս Կրուսես» կինոփառատոնի լավագույն ռեժիսոր մրցանակը:

Շաբաթ օրը երեկոյան կայացած միջոցառման ընթացքում Մեհդի Գոլեսթանիի «Կույր կետ» ֆիլմը երկարամետրաժ ֆիլմերի մրցութային բաժնում ընտրվել է ներկայացված 12 ֆիլմերի միջից:

Այս ֆիլմը մասնակցել էր նաև Ֆաջրի 34-րդ կինոփառատոնի մրցույթում:

«Լաս կրուսես» միջազգային կինոփառատոնը մարտի 8-12 կայացել է Մեքսիկայի Լաս Կրուսես քաղաքում:

Զաբել Եսայան

 

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի փողոցներից մեկը կանվանակոչվի պոլսահայ գրող Զաբել Եսայանի պատվին, այս մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, գրում է «Ակօսը»:
Փարիզի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշված է. «Որոշում է կայացվել Փարիզի փողոցներից մեկն անվանակոչել Զաբել Եսայանի պատվին: Նա հայ ժողովրդի ցավերի կիզակետում է եղել և խորհրդանշել է հենց այդ ցավը»:
Զաբել Եսայանը ծնվել է 1878 թվականին Ստամբուլում: 1892 թվականին ավարտել է Ստամբուլի Սկյութար հայաշատ թաղամասի Սուրբ Խաչ վարժարանը, այնուհետև Փարիզում մասնակցել է Սորբոնի և Քոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։
Եսայանը 1908 թվականին վերադարձել է Կ.Պոլիս և Ադանայի ջարդերից հետո ստեղծված պատվիրակության կազմում 1909 թվականին մեկնել Կիլիկիա, այնուհետև՝ «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ Եսայանը Կիլիկիայի հայության այս ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» (1911) գրքում, ինչպես նաև «Անեծքը» (1911) և «Նոր հարսը» (1911) պատմվածքներում:

1915-ին խույս տալով ձերբակալությունից՝ ապաստանել է Թիֆլիսում, ավելի ուշ՝ Եղեռնի մասին հիշողություններ է հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում։
1918 թվականին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և որբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորյալ» (1919) վիպակները։ 1926 թվականին այցելել է Հայաստան: 1933 թվականին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ 1936 թվականին Գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երևույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա և ձերբակալությունը։ Նրա կյանքի ողբերգական ավարտը՝ Բաքվի բանտում ողբերգական մահվան հանգամանքները, մինչ այժմ անհայտ են մնում։

«Մյուզիք դրայվ ֆեստիվալ»

 

Հայաստանում մարտի 24-26-ն անցկացվելու է «Մյուզիք դրայվ ֆեստիվալ» միջազգային փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, փառատոնի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհում հայտնի բազմաշերտ ու բազմաժանր ժամանակակից երաժշտությունը, ստեղծել մի հարթակ, որտեղ շփվելու և փորձով փոխանակվելու հնարավորություն կունենան հայ և արտերկրի երաժիշտները՝ համագործակցության հեռանկարով:
Փառատոնին կմասնակցեն ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում հանդես եկող հայաստանյան և արտերկրի հայտնի խմբերը:

Համերգները տեղի կունենան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև` ակումբային ելույթներ և բացօթյա համերգներ հարակից «Անգլիական» այգում: Համերգներին զուգահեռ՝ վիրտուոզ երաժիշտների և փառատոնի այցելուների միջև տեղի կունենան հանդիպում-զրույցներ:

Հարություն Խաչատրյան

 

ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր  Հարություն Խաչատրյանի  «Փակուղի» ֆիլմը այս ամիս կներկայացվի երկու տարբեր միջազգային կինոփառատոներում: «Ոսկե ծիրան»-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, Ռումինիայում մեկնարկել է «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի  10-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղին» առաջադրված է Լավագույն ֆիլմ անվանակարգում:

Մարտի 9-ից ընթանում է Սոֆիայի 21-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղի» ֆիլմը ներկայացված է պրեմիերաներ արտամրցութային ծրագրում:

«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990-ականների Գրին քարտ շահեց և ընտանիքով մեկնեց Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերություն տարբեր հանգրվանները: «Փակուղին» հանդիսանում է հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թ-ին  Շվեյացարիայում՝  Նյոն քաղաքի «Vision du Reel» միջազգային կինոփառատոնի շրջանակում: 

