Ինչ են պահանջում հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները Թբիլիսիում. տեսանյութ
https://parstoday.ir/hy/news/armenia-i126290-Ինչ_են_պահանջում_հայերը_վրացիներն_ու_ադրբեջանցիները_Թբիլիսիում._տեսանյութ
Կազմակերպիչները կարծում են, որ կկարողանան գրավել հասարակության ուշադրությունը։ Նրանք համոզված են, որ երկխոսությունը պարզապես այլընտրանք չունի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2020 03:04 Asia/Tehran

Կազմակերպիչները կարծում են, որ կկարողանան գրավել հասարակության ուշադրությունը։ Նրանք համոզված են, որ երկխոսությունը պարզապես այլընտրանք չունի։

Սպուտնիկ լրատվական ծառայության հաղորդման համաձայն. ի քանի տասնյակ ակտիվիստներ, որոնց թվում հայեր, ադրբեջանցիներ և վրացիներ կային, այսօր հավաքվել էին Վրաստանի կառավարության շենքի դիմաց և կոչ էին անում աջակցել Արցախում խաղաղություն հաստատելու հարցում։

Ակտիվիստները գնացել էին վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն գրություններով. «Ո՛չ պատերազմին», «Պատերազմը հանցագործություն է», «Պատերազմ չեմ ուզում», «Կովկասն իմ տունն է»։

Ակտիվիստ Քրիստի Առաքելովան Aliq Media–ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների` հայերի, ադրբեջանցիների համար շատ կարևոր է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատումը։

«Դրա համար մենք այստեղ ենք։ Մենք դեմ ենք ցանկացած պատերազմի։ Վրաստանը կարծում է, որ հակամարտությունը կարող է տեղափոխվել երկխոսության դաշտ։ Երկխոսությունն այլընտրանք չունի։ Մեր ցանկությունն է, որ կողմերը նստեն բանակցային սեղանի շուրջ», – ասել է Առաքելովան։

Նրա խոսքով` անթույլատրելի է երեխաների, զինվորների մահը, այդ պատճառով նրանք հույս ունեն, որ հակամարտության լուծման հարցում շահագրգռված քաղաքական գործիչները կմտածեն այս դիմակայության մեջ հայտնված յուրաքանչյուրի կյանքի մասին։


Ավելի վաղ Վրաստանի հասարակական կազմակերպությունները և էթնիկ ադրբեջանցիներն ու հայերը «Խաղաղության մանիֆեստ» էին ստորագրել, որում կոչ էին արել Վրաստանի կառավարությանը չեզոքություն պահպանել ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ:

Ինչպես նշված է փաստաթղթում, Կովկասում խաղաղության և կայունության պահպանումը առանձին երկրների և ողջ տարածաշրջանի զարգացման նախադրյալն է, և կառավարությունները դա չպետք է խախտեն։ Նրանք Վրաստանի կառավարությանը հորդորել են նաև խիստ չեզոքություն պահպանել և հնարավորությունների շրջանակում հումանիտար և այլ միջոցներ ձեռնարկել երկու երկրներում տուժած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար։ Վրաստանի իշխանություններին առաջարկվել է ակտիվ քայլեր ձեռնարկել կողմերի միջև բանակցություններին աջակցելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։