Դեկտեմբեր 10, 2018 01:19 Asia/Tehran

2008թ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, Ֆրանսիան կանգնել է բազմաթիվ խնդիրների առաջ, ինչպես` սղաճը և գործազրկությունը: Իսկ այսօր այդ երկրի կառավարությանը սպառնում է բյուջեի ճեղքը:

Ֆրանսիայի նախկին նախագահներ  աջակողմյան Սարկոզին և սոցիալիստ Օլանդը, իրենց պաշտոնավարման ընթացքում տնտեսական բարեփոխումների և գործազրկության նվազման խոստումներ էին տվել: Սակայն նրանք չկարողացան իրագործել իրենց խոստումները: Ֆրանսիայի 2017թ նախագահական ընտրությունների ընթացքում, երկու կարևոր մրցակիցներ` անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը և ծայրահեղ աջակողմյան թեկնածու Մարին Լը Պենը, նույնպես անդրադարձան այս հարցերին: Իսկ երբ 2017թ․ մայիսին Մակրոնը մտավ Ելիսեյան պալատ, անմիջապես սկսեց իրականացնել իր տնտեսական բարեփոխման ծրագրերը: Դրանցից ամենակարևորն աշխատանքի մասին օրենքի բարեփոխումն էր, որի արդյունքում ներդրումները պետք է աճեին և բացվեին նոր  աշխատատեղեր: Սակայն ծրագիրը եղավ ի վնաս բանվորների ու գրասենյակային աշխատողների, որոնց դիրքերն ավելի թուլացան: Արդյունքում, երկրի աշխատավորական արհմիությունները բողոքի մեծ ալիք բաձրացրեցին: Մյուս կողմից, Մակրոնը, բյուջեի ճեղքը լրացնելու համար, առաջարկեց մաքուր էներգիայից օգտվել նավթի ու գազի փոխարեն: Այդ պատճառով առաջարկվեց վառելիքի վրա սահմանել նոր հարկ, ինչն էլ բողոքի նոր ալիք բարձրացրեց, որը շարունակվում է մինչ օրս: Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ վառելիքի հարկերի բարձրացումը բողոքարարների համար միայն պատրվակ է, քանի որ մարդկանց հիմնական խնդիրը Ֆրանսիայի ֆինանսական վատ վիճակն է: Այլ խոսքով, ֆրանսիացիները բողոքում են կապիտալիզմի իշխանության դեմ: Վերջին օրերին, Ֆրանսիայում սկսված բողոքները հասան մինչև  Նիդերլանդներ ու Բելգիա: Այս բողոքները մեկնարկեցին սույն թվականի նոյեմբերի 17-ից ու աննախադեպ կերպով տարածվեցին: Առաջին շաբաթվա ընթացքում, ցույցին մասնակցում էր ավելի քան 280 հազար մարդ: Ներկայումս Մակրոնի տնտեսական քաղաքականության դեմ ֆրանսիացիների բողոքի ցույցերը թևակոխել են երրորդ շաբաթը: Հազարավոր ֆրանսիացիներ այսօր արդեն պահանջում են Մակրոնի հրաժարականը: Բողոքի ալիքը, որը կոչվել է «Դեղին բաճկոնավորների» շարժում, սկսվեց վառելիքի գնի բարձրացման դեմ բողոքներից: Բողոքարարները, հագնելով դեղին բաճկոններ, որոնք պետք է պարտադիր լինեն բոլոր մեքենաներում, սկսեցին բողոքի ցույցը, որը հետագայում վերածվեց բռնությունների: Շարժումն ինքնաբուխ էր և աշխատավորական արհիմություններից անկախ: Քաղաքական փորձագետ Համիդռեզա  Ասեֆիի ասելով. «Ֆրանսիայի շարժումը կոնկրետ ղեկավար չունի: Միլիոնավոր մարդկանց փողոց են հրավիրել սոցիալական ցանցերում արված գրառումները: Բողոքարարները բողոքում են Մակրոնի որոշման դեմ»: Եվ չնայած այս բողոքի ալիքը չունի ղեկավար, փորձագետները նշում են, որ սա Ֆրանսիայում ամենախոշոր բողոքն է կապիտալիզմի դեմ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 84 տոկոսը կողմ է «Դեղին բաճկոնավորների» շարժմանը: «Օդոքսա» ինստիտուտի կողմից անցկացված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ հարցված ֆրանսիացիների 84 տոկոսն այս բողոքն արդարացված է համարում: Մակրոնը, ով 2017թ․ մայիսից, պոպուլիստական խոստումներով եկավ իշխանության, իրականացրեց որոշակի նախագծեր, որոնք ըստ իրեն, նպատակ ունեն բարելավել Ֆրանսիայի սոցիալական ու տնտեսական վիճակը: Այդուհանդերձ, Ֆրանսիայի հասարակությունը բացասական է վերաբերվում Մակրոնի քայլերին ու բողոքում դրանց դեմ: Մակրոնի կուսակցությունը “Հանրապետություն, դեպի առաջ” կարգախոսով, պարտություն կրեց 2018թ փետրվարի 4-ին կայացած խորհրդարանական ընտրություններում: Սակայն Մակրոնը շարունակում է պնդել իր բարեփոխման ծրագրի իրագործման վրա, որի մաս է կազմում վառելիքի հարկերի բարձրացումը: 2018թ սկզբին Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց, որ նպատակ ունի մարդկանց խրախուսել գնել էլեկտրական մեքենաներ, ինչի պատճառով էլ նպատակ ունի բարձրացնել վառելիքի հարկերը: Վերջին ամիսների ընթացքում, վառելիքի գինը բարձրացավ 23 տոկոսով, ինչն աննախադեպ է 2000 թվականից մինչ օրս: Ֆրանսիայի  կառավարության այս որոշումը, որը պետք է գործադրվի 2019 թվականից, ավելի զայրացրեց ֆրանսիացիներին: Մակրոնը հայտարարեց, որ որոշումն ընդունվել է` մաքուր էներգիայի ոլորտում ներդրումների ծավալը բարձրացնելու նպատակով: Սակայն վառելիքի գների աճը մեծապես ազդել է ֆանսիացիների կյանքի վրա: Իսկ Ֆրանսիայի ներկա վիճակը, որը մեծապես ազդել է նաև զբոսաշրջության ոլորտի վրա, պատճառ է դարձել, որ քաղաքագետները, կուսակցությունների ղեկավարներն ու պաշտոնյաները, Մակրոնին զգուշացնեն շուտափույթ քայլեր ձեռնարկել` այս ճգնաժամը հաղթահարելու և բողոքարարներին հանդարտեցնելու համար: Ֆրանսիայի Սենատի նախագահ Ջերար Լարշեն իր թուիթերյան էջում  գրել է. “Մակրոնի կառավարությունը պետք է շուտափույթ կերպով հոգա բողոքարարների կարիքները, որպեսզի երկիրը դուրս գա այս ճգնաժամից”: Իսկ Հանրապետական կուսակցությունը նախագահին կոչ է արել լսել բողոքարարների ձայնը: Այդուհանդերձ, որոշ ֆրանսիացի դիվանագետներ, ինչպես` Ժան Լյուկ Մելանշոն, ով «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության նախագահն է, հայտարարել է, որ արդեն ուշ է և մարդկանց վրա տնտեսական մեծ ճնշում է  գործադրվել: Նա հավելել է, որ աշխատավոր և միջին խավերն այլևս հիասթափված են ու զայրացած: Նրանք չունեն ապագայի նկատմամբ հույս: Բողոքարարները հայտարարում են, որ Մակրոնը հարուստների նախագահն է: Պետք է ասել, որ «Դեղին բաճկոնավորների»  շարժումն ազդել է նաև Ֆրանսիայի տնտեսության վրա և այդ ազդեցությունը հետագայում ավելի է խորանալու: Իհարկե, բողոքարարների պահանջների մի մասն ընդունվեց կառավարության կողմից: Սենատի աջակողմյան մեծամասնությունը քվերակեց վառելիքի հարկերի բարձրաման որոշումը դադարեցնելու օգտին: Իսկ ավելի ուշ, կառավարությունն ընդհանրապես հրաժարվեց նախագծից: Վարչապետ Լուիս Ֆիլիպը հայտարարեց, որ կառավարությունը սկզբում որոշել էր 6 ամսով հետաձգել նախագծի գործադրումը, սակայն ի վերջո որոշվել է այն ընդհանրապես հանել օրակարգից: Նա հավելեց. “Մարդկանց պահանջներն օրինական են ու դրանց պետք է ուշադրություն դարձնել”: Պետք է ասել, որ այս բողոքների պատճառով, Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է 50 տոկոսով: Ներկայումս շարժումը կրում է  հակակապիտալիստական բնույթ  և շարունակվում է  տարբեր քաղաքներում: Կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել բողոքարարների հետ: Սակայն ցուցարարները շարունակում են բողոքել և պահանջում են կառավարության հրաժարականը:  

