Փետրվար 20, 2024 09:11 Asia/Tehran

Անգլիացիներն օվկիանոսում անցել են շատ դժվար ու վտանգավոր ճանապարհ՝ նոր աշխարհ մտնելու, այնտեղ մեծ ցանքատարածքներ ստեղծելու և լեռների խորքում ոսկի ու արծաթ փնտրելու համար։

Պատմություններում նշվում է, որ երբեմն Սոկրատեսը նստում էր քաղաքի դարպասի առաջ և ողջունում էր անծանոթներին։ Մի օր մի անծանոթ մարդ գնաց նրա մոտ և ասաց. «Ես ուզում եմ բնակվել քո քաղաքում։ Այստեղ մարդիկ ինչպիսի՞ն են: Իսկ Սոկրատեսը հարցրեց. -«Ինչպիսի՞ մարդիկ են ապրում քո հայրենի քաղաքում»: Անծանոթն ասաց. «Այնտեղ մարդիկ այնքան էլ լավը չեն։ Նրանք ստում են, խաբում ու գողանում։ Այդ պատճառով էլ ես հեռացա այնտեղից»։ Սոկրատեսն պատասխանեց. «Այստեղ մարդիկ ևս այդպիսին են: Եթե ես քո տեղը լինեի, ես կշարունակեի իմ որոնումները»։ Որոշ ժամանակ անց Սոկրատեսի մոտ եկավ մեկ այլ անծանոթ և հարցրեց այդ քաղաքի բնակիչների մասին։ Սոկրատեսը նորից հարցրեց. «Ինչպիսի՞ մարդիկ են ձեր քաղաքի բնակիչները»: Անծանոթը պատասխանեց. «Հրաշալի են, օգնում են միմյանց, ազնիվ են ու աշխատասեր: Ես լքեցի իմ երկիրը, քանի որ ուզում էի տեսնել մնացած աշխարհը»: Սոկրատեսը պատասխանեց. «Այստեղ էլ է այդպես: Համոզված եղիր, որ այս քաղաքը քո պատկերացրած վայրն է:
................................................ .. ................
Ողջույն թանկագին բարեկամներ։ Սա «Աշխարհի պատմությունը» փոդքասթի շարքից 16-րդ էպիզոդն է։ Սա հաղորդում է հյուրընկալությունների, դավաճանությունների, բարեկամությունների, թշնանքների, մնալու և հեռանալու պատմությունների ու հիշողությունների մասին ։
.......................................................... .. ................
Ինչպես նշվեց, անգլիացիներն օվկիանոսում անցել էին շատ դժվար ու վտանգավոր ճանապարհ՝ նոր աշխարհ մտնելու համար։ 1585 թվականին Վիրջինիա հասան առաջին անգլիական նավերը։ Այդ նավերի հրամանատարը բրիտանական նավատորմի սպա Ռիչարդ Գրանվիլն (Richard Granville) էր: Վիրջինիայի հնդկացիները շատ հյուրընկալ էին և մեծ առատաձեռնությամբ էին վերաբերվում անգլիացիներին։ Հնդկացիների սովորությունն էր, որ երբ ինչ-որ մեկի հետ ընկերություն էին անում և նրա հետ սեղան նստում, ամեն մեկը վերցնում էր այն, ինչ ուզում էր: Նրանք այնքան մեծահոգի էին, որ եթե ինչ-որ մեկն իր համար ինչ-որ բան վերցներ, ապա դա նրանից հետ չէին վերցնի։ հնդկացիները ամեն ինչ անկեղծորեն կիսում էին դիմացինի հետ և նույնն էին սպասում դիմացինից:
Բայց երբ հնդկացիներից մեկը հավանեց անգլիական արծաթե բաժակը և վերցրեց այն իրենց սովորության համաձայն, Գրենվիլը նրան գող անվանեց և հրամայեց թալանել գյուղն ու հրդեհել տները։ Միգուցե Գրենվիլն այն անծանոթն էր, որի քաղաքում մարդիկ այնքան էլ լավը չէին և ստում, խաբում և գողանում էին։ 
Հնդկացիներին կոտորելու համար միշտ արդարացում կար. 1610 թվականի դաժան ձմռանը, երբ Ջեյմսթաունում անգլիացի ներգաղթյալները սովի շրջան էին ապրում, մի խումբ ներգաղթյալներ ապաստան գտան Փոհաթան ցեղախմբում, որպեսզի սովից չմեռնեն։ Ցեղապետը ապաստան տվեց այս մարդկանց, և նրանք, հանգիստ մտքով, շարունակեցին ապրել հնդկացիների կողքին։ Երբ ամառը վրա հասավ, ներգաղթյալների շրջանի կառավարիչը ինչ-որ մեկին ուղարկեց ցեղապետի մոտ՝ հայտարարելով, որ այդ փախստականները փախուստի դիմած մարդիկ են, որոնք թաքնվել են Փոհաթան ցեղախմբում և պետք է վերադարձվեն բրիտանացիներին: Սակայն հնդկացիները փախստականներին համարում էին իրենց հյուրերը և չէին ցանկանում թույլ տալ, որ որևէ մեկը վնասի նրանց։ Ուստի նահանգապետի բանագնացը վերադարձավ ձեռնունայն և ասաց նրան, որ Փոհաթան ցեղախմբի առաջնորդը իրեն պահել է ամբարտավան կեցվածքով և նվաստացրել է նրան։
նահանգապետը լավ պատրվակ ստացավ։ Փոհաթանի առաջնորդը իրավունք չուներ նվաստացնելու անգլիացիներին։ Բրիտանացի զինվորները հարձակվեցին ցեղախմբի վրանների վրա, սպանեցին տասնվեց հնդկացիների, այրեցին վրանները և ոչնչացրին նրանց շրջակայքում գտնվող եգիպտացորենի արտերը։ Նրանք իրենց հետ տարան ցեղպետի կնոջն ու երեխաներին. Երեխաներին ջուրը գցեցին, իսկ նրանց մորը տարան նավ ու դանակահարելով սպանեցին։ Բրիտանացիները փորձում էին հնդկացիների հետ յուրաքանչյուր բախման ժամանակ ավելի շատ բռնություն գործել, որպեսզի վախեցած հնդկացիները կատարեին նրանց հրամանները, լքեն իրենց երկիրը և տեղափոխվեն ջրից ու բուսականությունից զուրկ անապատներ։
................................................ .. .....................

