Դավիթ Տոնոյանն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրությունը սևեռել է վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա
(last modified Mon, 27 May 2019 15:51:34 GMT )
Մայիս 27, 2019 20:21 Asia/Tehran
  • Դավիթ Տոնոյանն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրությունը սևեռել է վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 27-ին ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակն էր հայ-ադրբեջանական պետական սահմանի և արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, տեղի ունեցած զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է 2018թ. հոկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության միջև հաստատված օպերատիվ կապի նշանակությունը` վերստին շեշտելով նմանատիպ հաղորդակցության գործարկման անհրաժեշտությունը մի կողմից՝ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով և մյուս կողմից՝ հակամարտող կողմերի ռազմական ղեկավարության միջև:

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը սևեռել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, առանց միջազգային հանրությանը վաղօրոք տեղեկացման, մայիսին անցկացված լայնածաված զորավարժությունների ու վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա՝ դիպուկահարների ներգրավմամբ: Նշել է, որ չնայած այս բացասական միտումներին, Հայաստանը շարունակում է կողմակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը, միջադեպերի կանխարգելմանը և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանը՝ բոլոր տեսակի սադրանքները բացառելու նպատակով:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ավելացրել է նաև, որ ՀՀ զինված ուժերը և Արցախի պաշտպանության բանակը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում հակառակ կողմի ցանկացած տեղաշարժ՝ իրենց առաջնահերթ առաքելությունը համարելով ռազմավարական և մարտավարական մակարդակներում ռազմական բալանսի պահպանման միջոցով խաղաղ բանակցությունների համար բարենպաստ պայմանների ապահովումը:

Armenpress.am

 

Պիտակ