Իսկ ինչ վերաբերում է  շարժման սոցիալական կողմին, պետք է ասել, որ սա Ֆրանսիայի բողոքի խորհրդանիշն է  այս  եվրոպական երկրում աղքատության ծավալի աճի դեմ: Ֆրանսիայում աղքատությունն ավելի խորացավ Մակրոնի ժամանակ: Ավելացավ մի նոր խավ, որն էլ կազմակերպեց «Դեղին բաճկոնավորների» շարժումը: Երկրում աճել է բնակարանների գինը, իսկ ցածր եկամուտ ունեցող խավը պարտավոր է եղել հեռանալ մեծ քաղաքներից ու ապրել արվարձաններում: Եվ նրանք գնալով ավելի են աղքատանում: Այս խավի ներկայացուցիչները պնդում են, որ Մակրոնն ավելի է աղքատացնում իրենց: Միևնույն ժամանակ պետք է ասել, որ «Դեղին բաճկոնավորների» շարժումն ուղղված է նաև եվրոյի դեմ, քանի որ բողոքարարների պահանջներից մեկը աշխատավարձերի բարձրացումն է: Սակայն Մակրոնի կառավարությունը որևէ ազդեցություն չունի եվրոյի վրա և այլ երկրների հետ մրցակցության պատճառով չի կարող դրական պատասխան տալ բողոքարարներին: Կարելի է կանխատեսել, որ շարժումը շարունակելու է գոյատևել: Դա պատճառ է դարձել որ Ֆրանսիայի ընդդիմադիր կուսակցությունները Մակրոնին զգուշացնեն  ավելի հարմար քայլերի դիմել` հեղափոխական վիճակից դուրս գալու համար: «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը և «Անհնազանդ Ֆրանսիա» ձախակողմյան կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոն, պահանջել են, որ խորհրդարանը կազմալուծվի և անցկացվեն վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ: Իսկ Հանրապետական կուսակցությունը պահանջել է, որ Մակրոնի առաջարկած հարկային և կենսոլորտային քաղաքականությունը դրվի հանրաքվեի; Կուսակցությունը հայտարարել է, որ մարդիկ պետք է ասեն իրենց խոսքն այդ կապակցությամբ:

