ՏԿԵ փոխնախարարն առաջարկել է Հայաստանի և Իրանի բեռնափոխադրողներին ազատել հարկերից ու տուրքերից
https://parstoday.ir/hy/news/armenia-i176092-ՏԿԵ_փոխնախարարն_առաջարկել_է_Հայաստանի_և_Իրանի_բեռնափոխադրողներին_ազատել_հարկերից_ու_տուրքերից
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոթաղիի և դեսպանության տնտեսական հարցերով խորհրդական Խավարի Փուրիի հետ։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հունիս 30, 2022 15:35 Asia/Tehran
  • ՏԿԵ փոխնախարարն առաջարկել է Հայաստանի և Իրանի բեռնափոխադրողներին ազատել հարկերից ու տուրքերից

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոթաղիի և դեսպանության տնտեսական հարցերով խորհրդական Խավարի Փուրիի հետ։

ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները։ Այդ հարաբերությունները զարգացնելու և ավելի ամրապնդելու համար փոխնախարար Սիմոնյանը առաջարկել է երկու երկրների բեռնափոխադրողներին ազատել հարկերից, տուրքերից, ինչպես նաև բարելավել թեթև-մարդատար տրանսպորտային միջոցներով երկու երկրներ մուտք ու ելքի պայմանները։

Արմեն Սիմոնյանը նշել է, որ բեռնափոխադրողներին հարկերից ազատելը լուրջ և դրական ազդակ կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների, տնտեսությունների  ակտիվացման և ապրանքների վերջնական գնի ձևավորման համար, ինչպես նաև թույլ կտա իրանական կողմին դիտարկել Հայաստանը, որպես ավելի գրավիչ երկիր՝ տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու համար։

Ալի Մոթաղին շնորհակալություն է հայտնել  ընդունելության համար և նույնպես կարևորելով Հայաստանի և Իրանի միջև առկա ջերմ հարաբերությունները նշել է, որ պետք է ջանք ու եռանդ չխնայել՝ ավելի զարգացնելու այդ հարաբերությունները։

Բեռնափոխադրողներից գանձվող հարկերի վերաբերյալ  փոխդեսպանը նշել է, որ հարկերից ազատումը կամ  նվազեցումը կարևոր և արդյունավետ քայլ կլինի երկու երկրների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցեր։