ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու օրինագծին
https://parstoday.ir/hy/news/armenia-i118342-ԱԺ_հանձնաժողովը_հավանություն_է_տվել_Նավագնացության_մասին_համաձայնագիրը_վավերացնելու_օրինագծին
ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակցություն է տվել «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2020 19:24 Asia/Tehran
  • ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու օրինագծին

ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակցություն է տվել «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ «Նավագնացության մասին» համաձայնագիրը ստորագրվել է ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների միջև 2019թ. փետրվարի 1-ին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:

Համաձայնագրով սահմանվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ներքին ջրային ուղիներում նավերի նավարկության կարգը, որով նախատեսվում է դյուրացնել ԵԱՏՄ անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերի մուտքը ԵԱՏՄ անդամ պետությունների ներքին ջրային ուղիներ, երկկողմ և տարանցիկ բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրումը, ինչպես նաև նավերի քարշակումը: Համաձայնագիրը ջրային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելիս կնվազեցնի վարչական գործընթացները բիզնեսի համար:

Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրի կարևոր մաս է հանդիսանում նավերի և նավերի անձնակազմերի փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը ԵԱՏՄ անդամ-պետություններում: Համաձայնագիրը սահմանում է ԵԱՏՄ անդամ-պետությունների ներքին ջրային ուղիներով նավարկության մեխանիզմները, կարգը և պայմանները:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, կարևորելով նախագծի ընդունումը, տեղեկացրել է, որ ներկայում մշակման փուլում է ծովային օրենսդրությանը վերաբերող նախագիծը:

Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել լաստանավային փոխադրումներ ձեռքբերելու հարցի շուրջ: Օրինագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Armenpress.am