Զառանցանք. Ալիևի հեքիաթները «Արևմտյան Ադրբեջանի» մասին
(last modified Wed, 21 May 2025 15:10:01 GMT )
Մայիս 21, 2025 18:40 Asia/Tehran
  • Զառանցանք. Ալիևի հեքիաթները «Արևմտյան Ադրբեջանի» մասին

Անկարայում՝ այդ նպատակի համար «ամենահարմար» վայրում, ընթանում է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով միջազգային համաժողովը։ Համաժողովը միջազգային է համարվում պարզապես այն պատճառով, որ դրան մասնակցում են թուրքեր և ադրբեջանցիներ։

Ինչպես հաղորդում է ԱԶԵՐԹԱՋ-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել դրա մասնակիցներին։ Ծավալուն ուղերձում պնդում է արվում, որ «Արևմտյան Ադրբեջանում՝ Հայաստանի տարածքում, 1918-1921, 1948-1953 և 1987-1991 թվականներին իրականացվել է համակարգված և տոտալ էթնիկ զտում։ Այդպիսով, Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ Այս էթնիկ զտումը դարձել է հումանիտար մեծ ողբերգություն։ Միևնույն ժամանակ, այն ծառայել է այնպիսի նենգ աշխարհաքաղաքական նպատակի, ինչպիսին է Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև ցամաքային կապի խզումը՝ 1920 թվականին Արևմտյան Զանգեզուրն Ադրբեջանից խլելով և այն Հայաստանին հանձնելով»։

«Արևմտյան Ադրբեջանի հարցն արդեն ընդգրկված է միջազգային օրակարգում»,- կարծում է Ալիևը, իսկ «համայնքի» խաղաղ նախաձեռնությունները իբր «արժանի են հավանության և աջակցվում են համաշխարհային հանրության կողմից»։

Այնուհետև Ալիևը թվարկում է, թե իր կարծիքով ինչ «պետք է» անի Հայաստանը.

«Հայաստանը պետք է վերջ դնի հարևան պետությունների նկատմամբ իր տարածքային պահանջներին, քայլեր ձեռնարկի ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնման և պաշտպանության ուղղությամբ, այդ նպատակով թույլտվություն տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիթորինգային առաքելությանը և վերադարձի հարցով երկխոսություն սկսի Համայնքի հետ։ Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի այն հարցի շուրջ, թե երբ և ինչ պայմաններով արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց պապենական հողեր։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը այս հարցի կապակցությամբ կընդունի Համայնքի ներկայացուցիչներին»։

Ընդ որում, Ալիևն ընդգծում է, որ «արևմտյան ադրբեջանցիների վերադառնալու ցանկությունը չի նշանակում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների ներկայացում»։ Սակայն «այս հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից, քանի դեռ վերադարձը տեղի չի ունեցել։ Բնականաբար, հայրենի եզերք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին պետք է նաև անվտանգության երաշխիքներ տրամադրվեն»։

news.am