Խաղաղապահները պետք է ցանկացած կերպ վերականգնեն վերահսկողությունը Լաչինում. Ռուբինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i189084-Խաղաղապահները_պետք_է_ցանկացած_կերպ_վերականգնեն_վերահսկողությունը_Լաչինում._Ռուբինյան
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն ակնհայտորեն խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2022 12:32 Asia/Tehran
  •  Խաղաղապահները պետք է ցանկացած կերպ վերականգնեն վերահսկողությունը Լաչինում. Ռուբինյան

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն ակնհայտորեն խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։

«Այսինքն` միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ պաշտպանության բանակի միջև բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։ Համաձայն հայտարարության՝ ո՛չ ԼՂ-ն, ո՛չ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո»,–գրել է նա։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի մեկ պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:

«Այսինքն` Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։ (Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար): Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է»,– գրել է Ռուբինյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի գործողությունների հետևանքով խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։

«Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ»,– ընդգծել է Ռուբինյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։

armeniasputnik.am