Եվրոպացիների մեջ ֆրանսիացիները ավելի խելացի էին գործում և ավելի քիչ բռնություն էին դրսևորում հնդկացիների դեմ: Լուիզիանայի կամ Կանադայի պես տարածքներում, որոնք օկուպացված էին ֆրանսիացիների կողմից, հնդկացիները ավելի ազատ էին ապրում: Այս մոտեցումը պատճառ էր դարձավ,որ Ֆրանսիայի և Անգլիայի միջև 1756 թվականին  սկսած յոթամյա պատերազմում հնդկացիների մեծ մասը աջակցի ֆրանսիացիներին։

Այս պատերազմում ֆրանսիացի հրամանատարներից էր Մոնթ Քալմը (Mount Calm)։ Հնդկացիները, ովքեր բազմաթիվ պատմություններ էին լսել անգլիացիների դեմ նրա քաջության ու համառության մասին, նրան տեսնում էին որպես ապշեցուցիչ զորություններով փրկիչ: Հնդկացի  առաջնորդներից մեկը Մոնթ Քալմի հետ հանդիպմանն ասաց. «Մենք երազում էինք տեսնել մի մարդու, ով ոտքերի տակ կճզմեր անգլիացիներին. Մենք միշտ կարծում էինք, որ այդ մարդն այնքան վեհ է, որ նրա գլուխը երկինք է հասնում և ամպերը շրջապատում են նրա գլուխը։  Այսօր, երբ տեսա Ձեզ, հասկացա, որ դուք այդպիսի վեհություն չունեք, թեև երբ նայում եմ ձեր աչքերին, տեսնում եմ, որ դուք արծվի պես ճարպիկ ու արագաշարժ եք»։

Փաստորեն, Մոնթ Քալմը ցանկանում էր ոտնահարել բրիտանացիներին՝ ապավինելով այս հնդկացիների քաջությանը: Ֆրանսիացիների նավակներում նստած հնդկացիները, ինչպես իրենց բոլոր պատերազմներում, այստեղ ևս իրենց դեմքերը շպարել էին տարբեր գույներով։

Հնդկացիների հաճոյախոսությունները եվրոպացիներին, պատճառ չէր դառնում, որ նրանք գնահատանքի ու հարգանքի արժանանային եվրոպացիների մոտ։ Երբ Ֆրանսիացի գեներալը պաշարեց անգլիական ամրոցը, անգլիացիներին ուղղված նամակում գրեց.  «Ես անկեղծորեն պահանջում եմ ձեզանից՝ տարհանել բերդը և հանձնվել. Ես դեռ կարող եմ կանխել այս վայրի հնդկացիների հարձակումը ձեր ամրոցի վրա»:

................................................ .. .............

