Մարտ 24, 2024 17:30 Asia/Tehran

Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։

Երեք քաղաքացի մարտի 24-ին, ժամը 17։00-ի սահմաններում, զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը։

«Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց։ Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխել է բուժհաստատություն։

Արդեն մոտ 2 ժամ ոստիկանները բանակցում են եւ փորձում վնասազերծել նռնակով զինված տղամարդուն, որը ոստիկանության Նորք Նորքի բաժնում մուտքի մոտ կանգնած է նռնակը ձեռքին եւ սպառնում է պայթեցնել այն: Ինչ  է պահանջում տղամարդը, այս պահին հայտնի չէ:

Նռնակով զինված տղամարդը պարբերաբար գոռալով ինչ-որ բան է ասում, որը չի հասկացվում:

Ոստիկանները քիչ առաջ շենքի մուտքի մոտից հեռացրել են լրագրողներին եւ օպերատորների եւ տեղափոխել  նրանց շենքի կողային հատված, որտեղից շենքի մուտքն այլեւս տեսանելի չէ:

Դեպքի վայրում են բարձարստիճան ոստկանության աշխատակիցներ, ոստիկանության ուժեր՝  ՆԳՆ փոխնախարար, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում այս պահին մեծ թվով իրավապահներ են աշխատում, այդ թվում քննչական կոմիտեից:

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Ոստիկանության Նոր Նորքի շենքի մոտ վնասազերծել և բերման են ենթարկել նռնակով զինված տղամարդուն։

 

 

Պիտակ