Սեպտեմբեր 10, 2024 15:42 Asia/Tehran
  • Հնդկաստանի համար շատ կարևոր է Իրանի և Հայաստանի մասնակցությամբ երթուղու զարգացումը. Սարան

Հնդկաստանի համար չափազանց կարևոր է, որ զարգանա Իրանի և Հայաստանի մասնակցությամբ տրանսպորտային երթուղին, որը ՀՀ–ն կկապի Վրաստանի և Սև ծովի ավազանի հետ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Observer» հետազոտական հիմնադրամի (ORF) նախագահ Սամիր Սարանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանը, Իրանը և Հնդկաստանը ծրագրում են առևտրային երթուղի գործարկել իրանական «Չաբահար» նավահանգստի մասնակցությամբ, և երեք երկրների ներկայացուցիչների եռակողմ հանդիպում է նախատեսվում Իրանում։

«Նշված տրանսպորտային միջանցքը չափազանց կարևոր է, և դրա դերը միայն աճելու է», - ասաց Սարանը:

Նա Հարավային Կովկասի տարածաշրջանը համարում է Հյուսիսի և Հարավի, Արևմուտքի և Արևելքի երկրների կապի կարևոր օղակ: Այս առումով նա չբացառեց, որ Հայաստանը կարող է դառնալ հանգույց, որով կանցնեն մուլտիմոդալ տրանսպորտային երթուղիներ։

Փորձագետը նշեց, որ Երևանում բարձրացվող հարցերը արդիական են ոչ միայն Հայաստանի համար, այլև առնչվում են տարածաշրջանի երկրներին և դրանց հետ կապված պետություններին:

Հիշեցնենք, որ այդ երթուղով նախատեսվում է Պարսից ծոցի երկրներից ու Հնդկաստանից բեռնափոխադրումներ իրականացնել դեպի ԵՄ և ԵԱՏՄ։ Այսպես բեռները հնդկական «Մումբայ» նավահանգստից կարող են առաքվել «Չաբահար» նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային ճանապարհով` Հայաստան (կա՛մ ավտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղով), այնուհետև Վրաստան, այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ կամ Ռուսաստան (ծովային նավահանգիստների կամ Վերին Լարսի անցակետով)։

Հայաստանով անցնող ճանապարհը կարևոր է Իրանի և Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց ապրանքների մատակարարումները։

 

Պիտակ