Ապրիլ 29, 2020 02:00 Asia/Tehran

Տարբեր տնտեսական պայմանագրերի կնքումը և հարևան երկրների հետ ազատ առևտրի հաստատումը, այն քաղաքական ուղղություններից է, որը վերջին տարիներին միջազգային ասպարեզում հատուկ դիրք է զբաղեցնում: Ի հավելումն համաշխարհային տնտեսական գործընթացների հետ փոխգործակցության, զարգացած և զարգացող տնտեսությունները ձգտում են ձեռք բերել հարևան պետությունների հետ տնտեսական համաձայնագրեր, որոնք հիմնականում նպաստում են առևտրի դյուրացմանը և մեծացնում համաշխարհային առևտրում իրենց բաժինը:

Իրանի տնտեսության գլխավոր առավելություններից է տարածաշրջանային խոշոր շուկան, որն ընդգրկում է 15 հարևան պետություն՝ 600 միլիոն բնակչությամբ: Իրանի ոչ նավթային արտահանումների զարգացման կարևոր ռազմավարություններից է այս երկրների հետ առևտրային շրջանակների ընդլայնումը: Այս շաբաթ «Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում հակիրճ կանդրադառնանք իր հարևանների նկատմամբ Իրանի տնտեսական քաղաքականությանը , և կներկայացնենք նշված շուկաներում հաճախորդների կարծիքը: Մնացեք մեզ հետ:

Աֆղանստանը Իրանի հարևան պետություններից մեկն է, որն Իրանի հետ ունի ավելի քան 850 կմ ընդհանուր սահման: Այն Ասիայի սրտում գտնվող կարևոր երկիր է: Ըստ վիճակագրական տվյալների, այդ երկրում սպառողական ապրանքների 96 տոկոսը ներմուծվում է, իսկ դրա արտահանումների ծավալը կազմում է տարեկան ընդամենը 4 տոկոս: Աֆղանստանի խանութներում ու սուպերմարկետներում հիմնականում իրանական, թուրքական, չինական և պակիստանյան  ապրանքներ են: Ավելորդ չէ ասել, որ ներկայումս Աֆղանստանի հարևան կամ նրանից հեռու գտնվող պետությունները ձգտում են այս երկրում ունենալ ուժեղ հիմք՝ 30 միլիոնանոց շուկան ձեռք բերելու համար: Սակայն ինչ վերաբերում է Իրանին, աֆղանստանցի տնտեսագետ Սեյեդ Մասուդն այսպես է ասել. «Բազմաթիվ խնդիրներից ձերբազատվելու, ազատ ջրեր դուրս գալու և ահաբեկչությանը աջակցող խմբավորումների ազդեցությունը նվազեցնելու համար, աֆղանցիները այլ ելք չունեն, քան Իրանի հետ կապերի ընդլայնումը։ Իրանցի գործարարների համար Աֆղանստանը, հսկայական և զարգացող շուկա է, որտեղ երկու կողմերն էլ ունեն իրենց շահերը, ինչը նրանց ստիպում է սերտ տնտեսական և առևտրային հարաբերություններ ունենալ միմյանց հետ: Ես լավատեսորեն եմ վերաբերվում Իրան-Աֆղանստան հարաբերությունների ապագային»,ասել է նա:

Աֆղանստանի ներմուծումների ընդհանուր ծավալի ավելի քան 36 տոկոսը իրանական ապրանքներն են: Երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնահերթությունները ընդգրկում են լայն շրջանակ, այդ թվում՝ թեթև արդյունաբերությունները, սննդամթերքի, շինանյութերի, դեղագործության, կիրառական և աշխատատեղեր ստեղծող արդյունաբերությունները, առավելություն ունեցող իրանական տեխնոլոգիական արդյունաբերությունը, տեխնիկաինժեներական ծառայությունների արտահանումը, գյուղատնտեսական փոխարկերպման արդյունաբերությունը, անասնաբուծական արդյունաբերությունը, գորգերի արտադրության հումքի մատակարարումը, պլաստմասի, ապակու, ցեմենտի, շենքերի սանհանգուցային արտադրանքների, բժշկական և կրոնական տուրիզմի ոլորտները:

