«Ազգային-ժողովրդավարական բևեռը» պարբերական կդարձնի Լաչինի միջանցքի բացման պահանջով հավաքները
https://parstoday.ir/hy/news/armenia-i191362-Ազգային_ժողովրդավարական_բևեռը_պարբերական_կդարձնի_Լաչինի_միջանցքի_բացման_պահանջով_հավաքները
«Ազգային- ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը պարբերական կդարձնի հավաքներն այնքան ժամանակ, մինչև չբացվի Լաչինի միջանցքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2023 15:43 Asia/Tehran
  • «Ազգային-ժողովրդավարական բևեռը» պարբերական կդարձնի Լաչինի միջանցքի բացման պահանջով հավաքները

«Ազգային- ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը պարբերական կդարձնի հավաքներն այնքան ժամանակ, մինչև չբացվի Լաչինի միջանցքը:

Այս մասին հունվարի 15-ին, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ նշեց «Ազգային ժողովրդական բևեռի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:

Նշենք, որ «Ազգային- ժողովրդավարական բևեռի» համախոհներն առավոտյան հավաքն անցկացրեցին  Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ: Դրանից հետո ավտոերթով շարժվեցին բազայի մյուս մուտքի մոտ, որից հետո իրազեկման ակցիա անցկացրեցին Գյումրու տարբեր հատվածներում: Ավելի ուշ նրանք կրկին ակցիա անցկացրեցին ռազմաբազային հարող հատվածում:

Նախատեսվում էր շուրջօրյա ակցիա անցկացնելու նպատակով վրաններ տեղադրել, սակայն այս անգամ ևս ոստիկանության ուժերն արգելեցին՝ նշելով, որ դա հակասում է ակցիաների անցկացման օրենքին, այն է՝ դրա մասին տեղեկացված չեն տեղական ինքնակառավարման  մարմինն ու Շիրակի մարզպետարանը: Ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին՝ քանի որ ոստիկանությունը չի ընդառաջում իրենց, բախումներից խուսափելու համար որոշվել է  ավարտել իրենց հավաքը՝ հույս հայտնելով, որ հաջորդ անգամ նախատեսված հավաքին ավելի շատ մարդ կմիանա։

Նախաձեռնողները նշում են՝ «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով հավաքի նպատակն է, շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ճանապարհը, պահանջել Լաչինի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը։

Նման ակցիա «Բևեռ»-ն անցկացրեց նաև հունվարի 8 -ին՝ փորձելով փակել Գյումրիում դեպի ռազմաբազա տանող հատվածը՝  Մայր Հայաստան հուշահամալիրի մոտակայքում, սակայն ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին՝ հիմնականում տղամարդկանց,  բերման ենթարկեցին հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով:      

armenpress.am