Պեկինում մեկնարկել է սպորտի ոլորտին նվիրված սեմինարը. մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը
Մարտի 20-ից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում ընթանում է զարգացող երկրների ներկայացուցիչների համար կազմակերպված սպորտի ոլորտին նվիրված սեմինարը։
Սեմինարի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստանում ծանոթանալ սպորտի զարգացման չինաստանյան փորձին, նոր կապեր հաստատել տարբեր մայրցամաքներից ժամանած գործընկերների հետ:
Սեմինարը կազմակերպվել էր Միջազգային բիզնեսի պաշտոնյաների ակադեմիայի (Academy for International Business Officials, AIBO) կողմից, որի կազմակերպած հասարակական-մշակութային միջոցառումների հաճախակի հյուրերն են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Այս սեմինարը ևս բացառություն չէր․ տարբեր մայրցամաքներից ժամանած 9 պատվիրակությունների թվում էր նաև Հայաստանը:
«AIBO-ն ծառայում է որպես Չինաստանի միջազգային մարդկային ռեսուրսների զարգացման համագործակցության ընդհանուր բազա։ 2024 թվականի ընթացքում AIBO-ն կազմակերպել է ավելի քան 2500 սեմինար և աշխատանքային հանդիպում, որին մասնակցել է շուրջ 75,000 մասնակից ավելի քան 160 երկրներից և 5 միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններից։ Պատվով կարող եմ ասել, որ AIBO-ն այժմ դարձել է զարգացման փորձի փոխանակման և փոխադարձ ուսուցման պատուհան, ինչպես նաև կամուրջ՝ Չինաստանի և այլ զարգացող երկրների միջև բարեկամության և գործնական համագործակցության ամրապնդման համար»,- բացման խոսքում ասել է ակադեմիայի փոխտնօրեն Մինգույան Ժենգը:
ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը միջոցառման բացման արարողության ընթացքում արտասահմանյան գործընկերներին ներկայացրեց հայկական սպորտի ձեռքբերումներն ու Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ընձեռած հնարավորությունները:
news.am