Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանն ու հայերը չլինեն. Ալեն Սիմոնյան
(last modified Sat, 17 Sep 2022 04:05:00 GMT )
Սեպտեմբեր 17, 2022 08:35 Asia/Tehran
  • Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանն ու հայերը չլինեն. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանն ու հայերը չլինեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Իրենք ամեն ինչ են ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, իրենք ուզում են, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում լինեն միայն իրենք եւ Թուրքիան, եւ այդ ուղղությամբ անում են ամեն ինչ։ Հենց մենք ինչ–որ բան ենք սկսում քննարկել, ինքը հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է անում ու այլ բան է ուզում, եւ այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով։ Այսօր մենք ցուցադրել ենք, որ այս ճանապարհով այլեւս չենք գնալու, եւ դրա մասին է մեր զինվորների կռիվը, եւ դրա մասին են մեր այն հայտարարությունները, որ այլեւս մենք պատրաստ են քննարկել խաղաղության պայմանագիրը առանց նախապայմանների, եւ ոչ մի բան ավել»,– նշել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։ «Ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռեւս վերջնական չէ: Ունենք նաեւ բազմաթիվ վիրավորներ»,- Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։