Հունվար 15, 2023 19:07 Asia/Tehran
  •  Հայաստանում գրանցվել է գործազրկության ամենաբարձր մակարդակը ԵԱՏՄ–ում

2022թ–ի հունվար–նոյեմբեր ամիսների տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է ԵԱՏՄ երկրների շարքում գործազրկության ամենաբարձր մակարդակը։

ԵՏՀ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի) հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերի վերջին Հայաստանում գործազրկությունը կազմել է աշխատունակ բնակչության 3,6%–ը (49 600 մարդ)։ Ղրղզստանում այդ ցուցանիշը եղել է 2.9 % (76 400 մարդ), Ղազախստանում՝ 2.4% (221 900 մարդ), Ռուսաստանում՝ 0.7% (556 400 մարդ), իսկ Բելառուսում՝ 0.1% (5 800 մարդ)։

Նշենք, որ ԵՏՀ-ի կազմած վիճակագրության համար հիմք են ընդունվել ԵԱՏՄ անդամ երկրներում գործող զբաղվածության կենտրոններում հաշվառված 15-74 տարեկան այն քաղաքացիների տվյալները, որոնք որևէ աշխատանք կամ այլ եկամտաբեր զբաղվածություն այդ պահին չեն ունեցել և հանդիսացել են ակտիվ աշխատանք փնտրող անձ։

Նման անձանց թիվը ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում միասին 2022 թվականի նոյեմբերի վերջին եղել է 910 100 կամ աշխատուժի 0,9%-ը։ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նման անձանց թիվը ԵԱՏՄ–ում նվազել է 18,1%-ով, ինչի հիման վրա հետազոտության հեղինակները եզրակացնում են, որ 1 տարվա ընթացքում գործազրկութունը ԵԱՏՄ–ում կրճատվել է 18.1 տոկոսով։

Աշխատանքի միջազգային կազմակերպության հաշվարկով՝ ԵԱՏՄ գործազրկության պատկերը էապես տարբերվում է ԵՏՀ վիճակագրությունից։ ԱՄԿ–ի ցուցանիշները գրեթե 3 անգամ ավելի բարձր են. ԱՄԿ–ի հրապարակված վերջին տվյալների համաձայն` 2022թ–ի սեպտեմբերի դրությամբ գործազուրկները Հայաստանում կազմել են աշխատունակ բնակչության 11,6%–ը, Ղրղզստանում՝ 5,3%-ը, Ղազախստանում՝ 4,9%-ը, Ռուսաստանում՝ 3,8%-ը, Բելառուսում՝ 3,4%-ը։

Նշենք, որ ՀՀ պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում 2022թ–ի դեկտեմբերին զբաղվածության կենտրոններում գրանցված է եղել 50 400 գործազուրկ։

armeniasputnik.am

Պիտակ