ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հեռանալ Հայաստանի տարածքներից
Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ բանաձևին։ Այս մասին գրված է Բելգիայում Հայաստանի դեսպանատան թվիթերյան էջում։
Բանաձևին կողմ են քվեարկել 534 պատգամավոր, դեմ են քվեարկել 10-ը, իսկ ձեռնպահ՝ 66-ը:
Փաստաթղթում ներկայացվում են Ադրբեջանի հարձակումները Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթումն Ադրբեջանի կողմից, քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունները, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց արտադատական սպանությունները, Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը:
Խստորեն դատապարտվում է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի մի քանի վայրերում։
Նշվում է, որ վերջին 30 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև Ադրբեջանի վերջին ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք տասնյակ հազարավոր տուժածների, մեծ ավերածությունների և հարյուր հազարավոր մարդկանց տեղահանման պատճառ է դարձել, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ չի լուծվել:
«Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջությամբ պահպանվի, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հեռանալ Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից»,– ասվում է զեկույցում:
Ասվում է նաև, որ վերջին մի քանի տարիների ընթացքում զգալի բարեփոխումներ և ժողովրդավարացման գործընթացներ են արվել Հայաստանում, ու այսպիսով այն դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար:
Գնահատվում է նաև Հայաստանի առաջընթացը դատական և իրավական բարեփոխումների ազգային ռազմավարության, ինչպես նաև սահմանադրական համալիր բարեփոխումների իրականացման գործում։
Զեկույցում նաև նշվում է, որ իր հարևան երկրների շարքում Հայաստանն առաջատար դիրքեր է գրավում Economist Intelligence Unit-ի 2021 թ. ժողովրդավարության ինդեքսում և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ 2022 թ.-ի մամուլի ազատության ինդեքսում:
armeniasputnik.am