Մինչ այժմ Իրանը Աֆղանստանում կազմակերպել է մի շարք մասնագիտացված տնտեսական ցուցահանդեսներ, որոնց ուղղությունը եղել է ոչ միայն արտահանումը, այլև, ըստ Իրանի Հարավային Խորասան նահանգի արտաքին առևտրի վարչության անդամ Սաիդ Բեհեշթիի, ընկերությունների ղեկավարներին ծանոթացնել Աֆղանստանում առևտրային գործընկերների հետ: Աֆղանստանի գործարարներն ու տնտեսական ակտիվիստներն Իրանը համարում են նույնալեզու հարևան պետություն՝ գերադասելով առևտուր անել ավելի շատ այս երկրի, քան ցանկացած այլ երկիր հետ, քանի որ ոմանք կարծում են, որ արևմտյան երկրների կողմից պարտադրված տնտեսական քաղաքականությունները չեն կարողացել Աֆղանստանը դարձնել ներքին տնտեսության վրա հիմնված արդյունաբերական երկիր: Ուստի, նրանք պետք է որդեգրեն այն ճանապարհը, որով անցել է Իրանը:

Աֆղանստանի քաղաքացի Յուսեֆ Սաիդը, ով Քաբուլում իր ընտանիքի հետ այցելել է Իրանի մասնավոր ցուցահանդեսներից մեկը, կարծում է. «Մենք ուրախ ենք, որ իրանցիները կարողացել են հասնել ինքնաբավության, քանի որ նրանք մեզ գործնականորեն ցույց են տվել ճանապարհը և ապացուցել են, որ եթե ​​մենք միավորվենք, ապա ոչ մի մեծ տերություն չի կարող խանգարել մեր աճը»: «Աֆղանստանի ժողովուրդը շատ հետաքրքրված է իրանական ապրանքներով, բայց Աֆղանստանում իրանական ապրանքների գովազդը շատ քիչ է, և քչերն են տեղեկանում Աֆղանստանում որակյալ իրանական ապրանքների մասին» - ավելացրեց նա:

Աֆղանստանում Իրանի մասնավոր ցուցահանդեսներից մեկում   սննդի արդյունաբերության գծով մասնակից ընկերության գործադիր տնօրեն Մաջիդ Ռեզային նշում է.  «Աֆղանստանն, ինչպես աշխարհում ցանկացած այլ շուկա, պարունակում է հնարավորություններ և սպառնալիքներ, այն տարբերությամբ, որ այս երկրում մեծ է մարդկանց ցանկությունը իրանական ապրանքներ գնելու համար: Մարդկանց մեծ մասը հեշտությամբ կարող է կարդալ պարսկերեն գրառումները իրանական ապրանքների վրա»: Այս երկրում անցկացվող իրանական ցուցահանդեսների ընդառաջումն աֆղան ժողովրդի և առևտրականների կողմից  ուժեղ մղում է առաջացրել իրանցի արտադրողների ու ներդրողների մոտ այս երկրում ավելի շատ ներկայություն ունենալու համար: Այս ցուցահանդեսներում աֆղան ժողովուրդը բազմիցս մեծ հետաքրքրություն է ցուցաբերել իրանական ապրանքների նկատմամբ: Իրանցի գործարար և ամանեղենի բնագավառում աշխատող «Թիարա» ընկերության գործադիր տնօրեն Փարիսա Հանիֆան ասում է. «Ես իսկապես տխուր եմ, որ մենք չէինք վաճառում և ստիպված բացասաբար պատասխանում այն մարդկանց, ովքեր ցանկանում էին գնել մեր արտադրանքը, սակայն հաշվի առնելով աֆղանական ժողովրդի խանդավառ ընդունելությունը, մոտ ապագայում մենք նորից կգանք այս երկիր և լրջորեն կմտնենք այս շուկա: Առաջին օրերին աֆղանական գործարարներից ոմանք մեզ առաջարկեցին կառուցել 1 միլիոն դոլար արժողությամբ արտադրական հոսքագիծ։ Մենք ուրախ ենք այդ կապակցությամբ և հույս ունենք, որ լավ գործընկերներ կգտնենք Աֆղանստանում»:

Իրանի մեկ այլ հարևան պետություն է Իրաքը: 2018 թվականին Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր փուլի մեկնարկից հետո առաջին անգամ Իրանը կարողացավ արձանագրել դեպի Իրաք ռեկորդային՝ 9 միլիարդ դոլարի հասնող արտահանումների ցուցանիշը՝ առաջին տեղում հայտնվելով այս երկրի շուկայում: Իրանի և Իրաքի միջև առևտրի ծավալը կազմում է տարեկան մոտ 13 միլիարդ դոլար, որն, ըստ կատարված պլանավորումների, կանխատեսվում է, որ առաջիկա երկու տարում (2021թ.) այն կհասնի 20 միլիարդ դոլարի: Վերջին տարիներին Իրաքը եղել է տարածաշրջանում Իրանի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկը: Չնայած վերջին տարիներին դեպի Իրաք Իրանի արտահանումների զգալի աճին, շատ փորձագետներ կարծում են, որ երկու երկրների միջև առևտրի ծավալը պակաս է Իրանի և Իրաքի միջև առկա ներուժից, և երկու երկրների միջև սահմանային, քաղաքական, կրոնական և պատմական ընդհանրությունները ապահովել են մի հարթակ, որը ավելի մեծ ծավալի առևտրային գործակցության է արժանի, քան առևտրի ներկայիս ծավալը:

Ներկայումս Իրանն իրաքյան շուկայում ունի անթիվ հնարավորություններ ու մեծ ներուժ: Իրաք արտահանվող ապրանքների տեսակը ընդգրկում է ապրանքների լայն շրջանակ՝ սպառողական ապրանքներից սկսած մինչև կապիտալ։ Իրաքի շուկա արտահանվող հիմնական ապրանքներն են շինարարական, սննդային, լվացող նյութերի և սանիտարական արտադրանքները, հագուստը, ավտոմեքենաները, կենցաղային տեխնիկան և ինժեներատեխնիկական ծառայությունները: Ինչ վերաբերում է երկու երկրների տնտեսական ապրանքաշրջանառությանը, ապա կարող ենք նշել տուրիստական ​​ոլորտը: Ուխտագնացության նպատակով ամեն տարի Իրանից երեք միլիոն մարդ է մեկնում Իրաք, ինչը խթանել է Իրաքի զբոսաշրջային արդյունաբերությունը, և ինչպես ծառայությունների արտահանումը, արտարժույթ է բերում Իրաքի համար։ Իրանցի արհեստավորների ու ներդրողների օգնությամբ Իրաքում համատեղ արդյունաբերական ավանների հիմնումը կարող է մեծացնել արդյունաբերական արտադրանքի, այդ թվում՝ պողպատի ու տարբեր շինարարական նյութերի արտադրական հզորությունները` բավարարելով տարածաշրջանի երկրների կարիքները, և խթանել Իրաքի ներքին արտադրությունն ու արտահանումները: Իրանի և Իրաքի միջև տնտեսական փոխգործակցության հետ կապված կարելի է նշել երկու երկրների ներդրումները անշարժ գույքի ոլորտում: Իրաքցիները մեծ ներդրումներ են կատարել Իրանի անշարժ գույքի ոլորտում: Իրանցիները ևս ակտիվ են այդ երկրի անշարժ գույքի շուկա մուտք գործելու և Իրաքի որոշ ավանների, մարզադաշտերի և առևտրի կենտրոնների կառուցման բնագավառում ներդրումներ կատարելու գործում:

Իրանի տնտեսական դերակատարները քաջատեղյակ են, որ երկրների միջև տնտեսական և առևտրային կայունություն ունենալու համար անհրաժեշտ է հաստատել երկկողմ հարաբերություններ: Իրաքի համար լուծումներից մեկը ապրանքների տարանցումն է: Ըստ Իրան-Իրաք համատեղ առևտրի պալատի նախագահ Յահյա Ալ-Էսհաղի, «Թեև Իրաքը չի կարող ինքնուրույն ապահովել մեզ անհրաժեշտ ապրանքները, այնուամենայնիվ այն կարող է տարանցման միջոցով մատակարարել 6 միլիարդ դոլարի չափով մեզ անհրաժեշտ ապրանքների մի մասը: Մենք էլ ցանկանում ենք, որ այդ տարանցումը տեղի ունենա Իրաքի միջոցով, քանի որ Իրաքով 6 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների տարանցումը կարող է որոշ չափով հավասարակշռել մեր առևտրային հարաբերությունն Իրաքի հետ՝ բավարարելով նաև մեր կարիքները: Բայց հիմնական խնդիրը Իրաքի օրենքներն են ու Իրաքում այս ծավալով ապրանքների տրանսպորտային համակարգը: Ներկայումս ավարտված չէ մինչև Սիրիա ու Հորդանան ձգվող՝ Շալամչե-Բասրան միացնող երկաթուղու 17 կիլոմետրանոց հատվածը: Չնայած արված ջանքերին, թշնամիները շատ են վախենում այս երկաթուղու  ավարտից ու միացումից: Բարեբախտաբար, վերջնական բանակցությունների ավարտմամբ և որպես ծրագրի կատարող, Իրանի «Ընչազուրկների աջակցման» հիմնադրամի ընտրությամբ, մենք հույս ունենք, որ հնարավորինս շուտ կտեսնենք այս երկաթուղու կառուցումն ու շահագործումը: Իրաքում տարանցման մասին օրենքի ընդունմամբ և երկու երկրների երկաթուղիների միացմամբ, մենք կարող ենք ընդլայնել առևտուրը Իրաքի հետ ևս 6 միլիարդ դոլարի չափով»:

Ըստ տնտեսական ակտիվիստների, Իսլամական Հեղափոխության թշնամիների կողմից Իրանի և Իրաքի միջև տնտեսական կապը խափանելուն ուղղված տարաձայնությունների ստեղծումը նոր խնդիր չէ: Ավելի ճիշտ է ասել, որ սա խնդիր է, որն ունեն իրանցի գործարարներն ու ներդրողները հարևան բոլոր երկրների հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու հարցում: Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները գիտեն, որ Իրանն ի վիճակի է իր 15 հարևանների հետ իրականացնել ավելի քան 250 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն: Հետևաբար, նրանք փորձում են խափանել այդ կապը: Իրաքի հետ կապված շատ բաներ կարելի է ասել: Օրինակ, 2019 թ․ Հունիս ամսին, Քարբալա քաղաքում «Քալեհ» կաթնամթերքի ընկերությունը կրակի մեջ այրվեց: Ընկերությունը Իրաքում արտադրում է օրական մոտ 500 տոննա արտադրանք, այդ թվում ՝ մածուն, թան և մսամթերք: Մի կողմ թողած ենթադրությունները նշված դեպքի միտումնավոր կամ ոչ միտումնավոր լինելու մասին, ընկերությունը Իրաքում ունի բազմաթիվ մրցակիցներ Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից և Քուվեյթից։ Կարելի է նշել նաև Իրաքի Կենտրոնական բանկում դաշնային պահուստային ֆոնդի ներկայացուցչի սաբոտաժը, որը միշտ էլ խանգարել է Իրանի և Իրաքի միջև նորմալ փոխգործակցության հաստատումը, կամ էլ սպառնալիքները՝ Իրանի կողմից դեպի Իրաք էլեկտրաէներգիայի արտահանման հետ կապված: Չնայած առկա սաբոտաժին, իրանցի մասնագետները կարողացել են այս երկրում կառուցել և շահագործել չորս էլեկտրակայան:

 

Պիտակ