Սակայն գոյություն ունի մի մտահոգոթյուն, որ Մակրոնի առաջարկած տնտեսական ու սոցիալական բարեփոխումները ավելի կվատթարացնեն այս եվրոպական երկրի վիճակը: Ֆրանսիացի փորձագետ Դոմինիկ Մոիզի ասելով. «Այս շարժումն արտակարգ իրավիճակի ու Ֆրանսիայի ժողովրդի միասնության խորհրդանիշն է: Բողոքարարներն ասում են .Դուք /պաշտոնյաներդ/ անտեսում եք մեզ: Դուք, որպես էլիտար խավ, մտածել եք, որ մենք / մարդիկ/ գոյություն չունենք, մենք ոչինչ ենք: Սակայն այսօր դուք մեզ տեսնում եք: Մենք փողոցում ենք”:

Բողոքարարների նկատմամբ Ֆրանսիայի ոստիկանության կիրառած խիստ վերաբերմունքն  ավելի է զայրացրել բողոքարարներին: Եվ չնայած կառավարությունը զիջել է իր դիրքերը և «Դեղին բաճկոնավորների»  հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել, սակայն բողոքարարները դա չեն ընդունել: “Դեղին բաճկոնավորները” դեռևս չեն համաձայնել բանակցել կառավարության հետ: Նրանք ասում են, որ Մակրոնի քայլերը ուղղված են միայն կապիտալիստական կարգերն ամրապնդելուն: Նրանք պահանջում  են, որպեսզի կառավարությունը դիմի ավելի լուրջ քայլերի: Ամեն դեպքում, բողոքի ալիքն ավելի է մեծանում, ինչին Մակրոնը չէր սպասում: Ուսումնասիրելով բողոքարաների պահանջները, կարելի է հասկանալ, որ առանց դրանք բավարարելու, հնարավոր չի լինելու մեղմացնել նրանց ցասումը, առավել ևս, որ ֆրանսիացիները կողմ  են շարժմանը: Եվրոպական երկրները նույնպես հետևում են շարժմանը և ինչպես ֆրանսիացիները, նրանք նույնպես հույս չունեն, որ բարեփոխումները կբարելավեն ֆրանսիացիների կյանքը: Օրինակ բելգիացիներն արդեն երեք շաբաթ բողոքի ցույց են կազմակերպում վառելիքի գների աճի դեմ: Բելգիացի ցուցարարները նույնպես կրում են դեղին բաճկոններ: Ֆինլանդիայում նույնպես կազմակերպվել են բողոքի քայլարշավներ:    

Այս իրավիճակը ցույց է տալիս, որ եվրոպական երկրներում սկսվում է  քաղաքական ու սոցիալական նոր շարժում, որը կարող է մեծապես ազդել այս եվրոպական երկրի տնտեսական քաղաքականության վրա: Շարժումը, որը կրում է հակակապիտալիստական բնույթ, սկզբում բողոքում էր վառելիքի գների աճի դեմ: Սակայն այսօր արդեն պարզ է, որ  բողոքներն ավելի խորը բնույթ են կրում: Շարժումը փաստեց, որ Մակրոնի տնտեսական ու սոցիալական քաղաքականությունն արդյունք չի ունեցել: «Դեղին բաճկոնավորների» բողոքն այն մարդկանց բողոքն է, ովքեր իրենց ուսերին կրել են ամենամեծ տնտեսական ճնշումները և այսօր պահանջում են, որ բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական ոլորտում, արդարություն հաստատվի:    

 

Պիտակ