Հայ սակրավորները 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/armenia-i115079-Հայ_սակրավորները_124_հազար_քառակուսի_մետր_տարածք_են_ականազերծել_Սիրիայում
Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն իրականացնող խմբի սակրավորները փետրվարի 8-ից մինչև դեկտեմբերի 28-ը 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել, իսկ խմբի բժիշկներն իրենց աջակցությունն են ցուցաբերել ավելի քան 8500 հիվանդի՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից ու դավանանքից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2019 07:21 Asia/Tehran
  • Հայ սակրավորները 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել Սիրիայում

Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն իրականացնող խմբի սակրավորները փետրվարի 8-ից մինչև դեկտեմբերի 28-ը 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել, իսկ խմբի բժիշկներն իրենց աջակցությունն են ցուցաբերել ավելի քան 8500 հիվանդի՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից ու դավանանքից։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։

«Սիրիական իշխանությունները պարբերաբար նշում են, որ երախտապարտ են հայ մասնագետներին՝ բազմաթիվ կյանքեր փրկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները 2019-ը թվականի ընթացքում ականազերծման աշխատանքներ են իրականացրել նաև Հայաստանում, մասնավորապես, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Կոռնիձոր բնակավայրերում։ Ամբողջ տարվա ընթացքում Ականների վտանգի իրազեկման մասնագետները Երևանի և մի շարք մարզերի դպրոցներում դասընթացներ են անցկացրել։ «11 հազարից ավելի աշակերտ արդեն տիրապետում է անվտանգ վարքագծի կանոններին։ ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և Խորվաթիայի գործընկերների միջև օրեր առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի սահմանամերձ համայնքների և ականից տուժած ընտանիքների երեխաները 2020 թվականին կմեկնեն Խորվաթիա՝ ամառային հանգիստը համատեղելով ականների վտանգի իրազեկման դասընթացների հետ։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը 2020 թվականին  կշարունակի նաև ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ նախաձեռնությունը։ Եկող տարի նույնպես սիրիացի փոքրիկների համար նվերներ կուղարկվեն՝ այս անգամ հիմնականում գրենական պիտույքներ ու դպրոցական պայուսակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Armenpress.am