 

Ստրադիվարիուսի գողացված ջութակը վերադառնում է բեմ։ Մանրակրկիտ ռեստավրացիայից հետո, որը ավելի քան մեկ տարի է տեւել, Ստրադիվարիուսի ջութակը նորից վերադառնում է մեծ բեմ, հայտնում է NTDTV–ը։

Այդ գործիքը պատկանում էր ամերիկացի հանրահայտ ջութակահար Ռոման Տոտենբերգին։ 1980-ին այն գողացել էին երաժշտի աշխատասենյակից։ Ջութակը գտել են միայն 2015-ին։ Երաժիշտը դրանից երեք տարի անց մահացել էր 102 տարեկանում։

Ենթադրվում է, որ ջութակը գողացողը ջութակահար Ֆիլիպ Ջոնսոնն է եղել, որը գործիքը թաքցրել էր նկուղում։

Հիմա աշխարհում մոտ 550 ջութակ կա, որը ստեղծել է մեծանուն վարպետ Ստրադիվարիուսը։

 

Արվեստի ոլորտի քննադատները երկարատև բանավեճերից ու քննարկումներից հետո փաստել են, որ Լեոնարդո Դա Վինչիի` 1503-ին ստեղծած «Մոնա Լիզան» ժպտում է:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, այս եզրակացությանն են հանգել գերմանական Ֆրայբուրգի համալսարանի մասնագետները՝ ուսումնասիրելով փորձի մասնակիցների արձագանքները դիմանկարը դիտելիս:

Գիտնականների խումբը թվային մշակման է ենթարկել հանրահայտ կտավի սև և սպիտակ տարբերակները` կերպարի 4 «ժպտացող և աստիճանաբար տխրող» տարբերակ ստեղծելով:
Փորձի շրջանակներում 12 մասնակցի 9 պատկեր է ցուցադրվել 30 անգամ, որոնք դիտարկելիս նրանք պետք է նշեին՝ Մոնա Լիզան ուրա՞խ է, թե տխուր: 
Նախնական պատկերը մասնակիցներն ուրախ են գնահատել դիտումների 97 տոկոսի դեպքում:

 

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Մոսուլում պայթեցրել են Հովնան մարգարեի դամբարանը, որի փլատակներն ուսումնասիրելու ժամանակ հնագետներն արել են ուշագրավ հայտնագործություն:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, մասնագետները հայտնաբերել են մ.թ.ա. 650թ. կառուցված «պալատ», որը դարեր շարունակ գտնվել է Սուրբ Հովնանի դամբարանի տակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԻԼԻՊ-ը դամբարանը պայթեցրել էր 2014թ. հուլիսին՝ առաջացնելով միջազգային հանրության զայրույթը:

Մոսուլի տվյալ հատվածն ազատագրելուց հետո հնագետների խումբը գործի է անցել  փլատակների տեղանքում: Աշխատանքների ընթացքում նրանք հայտնաբերել են ԻԼԻՊ-ի անդամների կողմից փորված թունելներ, որոնք տարել են դեպի ստորգետնյա «պալատ»: Ենթադրվում է, որ իսլամիստներն այնտեղ գանձեր ու պատմամշակութային արժեքավոր իրեր են փնտրել: Հնագետների խոսքերով՝ այժմ «պալատը» փլուզման վտանգի տակ է:

 

Ռազմական գործողությունների կիզակետում գտնվող Սիրիայի պատմական թանգարաններից մեկից գողացված հնամենի քրիստոնեական գիրքը հայտնաբերվել է թուրքական Բուրսայում ու առգրավվել իրավապահների կողմից:
Ինչպես հայտնում է hurriyetdailynews.com-ը, եղնիկի կաշվից պատրաստված գիրքը զարդարված է ոսկով ու էջերին պարունակում է Մարիամ Աստվածածնի, Հիսուս Քրիստոսի, խաչերի, կենդանիների պատկերներ, հոգևոր տեքստեր:

Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքի առնչությամբ ձերբակալվել է 6 մարդ, որոնք փորձել են գիրքը վաճառել համացանցի միջոցով:

Այժմ 17 էջանոց գիրքը գտնվում է Բուրսայի թանգարանում: