Իրանը չգիտի` Հայաստանն ինչ է ուզում. Հարութ Արթին Առաքելյան
«Իրավունքի» զրուցակիցն է իրանագետ, Միջին Արեւելքի հարցերի փորձագետ ՀԱՐՈՒԹ ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:
— Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է արվեն կամ արվեին՝ հայ-իրանական հարբերությունները էլ ավելի ամրապնդելու համար:
— Հայ-իրանական տնտեսական շրջանառությունը դեռ մեկ միլիարդ դոլարը չի հատել, այսինքն՝ 700 միլիոն դոլարի սահմաններում է, ինչը նշանակում է անգործություն: Ու եթե մենք պիտի հարաբերությունները ավելի խորացնենք, պետք է տնտեսական գործոնը հաշվի առնենք: Հիմա Իրանից շատ են գալիս այստեղ աշխատելու եւ ներդրումներ անելու, բայց երբ հերթը հասնում է բանկային համակարգին, այստեղ հաշվի է առնվում իրենց իրանցի լինելը, եւ նկատի չի առնվում, որ մարդիկ կարող է մի քանի միլիոն դոլար են Հայաստանում ներդրել, մի քանի հարյուր հայ աշխատող են պահում: Երբ բանկը իրենց պետք է աջակցի, այսօր-վաղն են անում այնքան, մինչեւ մարդը հոգնում է, ու այդ գործարարը հաջորդ գործարարին փոխանցելու է իր դառը փորձը ու ասելու է` գնանք Թուրքիայում կամ Վրաստանում ներդրումն անենք: Երկրորդ կետը պետական ադեկվատությունն է, որը պետք է ցուցաբերել նաեւ Իրանի հետ հարաբերությունների ընթացքում: Մենք մեր հարաբերությունների մեջ մինչեւ հիմա լուրջ ադեկվատություն չենք ցուցաբերել: Իրանական կողմն ասում է` ինչպես հասկանում ենք, դուք էլ չգիտեք՝ ինչ եք ուզում: Իրանը չգիտի Հայաստանն ինչ է ուզում. տեսնում է, որ Հայաստանի տարածք է մտնում թշնամին, ամեն օր առաջ է գալիս, դիրքավորվում է, եւ հայկական իշխանությունը ոչ մի բան չի անում: Հիմա իրենց մոտ կասկած պետք է առաջանա` ինչո՞ւ է Հայաստանն այդպես անում, ու մտածում է, որ կարող է սա ծուղակ է, փորձում են իրենց պատերազմի մեջ ներքաշել, պարզապես, Հայաստանն էլ է այդ ուղղությամբ աշխատում ու հետեւաբար ավելի զգույշ են մոտենում: Մարդիկ պետք է հասկանան կոնկրետ մենք ինչ ենք ուզում եւ ում հետ ենք խաղում տարածաշրջանում, որ իրենք իմանան հիմա մեզ հետ խաղու՞մ են, թե՞ չեն խաղում: Վերջին շրջանում մեր ցուցաբերած դիվանագիտական դրսեւորումները բան չեն ցույց տալիս, որ մենք Իրանի հետ ենք, ինչքան էլ Իրանը հայտարարի, որ սահմանների անխախտելիությունը իր կարմիր գծերն են, բայց դրան մենք ադեկվատ պատասխան չենք տվել:
— Արդյո՞ք լայնամասշտաբ պատերազմի պարագայում Իրանը կարող է զսպող օղակ հանդիսանալ:
— Եթե ոչ լանամասշտաբ պատերազմի դեպքում դու դեմը չես առնում, հիմա լայնամասշտաբի դեպքում ի՞նչ սպասելիք ունես: Այսինքն՝ մենք նստենք, ասենք` Իրանը ասել է մեր սահմանները իր կարմիր գծերն են, դե թող գա պահի, վաղը որ չմտավ ու չաջակցեց, իշխանությունները սկսելու են ասել, որ Իրանի խոսքերն էլ փուչիկ էին, ինչպես Ռուսաստանինն էին փուչիկ, բոլորը մեզ որբ թողեցին: Ես բազմիցս ասել եմ, որ Իրանը կարող է Սյունիք չմտնել, Իրանն իր հարցերը լուծելու է, հիմա կա՛մ Նախիջեւան է մտնելու, կա՛մ Արցախի գրավյալ տարածքներ է մտնելու` պատրվակ բերելով տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը, իր բուֆերը կստեղծի՝ դրանով նաեւ կանխելով թուրանական միջանցքը:
— Այդուհանդերձ, ադրբեջանական զինված ուժերն արդեն Տեղ գյուղում են, ունեցանք զոհեր ու վիրավորներ: Սա չպե՞տք է անհանգստացի Իրանին:
— Ավելի շատ անհանգստացնում է Հայաստանի իշխանությունների անգործությունը:
— Իսկ որքանո՞վ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարեւոր Իրանի համար, եւ սահմանային փոփոխություններին Իրանն, իսկապե՞ս, դեմ կարտահայտվի:
— Եթե Հայաստանն իր աշխարհագրական դիրքը ճիշտ հասկանա, թե ինչ հնարավորություններ ունի, կիմանա, որ Իրանի համար Հայաստանի տարածքը կարեւոր է: Եթե մենք ունենայինք նորմալ իշխանություններ, որոնք ուսումնասիրեին Իրանի ազգային անվտանգության հայեցակարգը, կտեսնեին, որ Իրանի դիտանկյունից ամենակարեւոր սահմանը հյուսիս-արեւմտյանն է: Հիմա Իրանը քանի՞ անգամ պետք է ասի, հոգեւոր առաջնորդը ասել է, նախագահը ասել է, խորհրդարանի նախագահը ասել է, կորպուսի հրամանատարը, շտաբի պետն ասել են, ու երբ բոլոր մակարդակներում դա ասվում է, ու մենք ոչ մի բան չենք անում, կարծես, քմծիծաղ ենք տալիս այս ամբողջ ասածներին: Հիմա նրանք ի՞նչ պետք է անեն: Մեր այս պահվածքը տանում է նրան, որ երբ ինչ-որ խնդիր լինի, Իրանը կփորձի իր ձեւերով լուծել հարցերը եւ չի նայի Հայաստանին, մինչ այդ ասում էր՝ Հայաստանը Հարավային Կովկասում մեր ամենավստահելի գործընկերն է, հիմա արդեն չեն ասում:
— Կարելի՞ է եզրակացնել, որ տարիներ շարունակ նպաստավոր պայմաններ են եղել գործընկերային, ինչո՞ւ ոչ ռազմավարական հարաբերությունները զարգացնելու, բայց արհեստականորեն դրանք չեն զարգացել: Ո՞րն է դրա պատճառը:
— Դա արդեն իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչի համար մինչ այսօր այս է իրավիճակը: Նույնը Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների մեջ է այդպես, մենք նստում ենք, ասում ենք` դե բան եք ստորագրել, եկեք մեզ պահեք, այդպես չէ, հարաբերությունները փոխադարձ են լինում: Երբ դու փորձում ես տարածաշրջանում քո պահվածքով վնասել քո ռազմավարական դաշնակցի դիրքերը, ինքն էլ է միջոցներ ձեռնարկելու: Մենք հստակ դոկտրին չունենք, թե ինչ ենք ուզում այս աշխարհից, որ երբ իշխանություն է փոխվում, անգամ նման բաները չփոփոխվեն, չգնանք այս կամ այն իշխանության քմահաճույքներին բախվենք: Իրանի տարածաշրջանային դոկտրինը` այս իշխանությունների, որն արդեն 44 տարի է իշխում են եւ նախորդը, մոտավորապես` նույնն են, տարածաշրջանում փոփոխությունների հարցով թե՛ Իսլամական հանրապետությունը, թե շահական Իրանը գրեթե նույն տեսլականն ունեին: Իրանը, որպես պետություն, ունի իր ազգային դոկտրինը, թե տարածաշրջանում ինչ է հետապնդում: Մենք իշխանությունից իշխանություն երկրի Սահմանադրություն ենք փոխում, սա է վիճակը, ու այդ պատճառով ծիծաղելի է դառնում, երբ խոսում ենք ինչ-որ ռազմավարական դաշինքի մասին, անգամ Հայաստան-Ռուսաստան, այդտեղ չկա ռազմավարական դաշինք, այդտեղ կա միակողմանի պայմանագիր, որովհետեւ, մենք չգիտենք` ինչ ենք ուզում: Իրանցիները շատ լավ գիտեն, հույս ունեին, որ այսպես չպետք է լիներ, իրենք վերջին շրջանում չեն խոսում Հայաստանի սահմանների մասին, վերջին շրջանում խոսում են Արցախի գրավյալ տարածքներում ահաբեկիչների՝ սահմանին կուտակվելու մասին, ու դա վտանգ է իրենց համար: Ենթահող են պատրաստում, որ վաղը, եթե ինչ-որ բան եղավ, հակաահաբեկչական օրենքից օգտվեն, մտնեն այդ տարածքներ ու բուֆեր ստեղծեն իրենց համար:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/?p=253631&l=am