Մարտ 14, 2022 19:31 Asia/Tehran
  • ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, հայտնում է ԱԽ գրասենյակը։

Նշվում է, որ հանդիպմանը նաև ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԵՄ Հատուկ ներկայացուցչի աշխատակազմի ղեկավար, քաղաքական հարցերով խորհրդական Բյորն Կունյեն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Այս համատեքստում շեշտվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է ինչպես հումանիտար ճգնաժամային, այնպես էլ անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Զրուցակիցներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Հիշեցնենք, որ Կլաարը Twitter–ի իր էջում այսօր գրառում էր արել` հայտնելով, որ երկօրյա այցով ՀՀ է գալիս։ Նրա խոսքով` քանի որ միջազգային իրավիճակը գնալով ավելի լարված է դառնում, ԵՄ-ն ավելի քան երբևէ` հավատարիմ է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի գաղափարին։

Կլաարին այսօր արդեն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Նրանք մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

armeniasputnik.am

Պիտակ