Հոլիվուդյան դիվանագիտությո՞ւն , թե՞ քաղաքական միջամտությո՞ւն
Այսօր Հոլիվուդն առավել քան ԱՄՆ Պետքարտուղարությունը , Պենտագոնը և նույնիսկ ԿՀՎ-ն ազդեցիկ դեր ունի ԱՄՆ միջամտողական քաղաքականությունների իրականացման գործում: Սցենարիստների, կինոռեժիսորների և դերասանների օգնությամբ, Հոլիվուդը բազմաթիվ դեսպաններ է ուղարկում աշխարհի տարբեր կետեր, որոնք էլ օգնում են ԱՄՆ-ին ՝ իրականացնել իր նկրտումները:
Այսօր գիտական, մշակութային ու հասարակական բնագավառներում հազարավոր մարդիկ են ծառայում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը: Նրանք կինոարդյունաբերության ոլորտում աշխատող մարդիկ են, որոնք իրենց մասնագիտական համբավի շնորհիվ, աշխարհահռչակ են դարձել: Մասնագիտությանը զուգահեռ, նրանք ծավալում են նաև քաղաքական գործունեություն: Քաղաքական դաշտում կինոգործիչների այս միջամտությունն իրականացվում է Հոլիվուդի օգնությամբ: 2012 թվականի մարտին դերասան՝ Ջորջ Քլոնիի ձերբակալման մասին լուրը ցնցեց ողջ ԱՄՆ-ը: Հոլիվուդյան դերասան, ռեժիսորը ձերբակալվել էր Վաշինգտոնում Սուդանի դեսպանության առջև տեղի ունեցած ցույցերի ժամանակ: Ցույցերը կազմակերպվել էին ի նշան բողոքի այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեմ : Սակայն Քլոնին և Սուդանի նման երկրի միջև ինչպի՞սի առնչություն կարող է լինել:
Սուդանը համարվում է Աֆրիկայի երրորդ մեծ երկիրը, որի բնակիչների մեծ մասը մուսուլմաններ են: Այդ երկրի նախագահն է Օմար Ալ-Բաշիրը : Կարմիր ծովին ափամերձ լինելու բերումով, Սուդանը ստրատեգիական մեծ նշանակություն ունի: Սուդանի մուսուլմանները բնակվում են երկրի հյուսիսում, իսկ փոքրամասնություն համարվող քրիստոնյաները, բնակվում են երկրի հարավային շրջաններում: Սուդանական ցեղախմբային տարաձայնությունների պատճառով, երկիրը հայտնվել է արևմուտքի ընչաքաղցության թիրախում:
Սուդանի հարավային ցեղախմբերի և երկրի կառավարության միջև ներքին բախումները սկսվել են կես դար առաջ՝ Սուդանի անկախացման հետ միաժամանակ: Նավթի ու գազի մեծ պաշարներ ունենալու պատճառով, Սուդանը մշտապես եղել է արևմուտքի դավադրության նպատակակետը: Արևմտյան երկրները Սուդանի հարավային ցեղախմբերին սպառազինել են տարբեր զենքերով , ինչի հետևանքով էլ տասնյակ տարիներ երկրում շարունակվել են ներքին բախումները: Այս տարիների ընթացքում, խռովարարներին հաջողվել է իրենց ձեռքն առնել երկրի հարավային շրջանների վերահսկողությունը : Ստեղծված իրավիճակը շահարկել են մի քանի խոշոր ու բազմազգյան ընկերություններ ՝ Սուդանի բնապաշարները կողոպտելու համար:
Արևմուտքի հաջորդ քայլն էր Սուդանի ամբողջական մասնատումը: Ապստամբների հանձնվելով և արևմուտքի կողմից քաղաքական ճնշումը մեծանալով, այդ ծրագիրն արդյունք տվեց և Սուդանի կառավարությունը որոշեց անկախության շուրջ հանրաքվե անցկացնել: Այդ լուրը տարածվելուն պես, ԱՄՆ-ը ծավալուն օպերացիա սկսեց Սուդանում, որտեղ գլխավոր դերը վստահված էր հոլիվուդյան զինվորներին: Այդ հարցում ԱՄՆ ամենաբացահայտ մանևրներից մեկը հետախուզական արբանյակի շահագործումն էր, որի ծախսերն անձամբ հոգացել էր Ջորջ Քլոնին: Քլոնին Սուդանում հանրաքվեի անցկացումից առաջ Վաշինգտոնի սցենարիստներից առավել ազդեցիկ դեմք էր: Այդ մասին Քլոնին ասել է.-«Ցանկանում էի Օմար Ալ-Բաշիրն էլ իմ չափ լիներ հանրության աչքի առջև»:
