Զոհրաբ Մնացականյանի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը մեկնարկել է
(last modified Wed, 19 Jun 2019 04:50:17 GMT )
Հունիս 19, 2019 09:20 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը մեկնարկել է

ՀՀ արտգործնախարարը համանախագահների հետ հանդիպել է ԱՄՆ-ում:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամերիկյան հանդիպումը մեկնարկել է: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վաշինգտոնում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Ավելի վաղ ԱԳՆ–ն հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։ Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։

Նշենք, որ Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպումը կայացել է մայիսի 13-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում։

Մնացականյանն ավելի վաղ հայտնել էր, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման մասին խոսք չկա։

armeniasputnik.am

 

 

 

Պիտակ