Ֆրանսիացիների հետ հնդկացիների միությունը արդյունք չտվեց։ Յոթամյա պատերազմում Ֆրանսիան պարտություն կրեց, իսկ հնդկացիները միայնակ մնացին բրիտանացիների դեմ։ Հնդկացիներին այլ ելք չէր մնում, քան բանակցել բրիտանացիների հետ՝ նոր իրավիճակում բրիտանացիների կողմից բռնությունները կանխելու համար։ Բրիտանական զորքերի հրամանատար գեներալ Ջեֆերի Ամհերստը (Jeffery Amherst) ողջունել է բանակցությունների առաջարկը։ Նա հրամայեց բերդի հրամանատարին հնդկացիների առաջնորդին նվիրել Մանչեսթերի գործարաններում արտադրված մեծ քանակությամբ վերմակներ՝ որպես անգլիացիների բարի կամքի դրսևորում։ Վերմակներն արագ բաժանվեցին հնդկացիների միջև, միայն, թե կար մեկ նուրբ կետ։ Հրամանատարը հրամայել էր այս վերմակները վերցնել ջրծաղիկով հիվանդների հիվանդանոցից։ Բոլոր վերմակները աղտոտված էին ջրծաղկի վիրուսով։  Վարակիչ մի հիվանդություն, որին հնդկացիները ծանոթ չէին մինչև եվրոպացիների Ամերիկա ժամանելը։ Ջրծաղիկը արագ համաճարակ դարձավ հնդկացիների շրջանում և սկսեց զանգվածային կոտորած: Հիվանդությունը խլում էր հնդկացիների կյանքերը, մինչդեռ դա նրանց բոլորովին անծանոթ էր, և նրանք չգիտեին, թե ինչպես պայքարել դրա դեմ։ Բրիտանացիները ականատեսն էին նրանց զանգվածային մահվանը և ընդհանրապես մտադիր չէին որևէ քայլ ձեռնարկել նրանց բուժելու համար։ Գեներալ Ջեֆրի Ամհերստը աշխարհում հայտնի դարձավ որպես «մանրէաբանական պատերազմի» վետերան։

................................................

1740 թվականին Վիլյամ Ջոնսոն անունով մի անգլիացի սպա գործուղղվեց Ամերիկա։ Նրա առաքելությունն էր «իրոկեզների հետ բարեկամությունը»։ Իրոկեզները (Iroquois) հնդկացիների մեծ ցեղախումբ էին, որոնք ապրում էին Նյու Յորքի մոտակայքում: Այս ցեղի մարդիկ զբաղվում էին կաշվի առևտրով։ Դարեր շարունակ նրանք որսում էին կզաքիսներ, ջրասամույր և ջրշուն, իսկ այժմ եվրոպացիները այս կենդանիների կաշվի լավագույն գնորդներն էին։ Վիլյամ Ջոնսոնը արագ սովորեց հնդկացիների լեզուն և գնաց իրոկեզների ցեղախմբի մոտ՝ կաշի գնելու: Նա լավ գին առաջարկեց վաճառքի պատրաստ կաշիների համար, և շուտով հնդկացիների շրջանում հայտնի դարձավ որպես հանգիստ և արդար սպիտակամորթ մարդ։ Հետագայում Ջոնսոնը հնդկացիներից թույլտվություն խնդրեց մասնակցելու նրանց տարբեր արարողություններին: Հնդկացիները  հաճույքով հրավիրեցին այս բարի սպիտակամորթին իրենց խնջույքներին: «Պարել հանուն արեգակի»-ի մեծ տոնակատարության ժամանակ Ջոնսոնը պարեց ինչպես բոլոր հնդկացիները և այս արարողության ժամանակ  այնպես ցույց տվեց իր տաղանդը, որ նա ընտրվեց որպես «Սրբազան նետերի» պահապան։

