Հորադիզ Երասխ երկաթուղին ամբողջությամբ վերագործարկելու արժեքը մոտ 230 մլն դոլար է
(last modified Fri, 15 Dec 2023 14:32:19 GMT )
Դեկտեմբեր 15, 2023 18:02 Asia/Tehran
  •  Հորադիզ Երասխ երկաթուղին ամբողջությամբ վերագործարկելու արժեքը մոտ 230 մլն դոլար է

Հայաստանն ու Ադրբեջանը սկսում են անմիջականորեն աշխատել միմյանց հետ, ու սա ամենակարևոր արդյունքն է՝ Երևանում հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։

Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ փաստացի աջակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործմանը՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով ֆինանսավորելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ տրանշի շինարարությունը։ Այս ուղղությամբ աջակցության ծավալն այժմ 150 միլիոն դոլար է։ Նրա խոսքով՝ այժմ հիմնադրամի կոլեգիալ մարմինների համաձայնեցման փուլում է գտնվում Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու որոշումը, որի ծավալը կլինի 200 միլիոն դոլար։ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խումբն այս տարի հանդիպել է մեկ անգամ։ Հաջորդ հանդիպման մասին հստակեցումներ առայժմ չկան, բայց թեման քննարկվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և  Ռուսաստանի  փոխվարչապետի հանդիպմանը, նաև հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին։

Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորությունները հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգում են։ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի փոխվարչապետ, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացման եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ հիշեցնելով  <<Հայաստանը  պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը>>:

Ռուսաստանը փաստացի աջակցում է Հայաստանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը՝միջկառավարական նիստին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը։ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝  այդ աջակցությունը դրսևորվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ տրանշի շինարարությունը ֆինանսավորելով։ Այս ուղղությամբ աջակցության ծավալն այժմ 150 միլիոն դոլար է։ Համաձայնեցման փուլում է Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու որոշումը՝ 200 միլիոն դոլար արժեքով։

Հայաստանի վարչապետը  խաղաղության խաչմերուկի և ապաշրջափակման հայկական պատկերացումների մասին  խոսել էր նաև ՄԱԿ-ի Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հավաքի ժամանակ։

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնում ստեղծել, վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում, երկու՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով: Մենք նույն խնդիրն ու պատրաստակամությունը ցուցաբերում ենք նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու առումով և Հայաստան-Թուրքիա երկու ավտոճանապարհները՝ նախկինում գոյություն ունեցած վերակառուցելու և վերաբացելու առումով

Հայաստան–Թուրքիա սահմանին գտնվող Մարգարայի կամուրջը  պատրաստ է վերագործարկման։ Անցակետը արդիկանացված է։ 1993թ․–ից  փակ անցակետն առաջիկայում կսկսի աշխատել։ 

Ավտոճանապարհների ապաշրջափակումից բացի՝ օրակարգում նաև երկաթուղու գործարկումն է։ Խնդիրների քննարկման համար  Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խումբ է գործում, որի վերջին հանդիպումն այս տարվա հունիսին էր՝ Մոսկվայում։ Հանդիպումից հետո հայկական կողմը հայտարարեց, որ  Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել՝ հանդիպումն ընդհանուր առմամբ  կառուցողական գնահատելով։

Այս ծրագրով մեր երկիրը պատրաստակամություն է հայտնում կառուցել և վերակառուցել բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կապահովեն տրանսպորտային հաղորդակցությամբ տարածաշրջանային երկրների կապը հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ երկաթուղու  գործարկման մասով որոշ հաշվարկներ արդեն կան։

«Հարավային՝  Հորադիզ Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը, մեկ տարի առաջ կարծեմ շուրջ 230 մլն դոլարին համարժեք գումար էր»։

Ռուսաստանը՝ որպես միջնորդ, պատրաստ է շարունակել աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման ուղղությամբ՝ Երևանում վստահեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Անհրաժեշտ է հասկանալ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումն իրականացվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն։ Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ մեր կառավարությունների փոխվարչապետերի նախագահությամբ։ Այս աշխատանքային խումբը հանդիպել է, փաստաթղթեր են մշակվել։  Խոսքն առաջին հերթին երկաթուղային կապի ապաշրջափակման մասին է, մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը»։

Թե երբ ու որտեղ կհանդիպեն աշխատանքային խմբի անդամները հաջորդ անգամ, առայժմ հստակ չէ։