Իրանական շուկա (29) Պլաստմասե և մելամինե արտադրանքներ
19 դարի դարի երկրորդ կեսին պլաստմասի արտադրմամբ խորքային փոփոխության ենթարկվեց մարդու կյանքը։ Իրանում այս արդյունաբերությունը ևս ունի բարենպաստ պայմաններ։
Մարդու հայտնագործությունների պատմության մեջ պոլիմերների արտադրումը եղել է զարմանահրաշ հայտնագործություններից մեկը։ Պոլիմերները մարդու ստեղծագործ մտքի և վաղեմի երազանքի իրականացումն են եղել։ Պատմության ընթացքում բազմաթիվ մարդիկ փորձել են տարրերի զտմամբ կամ քիմիական ռեակցիաների միջոցով նրանց միացությամբ ստեղծել ցանկալի հատկություններով բազմազան արտադրանքներ։ Մարդու կողմից պոլիմերների ստեղծումն եղել է այս հնամենի երազանքի իրականացումը։
Պոլիմերներն եղել են պլաստամասի ստեղծման հիմքը։ Մինչև մարդը կկարողանար ստեղծել սինթետիկ պոլիմերներ, բնությունը ինքնին արդեն ստեղծել էր որոշ պոլիմերներ, ինչպիսիք են ցելյոլոզը, պրոտեինը, կաուչուն, ձյութը և կուպրը։ Պատմության ընթացքում տևական ժամանակ բնական պոլիմերների (ռեզինի) օգտագործմամբ մարդիկ ստեղծում էին կենցաղային գործիքներ և զենքեր։ Սակայն 19-րդ դարի երկրորդ կեսին պլաստմասի արտադրմամբ էական փոփոխության ենթարկվեց մարդու կյանքը։Պլաստմասի նյութի կառուցվածքը հիմնված է բնության մեջ առկա քիմիական տարրերի՝ ածխածնի, ջրածնի, թթվածնի, ազոտի, քլորի և ծծմբի վրա։ Այս տարրերը ձեռք են բերվում բրածո վառելիքներից (նավթ և գազ), օդից, ջրից, և նույնիսկ կենդանի բույսերից։ Քիմիական տարրերի միացության մեջ քանակի հնարավոր փոփոխությունն ու տեղափոխումը հանգեցնում են տարբեր հատկություններով տարբեր պլաստմասե նյութերի ստեղծմանը։ Այս արտադրանքը կարող է լինել կարծր կամ փափուկ, թափանցիկ կամ անթափանց, ինչպես նաև կարող է փայտի, կաշվի և մետաքսի նման երևալ։ Պլաստմասի կիրառության շրջանակը բավականին լայն և բազմազան է։ Բջջային հեռախոսները, անվտանգության գլխարկները, կաթիլային ներարկման պարկը, միանգամյա օգտագործման ամանները, բազմաթիվ էլեկտրական իրերի ծածկոցները, և ամենակարևորը՝ նյութերի փոխադրման պլաստմասե տոպրակները այն իրերից են, որոնց ստեղծման համար կիրառվել են պլաստմասի տարբեր տեսակներ։ Պլաստմասերի ամենաշատ սպառումը պատկանում է փաթեթավորման արդյունաբերությանը (մոտ 30 տոկոս)։ Այսպիսի բազմազանության առկայությունը պատճառ է դարձել, որ պլաստմասը լայն դերակատարություն ունենա մեր կենցաղում։ Աշխարհում սպառվող նավթային նյութերի մոտ 4 տոկոսը կիրառվում է պլաստմասի արտադրման համար։
Հետաքրքիր է իմանաք, որ մինչև 150 տարի առաջ գոյություն չունեին պլաստմասի այն տեսակները, որոնք այսօր կան աշխարհում։ Պլաստմասի արդյունաբերության պատմությունը սկսվել է 1868 թվականից առաջ, երբ բամբակից ու ազոտաթթվից ստացած պիրոքսիլինի և կամֆորայի համադրությունից ձեռք բերվեց բոլորովին մի նոր և տարբեր նյութ, որը ցելյուլոիդ է կոչվում։ Ցելյուլոիդի զարգացմամբ ձևավորվեց պլաստմասի արդյունաբերությունը։
Ցելյուլոիդի կարևորագույն կիրառությունը եղել է առաջին լուսանկարչական ֆիլմի պատրաստումը շարժական պատկերների ֆիլիմի ստեղծման համար։ Ավելի քիչ քան 50 տարի հետո՝ 1909թ. պլաստմասի արդյունաբերության երկրորդ թռիչքը տեղի ունեցավ Ֆենոլիք կոչվող նյութի արտադրմամբ։ Բակելիտ կոչվող ֆենոլֆորմալդեհիդը լայն կիրառություն ունեցավ էլեկտրոնային մասերի արտադրման ոլորտում։ Պլաստմասի արդյունաբերության երրորդ թռիչքն ու զարգացումը տեղի ունեցավ 1920-ականներին ցելյուլոզային ացետատի հայտնվելուց հետո։ Կառուցվածքի առումով այս պոլիմերը նման է ցելյուլոզային նիտրատի, սակայն նրա արտադրումն ու օգտագործումը կատարվում է անվտանգության կանոնների առավել պահպանմամբ։ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում շուկա մուտք գործեցին նայլոնի և պոլի էթիլոնի պես նյութեր։ 1970-ականներին շուկա մտան հաղորդիչ պոլիմերները, որոնք լայն կիրառություն գտան համակարգչային ոլորտում, այդ թվում կոնտուրների պատրաստման գործում։
Պլաստամասի յուրահատկությունների շնորհիվ աշխարհում այն ամենամեծ սպառումն ունեցող նյութերից է։ Այլ նյութերի, այդ թվում մետաղների համեմատ պլաստմասերի թեթև լինելը հնարավոր է դարձրել նրանց օգտագործումը տարբեր վայրերում ու պայմաններում։ Էլեկտրականության դիմաց պլաստմասի մեկուսիչ լինելը պատճառ է դարձել, որ պոլիմերի այս տեսակը լայն կիրառում ունենա էլեկտրոնային ու էլեկտրականության ոլորտում, այդ թվում՝ տարբեր տեսակ էլեկտրալարերի ու մալուխների ծածկույթի, էլեկտրական ապրանքների ու գործիքների, փոխանջատիչների, խրոցների ու լամպի կոթառների արտադրման մեջ։ Պլաստմասը լայն կիրառություն ունի նաև բժշկության ասպարեզում։ Հաշվի առնելով, որ մանրեները ի զորու չեն աճել պլաստմասի վրա, այս նյութը կիրառվում է բժշկության ու վիրահատության, ատամնաբուժության և դեղագործության ոլորտներում։ Պլաստմասերի այլ հատկանիշներից են ներկվելու ունակությունը, ջերմության, բնակլիմայի տարբեր պայմանների և քիմիական նյութերի քայքայման հանդեպ դիմացկունությունը, ինչպես նաև քիմիական, սննդի և առողջապահական ոլորտներում նրանց օգտագործման հնարավորությունը։ Այս առավելություններից բացի, չպետք է անտեսել պլաստմասերի արտադրման հումքի մատչելի գինն ու բարձր արագությունը նրանց կիրառման ընդլայնման հարցում։
Ունենալով նավթային արդյունաբերություն և առատ նավթաքիմիական արտադրանքներ, Իրանն աշխարհում պլաստմասե նյութերի խոշոր արտադրողներից մեկն է։ Պլաստմասը նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքներից մեկն է և արտադրման ամենամեծ աճն ունի նավթաքիմիական արտադրանքների շարքում։ Ինչպես գիտեք, նավթաքիմիայի ոլորտը նավթի և գազի ռեսուրսներ ունեցող պետությունների տնտեսական ու սոցիալական զարգացման կարևորագույն արդյունաբերություններից մեկն է։ Նավթի ու գազի հարուստ պաշարների առկայությամբ հանդերձ, Իրանում ներդրումային գերակայություններից մեկը հենց նավթաքիմիայի արդյունաբերության զարգացումն է։ Հաշվի առնելով, որ նավթաքիմիայի ոլորտի սնուցման մի մասը գազն է, Իրանն այս ասպարեզում մրցակցային էական առավելություն ունի։ Իրանական բնական գազում առկա էթանի մեծ քանակը, տեղական շուկայի խոշոր լինելը և հանրապետության նավթաքիմիայի ցանցի բազմազանությունը ևս Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության մրցակցային առավելություններից են։ Հաշվի առնելով Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության մեծ ներուժը, ոմանք, այդ թվում ներդրումային խորհրդատու Ալսթիեր Հենմանը գտնում են, որ «Իրանում աննախադեպ ներդրումային հնարավորություններ կան։ Իրանն օժտված է բարենպաստ արտադրական ենթակառուցվածքներով և երկարաժամկետում անշուշտ կլինի այն երկրների շարքում, որոնք արտահանում են բազմաթիվ նավթաքիմիական արտադրանքներ»։