Ջորջ Քլոնին որոշ ժամանակ է, ինչ մուտք է գործել քաղաքականության դաշտ և իր աշխարհահռչակ լինելու հանգամանքից օգտվելով, աշխարհի ուշադրությունը գրավում էր ԱՄՆ կառավարության համար կարևոր հարցերի վրա: Այս անգամ նա Սուդանն ընտրեց իր նպատակակետը: Ի հարկե նման քայլեր որպես այդպիսին սխալ չեն, նամանավանդ, որ Սուդանը կանգնած է կանանց ու երեխաների դեմ բռնության կիրառման խնդրի առջև, ուրեմն պետք է հայտնվի միջազգային շրջանների ուշադրության կենտրոնում: Սակայն խնդիրը սկսում է այն պահից , երբ միջազգային հանրության ուշադրությունը գրավվում է ոչ թե Սուդանի համար սիրտ ցավեցնելու, այլև ԱՄՆ-ի միջամտողական շահերը պաշտպանելու համար: Քլոնիին հաջողվել է իր քայլերով արդարացնել Սուդանի հյուսիսում կառավարության դեմ ամերիկացիների իրականացրած պատժամիջոցները, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ Սուդանում տուժում են միմիայն սովորական բնակիչները: Դա այն դեպքում, երբ հոլիվուդյան այդ դերասանը կարող էր իր հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով ԱՄՆ-ի կառավարությանն ու միջազգային շրջանակներին համոզել՝ աջակցելու Աֆրիկյան միությանը և Սուդանի հարցի կարգավորմանը:
Սուդանի համար Քլոնիի արած քայլերն այսքանով չեն սահմանափակվում: 2010 թվականին նա պատրաստեց «Սուդանում խաղի ավարտը» ֆիլմը: Նա ելույթ ունեցավ նաև ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբամայի ներկայությամբ և նրան կոչ արեց վերջ դնել Սուդանի կառավարության կողմից մարդու իրավունքների ոտնահարմանը: Նա նաև հոլիվուդյան մի արշավ սկսեց և այդպիսով լավագույն պայմանները ստեղծեց Սուդանում ԱՄՆ ռազմական միջամտության համար: Լոնդոնում բնակվող սուդանցի երգիչ՝ Էմանուել Ջալը, արհեստավարժ երգիչներ՝ Ալիշա Քիզը և Պիտեր Գաբրիելը ևս միացան Քլոնիի ստեղծած արշավին: Հիշյալ երեք երգիչները, նաև ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար՝ Քոֆի Աննանը և ԱՄՆ նախկին նախագահ՝ Ջիմի Քարթերը, թողարկեցին «Մենք խաղաղության ենք ձգտում» անվան տեսահոլովակը, որպեսզի սուդանցիներին փոխանցեն այն պատգամը, որ իրենք իրավունք ունեն երկրում հանրաքվե անցկացնել:
Հարավային Սուդանի հանրաքվեն վերջնականացվեց 2011 թվականի հունվարին: Վիճակագրական տվյալների համաձայն , հանրաքվեի արդյունքում, Հարավային Սուդանի բնակչության 98 տոկոսը քվեարկեց Սուդանից այդ շրջանի անկախության օգտին : Արդյունքում, Հարավային Սուդանը պաշտոնապես ճանաչվեց ՝ որպես Աֆրիկյան 55-րդ և ՄԱԿ-ի 196-րդ երկիր:
Այսօր մի քանի տարի անց, կրկին անգամ լուրեր են շրջանառվում Սուդանի և այդ դերասանի մասին: Վերջերս Ջորջ Քլոնին և ամերիկացի դերասան՝ Դան Չիդելը «Վաշինգտոն պոստ»-ում պաշտոնական զեկույց են հրապարակել Հարավային Սուդանի պատերազմի մասին: Զեկույցը Հարավային Սուդանում իրականացված երկամյա ուսումնասիրության արդյունք է: Զեկույցը մանրամասնում է Հարավային Սուդանի նախագահի և նրա տեղակալի , միջազգային բանկերի և նավթային բազմազգյան ընկերությունների միջև կապերը: Զեկույցում նշված է.-«Հարավային Սուդանն աշխարհի նորագույն երկիրն է, որտեղ ներքին ահավոր մարտեր են ընթանում: Հազարավոր մարդիկ զոհվել են բախումներում: Շատերը հարկադրաբար լքել են երկիրը: Երեխաները ծառայել են բանակում: Խաղաղապահ ուժեր երկրում առաքելություն են իրականացնում, սակայն նրանց քայլերը սահմանափակվել են : Փրկարարները հարձակումների են ենթարկվում: Երկրում ապրում են ավելի քան հինգ միլիոն մարդ, որոնք սննդի ու բուժօգնության կարիք ունեն: Այս բոլորը պատերազմատենչ ուժերին հնարավորություն են տալիս շարունակել մարտերը ՝ կողոպտելով այդ երկրի բնական պաշարները»: Զեկույցը նաև ընդգրկում է մանրամասներ այն մասին, թե պատերազմատենչ պետայրերը արտերկրում անշարժ գույքեր, թանկարժեք ավտոմեքենաներ ու բաժնետոմսեր են գնել և դարձել են բանկային ու բազմազգյան նավթային ու հանքային ընկերությունների բաժնետեր: Նրանք ներդրումներ են կատարում նաև կազինոներում և ավիաընկերություններում: Հետաքրքրական է այն, որ Քլոնին մի քանի տարի առաջ, Սուդանից Հարավային Սուդանի անկախացումը համարում էր շրջանի փրկության ելքը և ոչ մի քայլ չէր խնայում այդ ուղղությամբ : Այսօր նա հանդես է գալիս ռազմամոլական դրդապատճառները փոխելու համար միջազգային լծակը համարվող նոր ստրատեգիա մշակելու պահանջով : Վերջին տարիներին Սուդանում անցնող իրադարձությունները վկայում են այն մասին, որ այսօր փափուկ ուժը մեծ նշանակություն է ձեռք բերել: Նման իրավիճակում, մշակույթը մեծ դեր ունի ժողովրդի կենսակերպում և ցավոք մեծ թվով մարդիկ հույսեր են կապում ԱՄՆ-ի և նրա լրատվամիջոցների հետ:
Միջազգայնորեն ճանաչված դեմքերի կողմից ժողովրդականությունն ԱՄՆ-ին օգնում է միջազգային հանրությանը զերծ պահել ոչ-արևմտյան շարժումներին միանալուց: Եթե որևէ մեկը Ձեզ ասի, որ ցանկանում է օգնել, դուք մեծ հավանականությամբ այդ խոսքն ընդունելու եք : Նույնիսկ հավանական է, որ նրան ապահովեք անհրաժեշտ պարագաներով, սակայն եթե նա ցանկանա ձեզ սովորեցնել նույն բանն անել ինքնուրույն, մեծ հավանականությամբ դուք չեք համաձայնելու: Ահա օգնության և միջամտության տարբերակիչ գործոնները: Փափուկ ուժի կիրառման նպատակը ՝ միջամտությունն է, սակայն օգնության տեսքով: Հոլիվուդի օգնությամբ իրականացվող ԱՄՆ-ի միջամտությունն մեկն է այդ քայլերից: Հոլիվուդը աշխարհի ժողովուրդներին ցույց է տալիս, թե իրենց կյանքում պետք է ապրեն ամերիկացիների ցանկության համաձայն: Սա ինքնին վկայում է այն մասին, թե ԱՄՆ-ի փափուկ ուժը չի առանձնանում այդ երկրի արտաքին քաղաքականությունից և այն ինչ Վաշինգտոնն է ցանկանում իրականացնել Հոլիվուդի օգնությամբ, ավելի հեշտ է իրականացվել, քան ռազմական ուժի միջոցով հնարավոր կլիներ իրականացնել: