ԱՀԿ փորձագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեմ պայքարում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեմ պայքարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո:
«Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շատ լավ հեռախոսազրուցի և COVID19-ի արձագանքման հարցում ազգային մակարդակով առաջնորդության համար: Մենք քննարկել ենք իրավիճակը Հայաստանում և Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվությունները սահմանափակումների ռեժիմի թուլացման հարցում: Մեր փորձագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեպ պայքարում»,-եզրափակել է կազմակերպության գլխավոր տնօրենը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում և դրա դեմ պայքարի ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ստեղծված իրավիճակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործունեությունը: Կողմերը քննարկել են նաև ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև համագործակցության հարցերը և անդրադարձել դրանց ընդլայնման հեռանկարներին:
Հայաստանում մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2782 դեպք, որոնցից 1135-ն` առողջացած:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 26 հազար 929 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 163 նոր դեպք և 24 առողջացած։
Armenpress.am