2014թ. Մերձավոր Արևելքում նավթաքիմիական արտադրության մեջ Իրանի բաժինը կազմում էր 25 տոկոս։ Իրանում տարեկան արտադրվում է ավելի քան 5 միլիոն տոննա պոլիմերային հումք, որի ավելի քան 1 միլիոն տոննան առևտրային նշանակության պլաստմասն է։ Ներկայումս Իրանում նավթաքիմիական ոլորտի ավելի քան 50 ձեռնարկություն և համալիր արտադրում են տարբեր արտադրանքներ տարբեր բնագավառների, այդ թվում կենցաղային իրերի, տեքստիլի և ավտոշինության արդյունաբերությունների համար։ Իրանում այս ոլորտի ակտիվիստները ձգտում են, որ ստորադասային արդյունաբերություններում, որպես լրացուցիչ ու գեներացնող արդյունաբերություն, առավել ներդրումներով և նորագույն տեխնոլոգիաների ու գիտելիքների կիրառմամբ, արտադրեն և սպառողական շուկաներ ներկայացնեն բարձր ավելացված արժեքով արտադրանքներ:
Պլաստմասի արդյունաբերության կողքին պետք է հիշատակել նաև Իրանի մելամինի արդյունաբերությունը, որը աշխարհում երեք առաջադեմ արտադրողներից մեկն է։ Վերջին տարիներին Իրանի մելամինի արդյունաբերության ակտիվիստները արտադրական օբյեկտներում որակի վերահսկման լաբորատորիաների վերազինմամբ և անոթների ձևերում նորարարությամբ հաջողեցին բազմազան արտադրանքներ արտահանել Պարսից ծոցի ավազանի, Արևելյան Եվրոպայի, Հարավային Աֆրիկայի և հարավային Ամերիկայի երկրների շուկաներ։
Անտարակույս այսօր աշխարհում պլաստմասի առկայությունը դյուրին է դարձնում մեր կյանքը, սակայն բնության մեջ չքայքայվող առևտրային պոլիմերների, այդ թվում պլաստմասերի արտադրման անխնա մեծացումը դարձել է բնապահպանական աղտոտման կարևորահույն աղբյուր և սպառնալիք երկիր մոլորակի համար։ Պլաստմասի վերականգնման արդյունաբերությունը արդյունավետ միջոցներից է այս արտադրանքների բնապահպանական ավերիչ ազդեցության նվազման հարցում։ Այս արդյունաբերությունը նպաստում է պլաստմասե արտադրանքների ավելացված արժեքի մեծացմանն ու առավել շահագործմանը։ Վերականգնման արդյունաբերությունը Իրանում երիտասարդ արդյունաբերություն է և չնայած այս հանգամանքին, իրանցի հետազոտողները կարողացել են մեծ համաշխարհային հաջողությունների հասնել այս ասպարեզում, որոնցից է PETշշերի (ըմպելիքների ու հանքային ջրերի շշերը) վերականգնման եղանակի հայտագործումը։ Մինչ այդ PETշշերի վերականգնման ֆիզիկական եղանակում հնարավոր էր այն միայն մեկ անգամ վերափոխել, սակայն իրանցի երիտասարդ հետազոտողների կողմից ներկայացված եղանակում շիշը իր բոլոր հնարավոր անմաքրություններով ու մասերով, այդ թվում իր պիտակով ու խցանով տեղադրվում է ռեակտորի մեջ, լուծվում քիմիական լուծիչով, ապա մի քանի փուլերում ֆիլտրացվում է ճնշման տակ, որից հետո ձեռք է բերվում PET-ի գլխավոր նյութը։
Այս եղանակում լուծիչը կարելի է կրկին օգտագործել և այս ցիկլում չօգտագործված ոչ մի նյութ չի մնում։ Այս հանգամանքը մեծ նշանակություն ուներ 2015թ.Իտալիայի «Սթարթ քափ» մրցաշարի ժուրիի կարծիքով և պատճառ դարձավ, որ մրցաշարում Իրանի թիմը գրավի առաջին տեղը։
99.5 տոկոս մաքրությամբ արդյունահանված այս նյութը մեծ տնտեսական արժեք ունի և փաստորեն PETշշերի արտադրման հումքն է։ PETշշերի արդյունաբերությունից բացի, այս նյութը կարելի է օգտագործել տեքստիլի և ներկարարության բնագավառներում։ Պլաստմասերի ապականող ազդեցության դեմ դիմակայելու միջոցներից է նաև արագ քայքայման ունակությամբ բուսական նյութերից պատրաստված տոպրակների օգտագործումը։ Իրանում որոշ գիտելիքահենք ընկերություններ այս ասպարեզում ներդրումների միջոցով կարողացել են նախագծել ու արտադրել մեխանիզացիա միանգամյա օգտագործման ամանները վերականգնելու համար։ Այս ընկերությունները նաև կարողացել են ձեռք բերել բուսական նյութերի, այդ թվում բրնձի ծղոտի ու շաքարեղեգի ցողունի կիրառմամբ միանգամյա օգտագործման ամանների արտադրման գիտելիքը։ Աշխարհում Իրանը օսլայից միանգամյա օգտագործման ամաններ արտադրող հինգ երկրներից մեկն է։