Հայաստանը և Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են կնքել
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն դեկտեմբերի 14-ին մեկնարկել է երկրի խորհրդարանի առջև տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, այնուհետև Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ:
Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր։
«Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել այն զարգացնել նոր թափով՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը։
Նշվում է, որ պաշտպանության նախարարները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։