Հայկական կողմը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշումը. Արարատ Միրզոյանն ընդունել է Սիլվեն Գիյոգեին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին և Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրեն Սիլվեն Գիյոգեին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման առանցքային թեման էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակը:
Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի համանախագահի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ շեշտելով նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Զրուցակցիներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը սատարում է 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններում հնչեցված դիրքորոշումը, մասնավորապես՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։
Armenpress.am