«Պարել հանուն արեգակի»-ի տոնակատարության ժամանակ «Նետերի պահապանը» պետք է գայլի կաշվից պատրաստված նետերի պաատյանից հաներ չորս սուրբ նետ՝ տնկելով գետնի մեջ։ Դրանից հետո ցեղի բոլոր տղամարդիկ անցնում էին նետերի առջեւից ու ամեն մեկն ինչ֊որ բան էր աղոթում նրանց առջև։ Այս տոնակատարությունից հետո Ջոնսոնը խնդրեց իրոկեզների առաջնորդին ընդունել իրեն որպես ցեղի անդամ։ Նա իր կուրծքը կարմիր էր ներկել, իսկ երկար մազերը զարդարել արծվի փետուրներով։ Իրոկեզների ղեկավարը համաձայնեց Ջոնսոնի խնդրանքին, և Ջոնսոնը դարձավ իրոկեզների ցեղի «Մոհավկ» (Mohawk) տոհմի անդամ։ Հիմա նա արդեն հնդկացիների հագուստն էր կրում, ապրում էր նրանց գյուղում և շատ քիչ էր շփվում սպիտակամորթների հետ: Բայց նրա առաքելությունը դեռ չէր ավարտվել։

Հնդկացիների մոտ մորթու առևտրի և գործարար որոշումների վրա ազդելու համար Ջոնսոնը ստիպված էր մտնել ցեղի մեծ խորհուրդ։ Նա մեծացրեց իր ջանքերը և դարձավ ցեղապետի թարգմանիչը և նրա միջնորդը անգլիացիների հանդեպ։ Նա փորձում էր հնդկացիների համար ավելի էժան գնով գնել անգլիական ապրանքներ՝ հրացաններ, փամփուշտներ, տարբեր տեսակի անասուններ, իսկ ցեղի հիվանդներին բուժում էր անգլիական դեղամիջոցներով իր հնարավորությունների սահմաններում։ Որոշ ժամանակ անց այս գործերով Ջոնսոնը դարձավ Մոհավկ տոհմի առաջնորդը։ Այժմ նա ավելի շատ արծվի փետուրներ էր կրում իր մազերի վրա և ղեկավարում էր իր տոհմը անասնապահությամբ և սպիտակների հետ առևտուրում: Բացի այդ, Ջոնսոնը մուտք էր գործել իրոկեզների ցեղի մեծ խորհուրդ, որը բաղկացած էր բոլոր տոհմերի ղեկավարներից։ Մտնելով խորհուրդ՝ Ջոնսոնը խրախուսում էր մնացած ցեղապետերին՝ ընդլայնել իրենց որսավայրերը արևելքից մինչև Ամերիկայի կենտրոնական մասերը. Այս նպատակին հասնելու համար հնարավոր էր նրանք  պատերազմի մեջ ներքաշվեին մնացած հնդկացիների դեմ. Պատերազմ, որն, ըստ Ջոնսոնի, բնական էր և այդտեղ որևէ խնդիր չկար։

................................................ .. .....................

