Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնը
https://parstoday.ir/hy/news/armenia-i130668-Հայ_Առաքելական_եկեղեցին_նշում_է_Հիսուս_Քրիստոսի_Աստվածահայտնության_և_Սուրբ_ծննդյան_տոնը
Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-­ին նշում է Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնը: Սուրբ Ծննդին նախորդող օրը՝ հունվարի 5-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել՝ ի նշան Սուրբ ծննդյան հայտնության: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տանում եւ նշում են Սուրբ Ծնունդը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 06, 2021 08:46 Asia/Tehran
  • Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնը

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-­ին նշում է Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնը: Սուրբ Ծննդին նախորդող օրը՝ հունվարի 5-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել՝ ի նշան Սուրբ ծննդյան հայտնության: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տանում եւ նշում են Սուրբ Ծնունդը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը մեկնում է. «Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:

Հիսուսի ծնունդն այսպես եղավ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը: Աստծո Որդին մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ ծնվեց, ինչը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին` երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14):  Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները»:

Հայ Առաքելական եկեղեցին միակն է աշխարհում, որ Քրիստոսի Ծնունդը նշում է հունվարի 6-ին:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio