Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որն է Լաչինի փակման իրական պատճառն իր կարծիքով
https://parstoday.ir/hy/news/armenia-i190722-Նիկոլ_Փաշինյանն_ասաց_թե_որն_է_Լաչինի_փակման_իրական_պատճառն_իր_կարծիքով
Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, սակայն ամենախոր և իրական պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2023 14:14 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որն է Լաչինի փակման իրական պատճառն իր կարծիքով

Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, սակայն ամենախոր և իրական պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում:

Կառավարության նիստի մեկնարկից առաջ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր։ ԼՂ–ում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը, միջանցքն ապաշրջափակելու կոչերը միջազգային լայն արձագանք է հարուցել։ Չնայած այս հանգամանքին, Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանն այսպիսով կոպտորեն խախտում 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրային ունակության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը փորձում է ՀՀ-ին վերագրել պարտականությունները չկատարելու գործելակերպ, ինչը, ըստ Փաշինյանի, բացարձակապես մտացածին է։

Վարչապետը նշեց նաև, որ միջազգային հանրությունը սկսել է ավելի հստակ արձանագրել ԼՂ հայությանն էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու` Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը։

Փաշինյանը հավելեց` ավելի առարկայական քայլեր են ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում ՄԱԿ ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԼՂ-ում, և Լաչինի միջանցը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։

Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։

armeniasputnik.am