Հոկտեմբեր 02, 2024 18:15 Asia/Tehran
  • Մեր քաղաքականությունը կոմպլեմենտար չէ, բալանսավորված է. 3+3 ձեւաչափին մասնակցությունը շատ ճիշտ որոշում էր. Փաշինյան

ՀՀ կառավարությունն իրականացնում է բալանսավորված արտաքին քաղաքականություն. Ես ինքս եմ ասել, որ Հայաստանի վարած քաղաքականությունը կոմպլեմենտար չի, բալանսավորված է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ 3+3 ձեւաչափին մեր մասնակցության հարցն էր որոշվում, եւ մենք որոշեցինք, որ պետք է մասնակցենք, այդ որոշումը լրջորեն քննադատվեց, բայց հիմա կարող եմ ասել, որ դա շատ ճիշտ որոշում էր: Դա մեր արտաքին քաղաքականության տարածաշրջանային հարթությունն է ընդգծում»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ Իրանի հետ մեր հարաբերությունները բնականոն են, քաղաքական որոշման արդյունք չեն. «Նույնը կարող ենք ասել Վրաստանի հետ հարաբերությունների մասին: Մեր քաղաքականություններն ուղղված են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն: Մենք մեր անկախության ընթացքում ինչքան արտաքին քաղաքականության բեռ կա, դրել ենք զինվորի ուսերին: Ինչ կա-չկա, ասել ենք՝ դե զինվորը: Այդպես չի լինում: Կոմպլեմենտարիզմն էլ եղել է անվտանգության մեր երաշխիքը: Անվտանգության մի երաշխիք կա, դա խաղաղությունն է, որ նորմալ հարաբերություն ունենաս քո  հարեւանների հետ: Շատ է խոսվում արտաքին երաշխավորությունների մասին: Ես ուղիղ ասեմ՝ գոնե էսքանից հետո մենք դրան չպետք է հավատանք: Մենք մեր անվտանգությունը պետք է երաշխավորենք, բայց ոչ միայն զինվորով ու բանակով, այլեւ մեր քաղաքականությամբ, տնտեսությամբ, մեր սոցիալ-հոգեբանությամբ, սադրանքներին տրվել-չտրվելու մեր մոտեցումներով»,- հայտարարեց Փաշինյանը:

 

Պիտակ