Իրան-Հայաստան բեռնափոխադրումները չեն դադարեցվել. ՏԿԵ նախարարություն
Իրանի հետ սահմանը բաց է, բեռնափոխադրումները շարունակվում են։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ արձագանքելով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ արած հայտարարությանը։
Մասնավորաբար, Բագրատյանը նշել էր, թե «այս պահին Իրանի հետ բեռնափոխադրումները դադարեցված են, որովհետև բեռնափոխադրումներ հնարավոր են միայն այդ (Գորիս-Կապան,–խմբ.) ճանապարհով»։
Նախարարությունից պնդում են, որ Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհը հարմարեցված է բոլոր տեսակի մեքենաների համար, այդ թվում՝ կցորդիչով։
Նշվում է, որ չեն նվազել նաև Իրանից դեպի Հայաստան ուղևորափոխադրումները։ Իրան-Հայաստան ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացող բոլոր 5 ընկերությունների չվացուցակներում որևէ փոփոխություն չի արվել։
Հավելենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կառուցված այլընտրանքային ճանապարհով չեն կարող անցնել բեռնատարները, կցորդիչով մեքենաները, նաև ավտոբուսները։ Նրա կարծիքով՝ մենք Իրանի հետ չենք ունենա լուրջ առևտրատնտեսական կապեր այնքան ժամանակ, քանի դեռ չի կառուցվել Սիսիան-Բարգուշատ-Քաջարան-Լիճք ճանապարհը, որտեղ կունենա 9 թունել և 18 հատ կամուրջ։
armeniasputnik.am