Եվրոպայում կաշվի պահանջարկն օրեցօր ավելանում էր։ Եվրոպացի ազնվականները գեղեցիկ հագուստներ էին պատրաստում Ամերիկայից ներկրված կաշվից։ Եվրոպական պալատներում անցկացվող խնջույքների ժամանակ շատ կանայք հպարտորեն հագնում էին ամերիկյան կենդանիների կաշվից պատրաստված հագուստ։ Այս կաշիների առևտուրը գտնվում էր երկու երկրների՝ Ֆրանսիայի և Անգլիայի վերահսկողության տակ, որոնցից յուրաքանչյուրը առևտուր էր անում մի խումբ հնդկացիների հետ, սակայն պահանջարկն այնքան մեծացավ, և որսն այնքան տարածվեց, որ այլևս Ամերիկայի լայն տարածքներում որսը հազվագյուտ դարձավ։ Հիմա այս երկու մրցակիցներից՝ ֆրանսիացիներից ու անգլիացիներից առաջ կանցներ նա, ով կապեր էր հաստատել ավելի մեծ ցեղախմբերի հետ և կաշվի ձեռքբերման համար իր վերահսկողության տակ ուներ այդ երկրի  ավելի լայն տարածքներ։ Իրոկեզների ցեղը ոչ միայն կռվել էր արևելյան Ամերիկայի որոշ ցեղերի դեմ և ձեռք էր բերել նրանց որսի տարածքները, այլև առևտուր էր անում այլ հնդկացիների հետ Օհայո, Ինդիանա, Միչիգան ​​և Վիսկոնսին նահանգներում, և նրանցից կաշի էր  գնում բրիտանացիների համար: Վիլյամ Ջոնսոնը ցեղի մեծ խորհրդում թույլ չէր տալիս, որ իրոկեզները առևտուր անեին ֆրանսիացիների հետ։ Կաշի գնելու ֆրանսիացիները ստիպված եղան ուշադրություն դարձնել հյուսիսային շրջանների ու Կանադայի վրա: Այդ տարածքների հեռավորությունը այն նավահանգիստներից, որտեղից կաշին Եվրոպա էր ուղարկվում, ինչպես նաև տարվա որոշ եղանակներին երթուղի հանդիսացող գետերի սառցակալումը խիստ բարձրացնում էին տրանսպորտային ծախսերը։ Այս պատճառով ֆրանսիական կաշին Եվրոպայում վաճառվում էր հիսուն տոկոսով ավելի թանկ գներով, քան անգլիական կաշին։ Ֆրանսիացիների ջանքերը իրոկեզների հետ կապ հաստատելու ուղղությամբ արդյունքի չհասան։ Իրոկեզները հեշտությամբ առևտուր էին անում իրենց անգլիացի գործընկերների հետ, և այն պահից, երբ նրանց առևտուրը բարգավաճել էր, նրանց միջև ռազմական հակամարտություն տեղի չէր ունեցել: Իրոկեզները ոչ միայն բարեհաճություն չցուցաբերեցին ֆրանսիացիների նկատմամբ, այլեւ սկսեցին պատերազմել ֆրանսիացիներին կաշի վաճառող ցեղերի դեմ։

Ֆրանսիացիները տանուլ էին տվել մրցակցությունը բրիտանացիների հանդեպ, ու թերևս չգիտեին, թե ինչպես մի անգլիացի սպա, ով երկար ժամանակ ապրում է հնդկացիների պես, իրենց ձեռքից վերցրել է կաշվի առևտուրը։ Երբ սկսվեց յոթամյա պատերազմը Ֆրանսիայի և Անգլիայի միջև, իրոկեզները, ի տարբերություն բազմաթիվ հնդկացիների, անցան բրիտանացիների կողմը: Նրանց հարձակումները ֆրանսիական բանակի ստորաբաժանումների վրա տարածվեցին մինչև Կանադայի Մոնրեալի դարպասները։ Բայց պատմությունը դեռ չէր ավարտվել։ Պարտությունից հետո ֆրանսիացիները լքեցին Հյուսիսային Ամերիկան։ Բրիտանացիներն այլեւս վտանգ չէին զգում ֆրանսիացիների կողմից։ Իսկ իրոկեզների օգտագործման ժամկետն արդեն սպառվել էր,  նրանք ստիպված էին գաղթել դեպի արևմուտք, ինչպես մնացած բնիկները: Մոհավկ տոհմի սպիտակամորթ առաջնորդն էլ ոչինչ չարեց նրանց համար։ Վերջապես, ավարտվեց Վիլյամ Ջոնսոնի առաքելությունը:

Թանկագին բարեկամներ, դուք լսում էիք Փոդքաստ՝ «Աշխարհի պատմությունը» շարքից 16-րդ էպիզոդը, որի խորագիրն է «Արծաթե բաժակ»։

 

Դուք կարող եք հետևել մեզ նաև  սոցցանցերում Ֆեյսբուքում,  թելեգրամում և ինստագրամում, հետևյալ հղումներով՝

facebook.com/parstoday.arm

t.me/parstoday_arm

instagram.com/parstodayarmenian

Մի քանի օրից փոդքասթի տեքստը կտեղադրվի ռադիոյի կայքում՝ parstoady.ir/hy  հասցեով:

Կարող եք նաև ուղարկել մեզ ձեր կարծիքները էլեկտրոնային փոստով,որի հասցեն է  Armenianradio@ ws.irib.ir 

Ուրախ կլինենք լսել ձեր կարծիքները այս փոդքասթի վերաբերյալ։

Եթե ​​այս փոդքաստի բովանդակությունը ձեզ հետաքրքիր էր, առաջարկում ենք այն տարածել ձեր ընկերների սոցիալական էջերում։  

Շնորհակալություն մեզ հետևելու համար։ Մնացեք խաղաղությամբ։  

 

 

Պիտակ